WBO վարկածով աշխարհի չեմպիոն և արդեն Երևանի պատվավոր քաղաքացի Արթուր Աբրահամը չի պատրաստվում թերագնահատել նոր մրցակցին՝ Մարտին Մուրային: Նա հասկանում է, որ անգլիացին մեծ փորձ ունի և ցանկացած բացթողում կարող է որոշիչ դառնալ մենամարտի համար: «Արմենպրես»ի հետ ճեպազրույցում հայ բռնցքամարտիկն անդրադարձավ առաջիկա մրցակցին, մենամարտի ելքին և խոսեց ռինգից հեռանալու մասին:
-Արթուր, արդեն հայտնի է նոր մրցակիցդ, ի՞նչ գիտես նրա մասին:
-Այո, մրցակիցս հայտնի է, անգլիացի Մարտին Մուրայն է: Մուրայը շատ հմուտ մարզիկ է, ունի շատ մեծ փորձ, բազմաթիվ հաղթանակներ: Բայց պատրաստ եմ մենամարտելու ցանկացած մեկի հետ, քանի որ այդ մակարդակի բռնցքամարտիկներից յուրաքանչյուրն էլ ուժեղ է: Եթե հասել են այս մակարդակին, ուրեմն իրենցից ինչ որ բան ներկայացնում են: Երբեք չպետք է թերագնահատել մրցակցին, ինչը անում եմ ես՝ չեմ թերագնահատում մրցակցիս:
-Իսկ ի՞նչ կարծիքի է մարզիչդ՝ Ուլի Վեգները, նոր մրցակցիդ մասին:
-Վեգները հիմա չի կարողանում քայլել, քանի որ ոտքն են վիրահատել: Բայց արդեն մարզումային պլաններս է գծում, որ կարողանամ լավ մարզավիճակ ձեռք բերել և հաղթել Մուրային:
-Նախորդ մենամարտդ ցույց տվեց, որ կարող ես կրկին հաղթանակի հասնել նոկաուտով: Ի՞նչ սպասենք այս մենամարտից:
-Գիտեք, մենամարտից առաջ երբեք չեմ մտնում ռինգ նոկաուտի համար պայքարելու նպատակով: Ինձ համար կարևոր և առաջնային է հաղթանակը: Ամեն անգամ ռինգ եմ մտնում հաղթելու ցանկությամբ միայն: Եթե ինձ հաջողվում է նոկաուտի ենթարկել ինչ որ մրցակցի, ապա շատ ավելի լավ:
-Խոսեցիր հաղթանակի մասին՝ բայց արդեն 35 տարեկան ես, ռինգից հեռանալու մասին երբևէ մտածե՞լ ես:
-Ինձ կտեսնեք ևս երկու տարի, իսկ հետո ես կհեռանամ:
Վարվառա Հայրապետյան