ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆՄՈՌՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, նկարչուհի Լիդիա Գրիգորյանը, ով երկար տարիներ է` աշխատում է նաեւ որպես տատու-նկարիչ, այն կարծիքին է, որ եթե խորհրդային տարիներին դաջվածք անողներն ասոցացվում էին հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ, ապա այսօր այդ կարծրատիպերը կոտրվել են, տարածում են գտել ինդիվիդուալ դաջվածքները: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է այսօր տարածված միտումների, տարօրինակ թվացող պատվերների մասին: Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհին անդրադարձել է նաեւ իր թատերական գործունեությանը եւ այլ թեմաների:

-Լիդիա, շուրջ տասը տարի է` աշխատում եք որպես տատու-նկարիչ. ժամանակին տատուներն ընդամենը խորհրդանշական սիմվոլներ էին, այսօր արդեն դրանք կարող են արվեստի մասնիկ լինել: Ե՞րբ է տատուն դադարում սովորական պատկեր լինելուց եւ նշանակում ավելին: Այսօրվա եւ տարիներ առաջվա այցելուների պահանջները որքանո՞վ են փոխվել:
-Այսօր արդեն տարածում են գտել ինդիվիդուալ, ոչ ստանդարտ դաջվածքները: Ժամանակին շատ էին դաջում հիերոգլիֆներ ու ինչ-որ գրվածքներ, իսկ հիմա տարածված են անհասկանալի թվացող տատուները, որոնք կարող են ինչ-որ հատուկ բացատրություն չունենալ, բայց լինեն հետաքրքիր, արժեքավոր: Եթե խորհրդային տարիներին դաջվածք անողներն ասոցացվում էին հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ, ապա այսօր այդ կարծրատիպերը կոտրվել են: Բացի այդ` այսօր, ի տարբերություն տարիներ առաջ տիրող իրավիճակի, աղջիկներն այլեւս չեն թաքցնում իրենց դաջվածքները:
Մեր այցելուները երբեմն ցանկություն են հայտնում դաջել իրենց մարմնի վրա սիրելիի անունը: Մենք այդ դեպքում խորհուրդ ենք տալիս երկար մտածել, քանի որ փորձը ցույց է տվել` նրանք հետագայում փոշմանում են եւ ուզում են ջնջել այն: Բացի այդ՝ ասում են` սիրելիի անունը չի կարելի դաջել մարմնի վրա. դա հանգեցնում է բաժանության:
-Արեւմուտքում շոու-բիզնեսի ներկայացուցիչների զգալի մասը տատու ունի. մեզ մոտ իրավիճակն ինչպիսի՞ն է:
-Մեր շոուբիզնեսցիների շրջանում էլ կա դաջվածք անելու միտում: Նրանք դա ավելի շատ անում են ոչ թե բեմում երեւալու, այլ հենց իրենց, աձնական նպատակների համար:
-Իսկ Ձեր այցելուները երբեմն տարօրինակ պատվերներ չե՞ն տալիս: Կարո՞ղ եք հիշել մի քանիսը:
-Նման դեպքերը շատ են. ամեն մարդ իր աշխարհայացքն ու մտածելակերպն ունի: Կոնկրետ ինձ համար զարմանալի չի եղել, բայց կողքիններս երբեմն զարմացել են, երբ ամերիկահայ աստղի տղա ֆաներից մեկը մեզ պատվիրել է իր մարմնի վրա դաջել Քիմ Քարդաշյանի պատկերը, կամ երբ հատկապես սփյուռքահայերը ցանկացել են ունենալ անմոռուկով դաջվածք:
-Դիզայներ-նկարչուհին, ով նաեւ երաժշտական կրթություն ունի, բեմ է բարձրանում, խաղում ներկայացումներում, ստեղծագործական առումով Դուք չեք «անջատվում». այդպես դժվար չէ՞:
-Նկարչական դպրոցում ինձ սովորեցրել են մտածել. այդ հատկությունը շատ է օգնում ինձ դերասանուհու աշխատանքում: Իմ մասնագիտությունները չեն կարող լինել առաջնային եւ երկրորդական. դրանք լրացնում են միմյանց: Բնականաբար, ես շատ կցանկանայի համապատասխան աշխատավարձի դեպքում լիարժեք կերպով զբաղվել մեկ գործով, ներկա պահին` դերասանությամբ, սակայն մեր երկրում նման բան հնարավոր չէ:
-Լիդիա, շատ դերասանուհիներ պարզապես երազում են Ջուլիետի դերի մասին, իսկ Դուք արդեն հասցրել եք այն խաղել: Կա՞ մի կերպար, որ ցանկալի է, սակայն դեռեւս անհասանելի:
-Ասեմ, որ հատուկ չեմ ցանկացել Ջուլիետ խաղալ. այդպես ստացվել է, թեեւ դա անիրական էր թվում: Իսկ, առհասարակ, բոլոր կերպարներն ինձ համար հետաքրքիր են. կապ չունի` դրանք կերտելիս երկու րոպեով, թե երկու ժամով եմ հայտնվում բեմում:
-Ձեր ամուսնու` դերասան, նկարիչ Գագիկ Մկրտչյանի հետ աշխատում եք նույն թատրոնում, նույն տատու-սրահում. անընդմեջ իրար հետ աշխատելը երբեմն հոգնեցուցիչ չէ՞:
-Չի եղել այնպես, որ այդ հանգամանքը խոչընդոտի մեր հարաբերություններին. ընդհակառակը, այդ կերպ մենք լրացնում ենք իրար: Օրինակ` ես առանց Գագիկի ինձ լիարժեք չեմ զգում, ես կդժվարանայի աշխատել մի տեղ, որտեղ ամուսինս չկա. նա ուժ է տալիս ինձ…

 

 

 
«ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ԶԵՆՔ ԲՌՆԵԼՆ ԷՐ»

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ նոյեմբերից «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Սահմանին» նոր բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը, որը կպատմի սահմանին տիրող իրավիճակի մասին: Հայտնի է, որ ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը Ռոզի Ավետիսովան է: Նա մեզ հետ զրույցում պատմել է այն դժվարությունների մասին, որոնք ստիպված է եղել հաղթահարել նկարահանումների ընթացքում:

Ռոզին խաղում է հատուկ ջոկատի ծառայող, կին դիպուկահարի դեր: Նրա խոսքով` այն, ինչ իրեն առաջարկվել է, ի սկզբանե անսովոր էր` նախագիծը, դրա մասշտաբները, պահանջվող ջանքերը: «Ֆիլմի նկարահանումները մեծ մասամբ քաղաքից դուրս են տեղի ունենում` անտառներում, սարերում, ուստի «բազմոցային» հերոսուհիների մարմնավորելուց հետո ստիպված ես որոշ բարդությունների առաջ կանգնել: Ինքս սպորտային մարդ չեմ, դերն էլ որոշակի ֆիզիկական պատրաստվածություն էր պահանջում, որի համար ես ժամանակ չունեի, քանի որ նկարահանումները հանկարծակի կերպով սկսվեցին, սակայն բոլոր խոչընդոտները դեռեւս հաղթահարելի են: Ամենադժվարը, թերեւս, զենք բռնելն էր. սկզբում ինձ թվում էր, թե չեմ կարողանա տանել այդ ծանրությունը, չի ստացվի զենքով վազել, սակայն կամաց-կամաց սովորեցի»,-ասաց Ռոզին:
Մեր այն հարցին, թե արդյոք իր կերպարը նախատիպ ունի, դերասանուհին պատասխանեց. «Այդ նախատիպը գուցե կա, գուցե եւ ոչ, մենք շատ կին դիպուկահարներ ունենք… Գուցե իրականում Լիլիթը գոյություն ունի: Մեր կերպարները որքանով հորինված են, այդքան էլ իրական են»:
Ռոզիի հետ զրույցում չշրջանցեցինք նաեւ նրա անձնական կյանքի թեման: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ռոզին չեղյալ էր հայտարարել իր նշանադրությունը:
«Անձնական կյանքում հիմա խաղաղ շրջան է, կյանքի այս փուլում շատ տարված եմ աշխատանքով, իսկ անձնականս, կարելի է ասել, «քնած» վիճակում է»,-ասաց նա:
Դերասանուհին բոլորին խորհուրդ է տալիս` ինչ էլ պատահի, կողակցին ընտրելու հարցում առաջնորդվել միայն սրտի թելադրանքով. «Ու սխալվելու դեպքում անգամ, եթե դա քո ընտրությունն է, ափսոսանքդ այդքան մեծ չէ»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Փասադենայի մարդկային հարաբերությունների հանձնաժողովն իր ամենամյա 17-րդ «Խաղաղություն երաժշտության միջոցով» համերգը կնվիրի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին: Այս մասին հաղորդում է MassisPost-ը: Նոյեմբերի 7-ին կայանալիք համերգին կմասնակցեն տարբեր արտիստներ, ովքեր իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Բոլորը պետք է այցելեն այս կարեւոր համերգին: Սա հնարավորություն է բոլորի համար միավորվելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի առաջ եւ աջակցելու բոլոր ժողովուրդների խաղաղությանը, ներդաշնակությանը, միությանը, մարդու իրավունքներին: Թող Աստված օրհնի Հայոց ցեղասպանության՝ դրախտում գտնվող զոհերի hոգիները»,- նշել է միջոցառման կազմակերպիչ եւ հանձնաժողովի ղեկավար Նաթ Նեհդարը:
 

ՌԻՎԱՍԻՆ ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ
Երգչուհի Եվա Ռիվասը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի էջում։ Լուսանկարի ուղեկցող մեկնաբանության մեջ երգչուհին հայտնել է, որ իր զարդերն ու ժամացույցը գողացել են։
«Առավոտը շատ տհաճ սկիզբ ունեցավ ինձ համար։ Նկատեցի, որ իմ թանկարժեք զարդերն ու ժամացույցը կորել են։ Դրանք գողացել են հյուրանոցներից մեկում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ես շատ եմ ճամփորդել եւ կանգ եմ առել մի քանի հյուրանոցներում։ Ուստի չեմ կարող պատկերացնել, թե որտեղ կարող եմ սկանդալ բարձրացնել։ Կյանքի նման ռիթմն արդեն հոգնեցրել է ինձ եւ հուշում է այն մասին, որ արդեն կարելի է դադար առնել եւ ավելի կենտրոնացած լինել… Ուզում եմ դիմել նրան, ով վերցրել է մեկ ուրիշի ապրանքը։ Ես նոր զարդեր, ադամանդներ ու ժամանցույցներ կստանամ, բայց դու շատ թանկ ես վճարելու, եւ ոչ միայն նյութապես։ Իմ զարդերը Ձեզ ուրախություն, հաջողություն չեն պարգեւելու։ Շատ վհատված եմ…»,- բարկացած գրել է երգչուհին։

 

ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսի այրին` Սյուզան Ուիլյամսը, ամուսնու ինքնասպանությունից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել եւ պատմել ամուսնու ողբերգական մահվան հետ կապված ողջ ճշմարտությունը։ People ամսագրի հետ զրույցում նա նշել է, որ Ուիլյամսի մոտ ախտորոշվել էր պարկինսոնի հիվանդություն, բժիշկներն ասել էին, որ նրան մնացել էր ապրելու առավելագույնը 3 տարի:
Նրա խոսքով` ամուսինը հիվանդությունից հետո ֆիզիկական շարժումների հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել:
Սյուզան Ուիլյամսը նաեւ հայտնել է, որ ըստ դիահերձման արդյունքների` օսկարակիր դերասանը գաղտնի կերպով տառապել է ձեռքբերովի տկարամտությամբ (Lewy body dementia), ինչով էլ պայմանավորված էր նրա տարօրինակ վարքը:
Բժիշկների կարծիքով՝ Ուիլյամսը գիտակցում էր, թե ինչ էր իր հետ կատարվում, սակայն ոչինչ անել չէր կարող. միայն տառապում էր, ինչն էլ հանգեցրեց ինքնասպանության:
Հիշեցնենք, որ դերասանն ինքնասպան է եղել 2014թ. օգոստոսի 12-ին։




Լրահոս