Ինչպես հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը, Սինայի թերակղզում «Կոգալիմավիա» ավիաընկերության А321 ինքնաթիռի վթարի վայր ժամանած փորձագետները պարզել են, որ ինքնաթիռն օդում մասերի է բաժանվել, որի մասին վկայում են հսկայական տարածքի վրա ցրված բեկորները:
Փորձագետները կարծում են, որ А321-ի վթարի պատճառ կարող է լինել ինքնաթիռի սալոնի պայթուցիկ ապահերմետիկացումը: Փորձագետների խոսքով՝ հետաքննությունը կարող է երկարաձգվել:
Փորձագետները չեն բացառում նաև բեռնախցիկում ոչ մեծ պայթյունը: Այն կարող էր հանգեցնել պայթուցիկ ապահերմետիկացման ճնշման կտրուկ անկման դեպքում: Նման դեպք է տեղի ոնեցել նաև 1988թ. շոտլանդական Լոկերբի քաղաքի երկնքում: Այն ժամանակ փորձագետները 3 տարի չեն կարողացել պարզել, թե ինչն է դարձել Pan American ավիաընկերության Boeing 747-ի վթարի պատճառը:
Փորձագետները ևս մեկ պատճառ են նշում` ճաքերը: Ինչպես պարզվել է, 2001-ին, երբ ինքնաթիռը դեռևս չէր պատկանում «Կոգալիմավիա» ավիաընկերությանը, Կահիրեում վայրէջքի ժամանակ պոչային հատվածով բախվել էր օդանավակայանի գծային հատվածին: Թերությունները շտկվել էին, սակայն բացառված չէ, որ վերանորոգման ժամանակ ինչ-որ սխալ են թույլ տվել:
Եվս մեկ պատճառ կարող է լինել շարժիչի խափանումը:
Հնարավոր է, որ վթարի պատճառները փորձագետներին հուշեն անձնակազմի անդամների բանակցությունները, եթե, իհարկե, վերջիններս հասկացել են և քննարկել ինքնաթիռի կործանման պատճառները: Վերջնական հետաքննության համար անհրաժեշտ կլինի հավաքել բոլոր բեկորներն ու ստեղծել կործանված ինքնաթիռի ուրվագիծը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան