Հազիվ թե ԱԺ քննարկումների ժամանակ որեւէ մեկը լսած լինի պատգամավոր Աշոտ Արսենյանի՝ Քլոսի ձայնը: Օրենսդրական նախաձեռնությունների հարցում էլ նա «չափազանց համեստ» է: Իսկ համեստությունը հավանաբար գալիս է երիտասարդությունից, ստացած կրթությունից:
ԱԺ պատգամավորի կենսագրության մեջ կարդում ենք. «1986թ. ավարտել է Երեւանի շինարարության տեխնիկական առաջադիմության համալսարանը: Տեխնիկ-շինարար»: Հայաստանյան բուհերի ցանկում փնտրեցինք 1986-ին նման համալսարան ու… չգտանք: Բայց ծանոթացանք Արսենյանի անցած ճանապարհին. 1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-1984թթ. աշխատել է Ջերմուկի թիվ 6 ավտոբազայում գնորդ, 1985-1986թթ.` Սուրենավանի նավթամթերքի բազայի Ջերմուկի կայանի պետ, 1986-1988թթ.` Ջերմուկի թիվ 4 առողջարանի գլխավոր բժշկի տեղակալ: 1988թ. եղել է Ջերմուկի կուրորտմիավորման գլխավոր բժշկի տնտեսական գծով տեղակալ, 1993թ.` «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի տնօրեն, 1996թ.` Ջերմուկի քաղաքապետ: 1999թ. եւ 2002թ. վերընտրվել է Ջերմուկի քաղաքապետ, 1999թ.` «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ:
Այս պատգամավորն իր ունեցվածքը սկսել է հայտարարագրել 2006-ից, ըստ այդ տարվա հայտարարագրի՝ պատգամավորի տարեկան աշխատավարձը կազմել է 3 մլն 600 հազ. դրամ, նույն տարվա մնացած 85 մլն դրամը նա հայտարարագրել է որպես գյուղատնտեսական հողերից ստացված եկամուտ: 2007-ի հունվարի 1-ի դրությամբ նրա բանկային հաշվին եղել է 50 մլն դրամ եւ 120 հազ. դոլար: 2006-ի հայտարարագրի համաձայն՝ Արսենյանը բնակարաններ ունի Երեւանի Թումանյան փողոցում` 192 քմ, Ջերմուկում` 42 քմ, եւ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում` 280 քմ մակերեսով: Գնդեվազում ունի 1900 քմ մակերեսով տնամերձ եւ 16 հա գյուղատնտեսական նշանակության հողեր:
Որոշ ժամանակ առաջ Արսենյանը վրացի մի պաշտոնյայի նվիրել է 150 հազար դոլար արժողությամբ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա: Վրացի պաշտոնյան, ի զարմանս նվիրատուի, «նվերը» պաշտոնապես գրանցել է եւ հանձնել պետությանը: Գրանցումից հետո այդ «Լեքսուս»-ը տրվել է նույն պաշտոնյային որպես ծառայողական ավտոմեքենա:
Ինչպե՞ս է Աշոտ Արսենյանը հարստացել ու դարձել խոշոր գործարար. պարզվում է, որ նա իր այսօրվա ունեցվածքի համար պարտական է ամերիկահայ գործարար Կայծակ Զեյթլյանին:
Երբ նա 1993թ. դարձել է «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի տնօրեն, փաստացի ունեցել է մաշված հոսքագծերով մի շինություն ընդամենը: Եվ չանցած մեկ տարի՝ Արսենյանի կյանքում հայտնվել է Կայծակը, որը պատրաստակամություն է հայտնել խոշոր ներդրումներ կատարել: 1994-ին ամերիկահայ Կայծակ Զեյթլյանը Աշոտ Արսենյանի հետ պայմանագիր է կնքել գործարանի երկու հարկերը վարձակալությամբ վերցնելու վերաբերյալ, որից մեկ տարի հետո Զեյթլյանը 900 հազ. դոլարի ներդրում է կատարել` գործարանի վարձակալած մասնաբաժինները վերազինելով նորագույն սարքավորումներով (նա 2 նոր հոսքագծեր է բերել Իտալիայից): Նույն ժամանակահատվածում Զեյթլյանը հիմնադրել է «Շանթ» ՓԲԸ-ն, որը հետագայում վերանվանվեց «Ջերմուկ» ՓԲԸ-ի, եւ Ա. Արսենյանն էլ դարձավ 49 տոկոսի բաժնետեր: Այսինքն` Արսենյանն իր ունեցվածքը վարձակալությամբ տալուց հետո առանց որեւէ լուրջ ջանքերի դարձել է ընկերության բաժնետեր: Գուցե ամեն ինչ Արսենյանի կյանքում այդքան արագ պրոգրես չունենար, եթե ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանի դերակատարությունը, այդ տարիներից սկսած, չմեծանար Հայաստանի քաղաքական կյանքում:
Ունենալով Հ. Աբրահամյանի բացարձակ հովանավորությունը՝ Ա. Արսենյանը կախարդական փայտիկի հնարքներով կարողացել է մեկուսացնել Զեյթլյանին, որը «Ջերմուկ»-ի հիմնական ներդրողն ու փայատերն է եղել եւ շուրջ 1 մլն 250 հազ. դոլարի ներդրումներ կատարել: Նա, օգտվելով իր արտոնյալ կարգավիճակից, փութաջանորեն հիմնադրել է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, որը կարճ ժամանակահատվածում կարողացել է դառնալ հանքային ջրերի արտադրության մենաշնորհատերը: Դրանից հետո Արսենյանն իր երբեմնի գործընկերոջը` Զեյթլյանին, ընդամենը 100 հազար դոլարն է վերադարձրել` կամաց-կամաց փաստացի տիրանալով «Ջերմուկ»-ին: Արսենյանի պաշտոնական կենսագրության մեջ հենց 1999-ի «Ջերմուկ»-ի հիմնադրումն է նշված: Իսկ Զեյթլյանը, հասկանալով, թե ինչ խաղեր են խաղում իր գլխին եւ վերջնականապես հիասթափվելով մեր երկրից, հեռացել է Հայաստանից, քանի որ նրան արգելել են արտադրել նաեւ «Պեպսի կոլա»` չնայած արած հարյուր հազարավոր ներդրումներին:
Այսօր Արսենյանը «Պեպսի»-ի միակ եւ բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում, որը ձեռք բերելու ճանապարհին բավական խոչընդոտներ է հաղթահարել իր տանիքի շնորհիվ: Նա, տեսնելով, որ օրինական ճանապարհով չի կարողանում «խեղճացնել» «Կոկա կոլա»-ին, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ) է դիմել, թե «Կոկա կոլա»-ն անազնիվ մրցակցություն է վարում, որի արդյունքում ժամանակին կայացվեց հայտնի որոշումը, եւ «Կոկա կոլա»-ն տուգանվեց 100 հազ. դոլարով: Իսկ թե ինչու հիմա նույն ՏՄՊՊՀ-ն չի տուգանում նույն «Ջերմուկ»-ին կամ «Պեպսի»-ին, որն արգելում է Վայոց Ձորի մարզում այլ հյութերի ու ջրերի վաճառքը ու նաեւ մայրաքաղաքի շատ խանութներում այլ հանքային ջրերի կամ զովացուցիչ ըմպելիքների վաճառքը, թերեւս կարելի է ենթադրել: Ու այսքանից հետո Աշոտ Արսենյանն իր, մեղմ ասած, կասկածելի մաքրությամբ աշխատած գումարներով Ջերմուկում կառուցել է Սուրբ Գայանե եկեղեցին, որի առթիվ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական կոնդակով պարգեւատրվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարձրագույն պարգեւով` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով… Ուրեմն, այս Արսենյանն էլ է դասվում «սրբերի» շարքը: Ու եթե մարդուն նման պատվի են արժանացնում, ապա ինքն էլ կարող է արդեն անել ամեն ինչ՝ ընդհուպ մինչեւ մարզպետ նշանակել ու կառավարել նրան:
ՋԵՐՄՈՒԿԻ ԱՐՍԵՆՅԱՆԻ ԿԱՅԾԱԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ