ՉԻ ՋԵՌՈՒՑՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վանաձորի կերպարվեստի թանգարանը հիմնադրվել է 1974թ. որպես Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ: 1979թ. վերակազմավորվել է եւ ստացել կերպարվեստի թանգարանի անկախ կարգավիճակ` Կիրովականի գործկոմի, իսկ այժմ` Վանաձորի համայնքի ենթակայության տակ: Կերպարվեստի թանգարանը Լոռու մարզի մշակութային կարեւորագույն օջախներից մեկն է: Գեղանկարիչ Փափագ Ալոյանն արդեն 12 տարի է, ինչ թանգարանի տնօրենն է: Նրա խոսքով՝ երկրաշարժից հետո թանգարանը բավական անմխիթար վիճակում էր, բայց քաղաքի ղեկավարության եւ աշխատակիցների ջանքերով շատ հարցեր լուծվել են. «Թանգարանի տեղն իմացան ոչ միայն քաղաքում եւ մարզում, այլեւ ամբողջ հանրապետությունում եւ հանրապետությունից դուրս: Բավական է նշեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մի քանի անգամ հրավիրվել ենք միջազգային գիտաժողովների, որտեղ ոչ միայն լսել ենք Մոսկվայի, Լենինգրադի եւ այլ հայտնի թանգարանների փորձի մասին, այլեւ մեր փորձն ենք փոխանցել հատկապես էքսկուրսիաների վարման առումով. մեր էքսկուրսիաները ոչ միայն արվեստի դասեր են, այլեւ գրականության, երաժշտության, պատմության… Օրինակ` Ավետիք Իսահակյանի քանդակի մոտ խոսվում է ոչ միայն տվյալ քանդակի եւ արվեստագետի, այլեւ բանաստեղծի կյանքի, գործունեության եւ ստեղծագործությունների մասին: Եվ պատահական չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրավեր ստացանք, ու մեր մեթոդը կիրառվեց շատ երկրների թանգարաններում: Մեզ մոտ լինում են շատ միջոցառումներ, ցուցահանդեսներ, պրակտիկաներ, եւ ցուցահանդեսների բացման ժամանակ 300-ից ավելի մարդ է գալիս: Կարեւոր խնդիր է երիտասարդությանը, մտավորականությանը եւ արվեստը միմյանց կապելը»:
Խոսելով թանգարանի խնդիրների մասին՝ Փ. Ալոյանը հավելեց. «Թանգարանը չունի համապատասխան ֆինանսավորում` նկարների էքսպոզիցիան նոր աշխատանքներով հարստացնելու համար: Բայց վերջին 10 տարում նվիրատվություններ են եղել. յուրաքանչյուր նկարիչ, որը ցուցահանդես է անցկացնում մեզ մոտ, վերջում իր նկարներից մեկը նվիրատվություն է անում թանգարանին, եւ այս կերպ ավելանում է աշխատանքների քանակը: Քանի որ համայնքային ենթակայության տակ ենք, համայնքի հնարավորությունները մեծ չեն, եւ թանգարանը լուրջ խնդրի առաջ է: Եկող տարի լրանում է շենքի 40 տարին, եւ մենք կապիտալ վերանորոգման կարիք ունենք: Խնդրի մասին տեղյակ են «վերեւներում», եւ հույս ունենք, որ մեզ կօգնեն»: Փ. Ալոյանը չի բողոքում այցելուների թվից, բայց ձմռանը շատ քիչ են հաճախում, որովհետեւ սրահները չեն ջեռուցվում: Զրույցի վերջում թանգարանի տնօրենն ավելացրեց. «Թանգարանը հարուստ հավաքածու ունի, եւ հյուրերի համար նախատեսված գրանցամատյանում, հուշամատյանում կարող եք գտնել հիացմունքի եւ գովեստի բազում խոսքեր»:
ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս