Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը նոյեմբերի 14-ին կտոնի հիմնադրման 80-ամյակը: Այն հասցրել է մասնակցել մի շարք միջազգային փառատոնների, աչքի ընկնել ոչ միայն տիկնիկային, այլեւ երաժշտական, դրամատիկ, բալետային ներկայացումներով եւ մնջախաղով: Այս տարի արդեն թատրոնը մասնակցել է 10 միջազգային փառատոնի: «Ժողովուրդ»-ը թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ զրուցել է թատրոնի ձեռքբերումների ու կարիքների մասին, պարզել, թե ինչպես են պատրաստվում նշել հոբելյանը:
-Պարո՛ն Բաբայան, այս 80 տարիների ամենամեծ նվաճումը ո՞րն եք համարում:
-Այն, որ մեր թատրոնը միշտ մնաց երիտասարդ, կենդանի եւ պահանջվող. սա ամենակարեւորն է: Տարբեր ժամանակներում դա տարբեր կերպ է դրսեւորվել, օրինակ` շատ կարեւոր էր, որ պատերազմի տարիներին` իննսունական թվականներին, մեր թատրոնի դռները չփակվեցին: Մենք կարողացանք հետաքրքրել ոչ միայն երեխաներին, այլեւ մեծահասակներին: Թատրոնի երիտասարդները շատ ակտիվ են աշխատում. դա ինձ ուրախացնում է. հասկանում եմ, որ մեր վաղվա օրն ապահովված է: Այսօր մենք փորձում ենք լինել նաեւ մշակութային կենտրոն. անցկացնում ենք բազմաթիվ փառատոններ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, հաճախ ենք մասնակցում միջազգային փառատոնների, շատ ենք արժեւորում նաեւ մարզերում, սահմանամերձ համայնքներում մեր ելույթները: Մի բան հստակ է` թատրոնը չպետք է լինի թանգարան, քարացած մի բան. այն պետք է կարողանա քայլել իր ժամանակի հետ: Մենք հենց դրան ենք ձգտում:
-Այսօր Ձեր թատրոնի համար դեռեւս չլուծված խնդիրներ կա՞ն:
-Որքան շատ հարցեր են լուծվում, այնքան նոր հարցեր են ի հայտ գալիս: Ես կարծում եմ, որ Հայաստանում հաշվի չի առնվում թատերական գործունեության բնույթը. թատրոնն օրենսդրական նույն դաշտում է, ինչ երշիկի արտադրամասը: Հաշվի չի առնվում, որ թատրոնի ներկայացրած ապրանքն էքսքլյուզիվ է, ստեղծագործական բնույթի, ուստի դրա հանդեպ պետք է լինի առանձնահատուկ վերաբերմունք: Խոսքս վերաբերում է Հայաստանի բոլոր թատրոններին: Ես, իհարկե, կողմ չեմ արտոնություններին, քանի որ երբ դրանք տրվում են, դու արագ փչանում ես:
-Իսկ կոնկրետ Ձեր թատրոնն այս պահին ինչի՞ կարիք ունի:
-Համապատասխան տեխնիկայի: Այսօր թատրոններն իրենց տեխնիկական հնարավորությունների առումով օրեցօր զարգանում են, իսկ մեր թատրոնը, համեմատած աշխարհի թատրոնների հետ, դեռ շատ խնդիրներ պետք է լուծի: Հարկավոր է ապահովել նաեւ որոշակի հարմարություններ հանդիսականի համար. դահլիճի աթոռները 15 տարի է` չեն փոխվել, հատակի ծածկույթը` եւս: Բացի այդ` մթնոլորտը պետք է հանդիսատեսի համար տրամադրող լինի: Քանի որ թատրոնը ոչ մերն է, ոչ էլ մշակույթի նախարարությանը. այն բոլորինն է: Իսկ եթե հարցին մոտնենաք պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, ապա պետք է նկատենք, որ որակի խնդիրը մշտապես առկա է, քանի որ ժամանակը մշտապես նոր պահանջներ է ներկայացնում այդ առումով: Լավ մասնագետներն էլ իրենց հերթին լավ վարձատրություն են պահանջում. նրանց պետք է գտնել եւ պահել:
-Իսկ թատրոնի հիմնադրման 80-ամյա հոբելյանը ինչպե՞ս եք պատրաստվում տոնել: Հատուկ կերպով այն կնշանավորե՞ք:
-Մենք մեր հոբելյանը նշելու համար բյուջետային գումարներից ոչ մի դրամ չենք ծախսելու. կնշենք սեփական միջոցներով, կլինենք ուրախ, ոչ պաշտոնական: Հատուկ ելույթներ չեն լինի, բայց բարեմաղթանքներ հաճույքով կլսենք: Իսկ բյուջեի գումարները ավելի լավ է ծախսվեն նոր բեմադրություններ անելու, թատրոնին անհրաժեշտ տեխնիկան ձեռք բերելու, փառատոններին մասնակցելու համար:
-Իսկ կա՞ մի բան, որ հաճույքով կիրականացնեիք, սակայն սուղ պայմաններից ելնելով չի ստացվում:
-Ո՛չ: Հիշեցի իմ սիրած հեքիաթներից մեկը, որը նաեւ բեմադրել ենք` Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»-ը: Եթե մարդ ստեղծագործելու ցանկություն ունի, սիրում է տոն ստեղծել, նա ամենասուղ պայմաններում էլ դա կանի: Իսկ եթե մարդ պահանջում է համապատասխան միջոցներ` դա անելու համար, կասկածելի է: Լավ է, երբ անում ես որեւէ հետաքրքիր բան, դա նկատվում է եւ ֆինանսավորվում, սակայն չի լինի ձեռքերը ծալած սպասել ու ասել` երբ ստանամ միջոցներ, այդ ժամանակ էլ ինչ-որ բան կանեմ: Դու պետք է ցույց տաս, որ հետաքրքրիր ես… Մի խոսքով, քեֆ անողին քեֆ չի պակսիլ (ծիծաղում է):
Աննա Բաբաջանյան