Նա երկու ժամ էր վարել. չէր կարող քնել ղեկին. Տուլայում մահաբեր ավտովթարի պատճառ դարձած վարորդի եղբայր. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տուլայում ավտովթարի ողբերգության պատճառ դարձած վարորդը՝ Գառնիկ Հարությունյանը, Արամուս համայնքից է: Նա ծանր վնասվածքներ չի ստացել։ Նրա ընտանիքն էլ այս օրերին, շունչը պահած, սպասում է որեւէ նորության: Մեզ հետ զրույցում ասում էին, որ ինչ գիտեն, հեռուստատեսությունից է։ Նրա եղբայրը՝ Հարություն Հարությունյանը, ասաց․ «Իր հետ չենք կարողանում կապ հաստատել, ոչ էլ ընկերությունից կամ որեւէ տեղից են զանգել մեզ՝ մանրամասներ ասել։ Սպասում ենք: Գոնե եթե թույլ տային ինքը զանգեր, կամ մեզ մի խաբար ասեին… տեսնենք, եթե նորություն չեղավ, երեւի պետք է գնանք»:

Նա չի հավատում վարկածներին, որ Գառնիկ Հարությունյանը հնարավոր է ղեկին քնած լիներ, քանի որ ընդամենը 2 ժամ էր, ինչ ճանապարհ էին ընկել: «Մանկուց մեքենա է վարում, նորմալ, ուշադիր վարորդ է, չգիտեմ՝ քննությունը կպարզի, թե ինչ է եղել, բոլորս շիվար ենք, ինքը մարդկանց կյանքի հետ խաղացող չէր»,-ասաց Հարությունը: Ի դեպ, ռուսական մամուլը տեղեկացնում է նաեւ, որ Գառնիկ Հարությունյանն այս տարի մեկ անգամ տուգանքի է ենթարկվել անսարք մեքենա վարելու համար. Հարություն Հարությունյանը նշեց, որ իրենք էլ են առաջին անգամ այդ մասին հեռուստատեսությամբ լսել. «Դե, տուգանք է՝ ճանապարհային երթեւեկության տուգանք կարող է գրված լինի, ես չեմ կարող ասել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս