ՍՊԱՍՈՒՄ Է ԱԶՆԱՎՈՒՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին շրջանում մարդիկ հաճախ իրար որեւէ բան ասելու համար բաց նամակներ են գրում: Այս անգամ լրագրող, հաղորդավար Ալեն Սիմոնյանն է բաց նամակ գրել, բայց ոչ թե ՀՀ նախագահին կամ Սերժ Թանկյանին, այլ Շարլ Ազնավուրին: Ահա թե ինչ է նա գրում. 
«Մեծարգո պարոն Ազնավուր,
Դուք մեր հայրենիքի, ազգի հպարտությունն եք ողջ աշխարհում: Բազմիցս ձեռք եք մեկնել եւ օգնել Հայաստանի ժողովրդին: Օգնել եք 88-ից սկսած` թե՛ ֆինանսապես եւ թե՛ Հայաստանի շահերը պաշտպանելով, ներկայացնելով ողջ աշխարհում: Հիմա ես` ՀՀ քաղաքացիս, գլուխ եմ խոնարհում Ձեր առջեւ եւ ասում եմ` բավական է: Բավական է օգնել Հայաստանին, պետք է անկախությունից 2 տասնամյակ անց ունենանք Հայաստան, որն օգնության կարիք չունի…
Ապրիլի 9-ին հայաստանցիների մեծ մասը լինելու է Հանրապետության հրապարակում, սպասելու են Ձեզ եւ իրենց մյուս զավակներին, եղբայրներին եւ քույրերին: Որտեղ երդվելու է ժողովրդի կողմից ընտրված նախագահը: Հրավիրում եմ Ձեզ` գալ եւ կանգնել այդ օրը հարյուր հազարավոր Ձեր հայրենակիցների կողքին, գալ եւ ուղղակի լինել այնտեղ, որտեղ Ձեր ժողովուրդն է: Ես հավատում եմ, որ Դուք կգաք, եւ սպասելու եմ Ձեզ Հանրապետության հրապարակում ապրիլի 9-ին: Լավագույն մաղթանքներով՝ ՀՀ քաղաքացի Ալեն Սիմոնյան»:




Լրահոս