ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:
Տիկին Զոհրաբյանը նշել է, որ դեսպանն իր առաքելությունը ստանձնել է Հայաստանի համար կարեւոր փուլում. ԵՄ-ն հաստատել է Հայաստանի հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցություններ սկսելու մանդատը: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ այս փուլում ՀՀ-ում ԵՄ դեսպանության առաքելությունն առավել առանցքային է դառնում: Տիկին Զոհրաբյանը հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ բանակցությունները երկարատեւ ընթացք չեն ունենա, քանի որ նոր պայմանագրի քաղաքական բաղադրիչը կարելի է համարել բանակցված. այն հիմնականում արտացոլելու է ՀՀ-ԵՄ նախկին ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը: Անդրադառնալով փաստաթղթի տնտեսական բաղադրիչին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այն, իհարկե, չի լինի այնքան ամբիցիոզ, որքան Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրն էր, սակայն հաշվի առնելով, որ Հայաստանի ներդրումների 50 տոկոսն իրականացնում է Եվրամիությունը եւ ԵՄ-ն Ռուսաստանի հետ ՀՀ երկու խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերներն են, հետեւաբար կունենա նաեւ լուրջ տնտեսական բաղադրիչ:
Պյոտր Սվիտալսկին եւս կարեւորել է իր նշանակումը նման պատասխանատու փուլում՝ նշելով որ կանի առավելագույնը, որ Հայաստանը կարողանա համաձայնագրում արձանագրված ոլորտներում հասնելու իրական, այլ ոչ թե իմիտացիոն առաջընթացի:
Կողմերը քննարկել են նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: