Թաղապետարաններն աղբի համար հավաքագրված գումարները փոխանցում են իրենց ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաք Երեւանում աղբահանության խնդիրը դեռ շարունակում է հրատապ մնալ:
Ինչպես հայտնի է՝ լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը աղբահանության եւ սանմաքրման գործառույթներ է սկսել իրականացնել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: Նշենք, որ այս ընկերությունը աղբահանության եւ սանմաքրման գործառույթներ սկսել է իրականացրել դեռեւս 2014 թվականի դեկտեմբերի 1-ից` Կենտրոն վարչական շրջանից:

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած բազմաթիվ քաղաքացիների հետաքրքիր է՝ այդ ինչպես է ստացվում, որ Երեւան քաղաքի աղբահանությունն իրականացնում է «Սանիթեք» ընկերությունը, սակայն աղբի համար նախատեսված գումարները հավաքագրում են համատիրությունները:
Քաղաքացիների հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի կոմունալ վարչության պետի տեղակալ Արարատ Ավետիսյանին, ով ասաց. «Համատիրությունների աշխատակիցները ընդամենը հավաքագրում են այդ գումարները եւ փոխանցում մի հաշվեհամարի, որից էլ ֆինանսավորվում է հենց «Սանիթեք»-ը: Ի դեպ, բնակիչները կարող են այդ հաշվեհամարը վերցնել եւ ինքնուրույն բանկի միջոցով մուծումները կատարել»: Թաղապետարանի ներկայացուցիչը փոխանցեց նաեւ, որ գումարը չի ավելացել եւ մնացել է նույնը՝ ամսական 200 դրամ:

«Սանիթեք»-ից «Ժողովուրդ»-ին նույնպես հաստատեցին, որ թաղապետարանները աղբի համար հավաքագրված գումարները փոխանցում է իրենց ընկերությանը: «Կարգը չի փոխվել, միայն աղբահանությունը մենք ենք իրականացնում, եւ քաղաքապետարանը մեզ դրա համար վճարում է»,- հայտնեցին ընկերությունից եւ ընդգծեցին, որ ամեն օր աղբահանություն է կատարվում:

Վերջում նշենք, որ թեեւ աղբահանությամբ զբաղվող ընկերությունից վստահեցնում են, որ շուրջօրյա աղբահանություն է կատարվում, այնուամենայնիվ, նկատելի է, որ ոչ ժամանակին կատարված աղբահանության, աղբատար խողովակները չմաքրելու եւ դեզինֆեկցիա չկատարելու պատճառով բարձրահարկ եւ բազմաբնակարան շենքերում հակասանիտարական վիճակ է ստեղծվում, որն էլ ազդում է բնակիչների առողջության վրա եւ նպաստում կրծողների բազմացմանը: Եւ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքի մուտք մտնելիս կարող ես հայտնվել ե՛ւ աղբակույտերի, ե՛ւ սատկած առնետների՝ «անուշաբույրով» ողողված միջավայրում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս