Հոկտեմբերի 25-ին՝ ուշ երեկոյան, «Մետաքս Գոլդ»-ի մոտ տեղի ունեցած կրակոցները տարաբնույթ հրապարակումների առիթ դարձան: Նախ լուրեր շրջանառվեցին, թե բախումը տեղի է ունեցել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մերձավորների եւ մի քանի այլ երիտասարդի միջեւ, որոնք էլ իրենց հերթին քրեական հեղինակություն համարվող Մետաքսի Պելեի մտերիմներն են:
Ապա խոսվեց այն մասին, որ միջադեպի կիզակետում հայտնված 4 երիտասարդներն իրենց «թայֆայով» մշտապես բախման մեջ են եղել Մետաքսի Մայիսի եղբորորդի Դավիթի, նրա փեսա Մետաքսի Պելեի շրջապատի հետ: Նշենք, որ բոլոր տեղեկությունները հրամցվում էին իբրեւ վերջին աստիճանի հավաստիություն ունեցող փաստ:
ArmLur.am-ի՝ նախօրեի հրապարակումից հետո էլ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը հերքում հրապարակեց, թե ներկայացված դրվագներն իրականությանը չեն համապատասխանում: Ուստի ամենեւին կասկածի տակ չդնելով մեր աղբյուրներից ստացված տեղեկությունները եւ հետեւողական լինելով, դեպքի մանրամասներն ու հանգամանքները հանրությանը ներկայացնելու նպատակով ArmLur.am-ը այցելեց դեպքի վայր՝ Մետաքս թաղամաս: Հայտնենք, որ դեպքն իրականում տեղի է ունեցել ոչ թե «Մետաքս Գոլդ»-ի, այլ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում: Հարակից տարածքում ապրող բնակիչները ArmLur.am-ի հետ զրույցում նախ զարմանք հայտնեցին, որ հիշատակված երիտասարդները նման պատմության մեջ են հայտնվել, ապա վստահեցրին, որ նախկինում նրանց մասնակցությամբ դեպքի մասին ոչինչ չեն լսել:
Մետաքսի բնակիչ Ռուբենի խոսքով՝ ինքը թաղամասում կատարվող իրադարձություններին լավատեղյակ է, եւ իր համար անհասկանալի է՝ ինչպես կարող էր Վլադիմիր Գեւորգյանը նման պատմության մեջ ընկնել. «Մեկը ես շատ զարմացած եմ: Էստեղ եթե մետաքսցիների ձեռքով ինչ-որ բան լիներ, ես կիմանայի: Բայց ոչ մեկ չի հասկանում՝ ինչ հաշիվ ա»,- շարունակեց մեր զրուցակիցը: Մետաքսի մեկ այլ բնակիչ Արտակը ասաց. «Չգիտեմ՝ ինչ է կատարվում, բայց զարմանալին այն է, որ դեպքից հետո մասկաներով մարդիկ են գալիս ու բնակիչների են տանում: Դե, երեւի հարցաքննության, բանի… նախկինում մեզ մոտ նման բան չի եղել: Չենք հասկանում՝ ինչ է կատարվում»:
ArmLur.am-ին հաջողվեց հանդիպել նաեւ իրադարձության կիզակետում հայտնված Մայիսի հետ, ով մեզ դիմավորեց բավականին վրդովված, սակայն որոշ մանրամասներ հայտնեց: Այսպես, նրա փոխանցմամբ՝ լրատվամիջոցներում ներկայացված տեղեկությունները իրականության հետ որեւէ աղերս չունեն: «Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք սուտ-սուտ բաներ հրապարակում: Նախ՝ ես քրեական հեղինակություն չեմ, քրեական անցյալ չեմ ունեցել: Երկրորդ՝ հոկտեմբերի 25-ին «Մետաքսի» մոտ տեղի ունեցած կրակոցներից տուժած Վլադիմիր Գեւորգյանը իմ դստեր ամուսինն է, փեսան: Մյուս երեք տղաները նրա ընկերներն են»,- հայտնեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ կրակոցներից տուժած Վլադիմիր Գեւորգյանը երկվորյակ եղբայր չունի, աշխատում է «Տոտո»-ում՝ այնտեղ, որտեղ եղել է դեպքը:
Իսկ Վահագն Գեւորգյանը, ով ամենաշատն է տուժել, աշխատում է «Մետաքս Գոլդում». «Հիմա Դուք ո՞նց եք պատկերացնում՝ իմ եղբոր տղան եւ եղբոր փեսան իրար դեմ դուրս գան: Սուտ բաներ են, նույնիսկ ծիծաղելու: Գրում են՝ երկու կողմեր, իրար դեմ դուրս եկան, չգիտեմ՝ ինչեր: Ոչ մի երկու կողմ էլ չկա: Բոլորը մտերիմներ են: Պելեն էլ քրեական հեղինակություն չէ, եղբորս աղջկա ամուսինն է: Իսկ Դավիթը՝ եղբորս տղան՝ Պելեի աներձագը: Նրանք բոլորը իմ բարեկամներն են»,- շարունակեց Մայիս Շանոյանը: Վերջինս մեզ տեղեկացրեց նաեւ, որ մյուս երկու տուժողները՝ Արման Ավագյանն ու Արման Սրապիոնյանը, պատահական են հայտնվել այնտեղ:
Անդրադառնալով տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի առնչությանը միջադեպին՝ Մայիս Շանոյանը նշեց. «Անուններ տալիս պետք է զգույշ լինել: Ի՞նչ կապ ունեն Գագիկ Բեգլարյանը, Պելեն, Դավիթը… Գագիկ Բեգլարյանն իմ մանկության ընկերն է, եւ ես Ձեզ վստահեցնում եմ՝ Մետաքսում թշնամիներ չկան: Բոլորը կա՛մ իրար բարեկամ են, կա՛մ մանկության ընկերներ: Հիմա սպասում եմ իրավապահների քննության արդյունքներին: Ոչ մի վարկած, կասկած չունենք՝ ով կարար կրակեր փեսայիս վրա»:
Վերջում հիշեցնենք, որ վարույթն իրականացնող մարմինը պաշտոնապես հայտնեց, թե քննությամբ պարզվել է նշված բուքմեյքերական գրասենյակ զինված մուտք գործած անձանցից 2-ի ինքնությունը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հոկտեմբերի 28-ին որոշում է կայացրել՝ 2 անձի ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու եւ հետախուզում հայտարարելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց իրական շրջանակը, ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նշենք նաև ArmLur.am-ը հղում անելով իր աղբյուրներին՝ հայտնել է, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով հետախուզման մեջ են գտնվում Կաբել Արթուրի երկու որդիները:
Տաթեվ Հարությունյան