Սուրիկ Խաչատրյանը «հրապուրիչ» առաջա՞րկ է արել որդու դեմ ցուցմունք տված եղբայրներին. ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին «Սդղլի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով աղմկալի շրջադարձ է տեղի ունեցել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` տուժող կողմը ՀՀ քննչական կոմիտեում այլ ցուցմունք է տվել, ըստ որի` չի բացառվում, որ առաջիկայում մարզպետի որդուն ազատ կարձակեն: Դատելով ստեղծված իրավիճակից` ամենայն հավանականությամբ տուժող կողմը ասել է, որ մարզպետի տղան չի եղել հարվածողների մեջ:

Տուժողներ Մուշեղ և Հարություն Զաքարյանների հայրը՝ Գագիկ Զաքարյանը, լուրի հետքերով գնացած լրատվամիջոցներին հայտարարել է, թե վերջին շրջանում որդիները ցուցմունք չեն տվել, որևէ փոփոխություն նախնական ցուցմունքում չի արվել, իրենք շարունակում են բողոքել մարզպետի կալանավորված որդու դեմ: Իսկ ահա վերջինիս պաշտպան Արմեն Մելքոնյանը լուսավորել է, որ կա նոր ցուցմունք, ըստ որի՝ տուժող կողմը հայտնել է, թե իրեն Տիգրան Խաչատրյանը ծեծի չի ենթարկել: Ի դեպ, Ա. Մելքոնյանն իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդություն է ներկայացրել:

Armlur.am-ը փորձեց ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալ տուժողների շահերի պաշտպան Լևոն Սահակյանից, ով, հղում անելով նախաքննական գաղտնիությանը՝ հայտարարեց, թե այս պահին որևէ բան ասել չի կարող:

Armlur.am-ի այն դիտարկմանը, որ մյուս կողմի պաշտպանն արդեն իսկ հայտարարությամբ հանդես է եկել՝ Լևոն Սահակյանը պատասխանեց, որ այնուամենայնիվ որևէ բան ասել չի կարող:

Իհարկե, նախաքննական գաղտնիության մասին միայն փաստաբանները չէ, որ տեղյակ են, սակայն տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ գոնե իր վստահորդի շահերը պաշտպանելու և հակընդդեմ փաստ ներկայացնելու համար պաշտպանը որևէ մեկնաբանություն չտվեց:

Եվ ամենևին էլ պետք չէ պայծառատես լինել՝ հասկանալու համար՝ այս ամենի ավարտն ինչպիսին պետք է լինի: Արդյունքում Սուրիկ Խաչատրյանի որդին կրկին կհայտնվի ազատության մեջ և կվայելի իրեն ընձեռված ամենաթողությունը:

Իսկ թե ինչ միջոցներով մարզպետը սպասված արդյունքին կհասնի, դեռ վաղ է ասել. գուցե տուժող կողմին սպառնացե՞լ են կամ հետաքրքիր առաջարկով «հրապուրել»… Սպասենք զարգացումներին:




Լրահոս