Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ 30-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
2015թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 01:00-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի, որովայնի, ստորին վերջույթների և դեմքի կտրած-ծակած բազմաթիվ վերքերով (թվով 20) Սիլիկյան 2-րդ շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել մոտ 30 տարեկան տղամարդ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, և 30-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 38-ամյա բնակիչ Հ.Բաղդասրյանը, ով ցուցմունք է տվել տեղի ունեցածի վերաբերյալ։
Ըստ նախնական քննության տվյալների՝ վերջինս 30-ամյա տղամարդուն դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել է իր տանը:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: