ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքերով՝ վերջին շրջանում Հայաստանից հեռանում են ոչ միայն IT մասնագետները, այլեւ բժիշկներ: Նրա պնդմամբ՝ բժիշկները հիմնականում մեկնում են Գերմանիա, որովհետեւ այնտեղ նրանց ավելի բարեհաջող պայմաններ են առաջարկում: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:
-Պարո՛ն Մակարյան, Ձեր ունեցած տեղեկություններով՝ ՌԴ արտագնա աշխատանքի շուկան այս ժամանակահատվածում ի՞նչ փոփոխություններ է կրել:
-Իմ ունեցած տեղեկություններով՝ վարորդները, ովքեր միաժամանակ ապրանքագետ էին աշխատում ՌԴ-ում եւ ապրանքներ էին խանութից մեկ այլ խանութ տեղափոխում կամ կազմակերպություններից դեպի խանութներ, նրանց մի մասը Հայաստան են վերադարձել: Քանի որ ՌԴ-ում այդ ոլորտում աշխատանքները պակասել են: Այնտեղի խանութների կամ արտադրողների գործերը վատացել են, եւ իրենք այդքան ապրանքագետ չեն կարողացել պահել: ՌԴ-ում աշխատող շինարարների մի մասն էլ է վերադարձել, քանի որ սանկցիաների պատճառով շինարարական ծրագրերի քանակը նվազել է: Բացի այս՝ այնտեղ որպես բանվոր աշխատողներն էլ են ՀՀ վերադարձել:
-Այս ամենի արդյունքում ի՞նչ է մեզ սպասվում:
-Սրան զուգահեռ նաեւ ինֆլացիայի պատճառով գումարը մոտավորապես երկու անգամ պակասում է: Եթե իրենք ՌԴ-ում նախկինում ապրում էին այդ փողերով, նաեւ գումար ուղարկում այստեղի հարազատներին, ապա հիմա այդ գումարը պակասել է, եւ դրամի վերածվելով էլ՝ այստեղ զգալիորեն փոքրացել:
-Ի՞նչ եք կարծում՝ հայկական աշխատուժի նոր արտահոսք դեպի ՌԴ կլինի՞:
-Իհարկե, կլինի: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ կլինի, որովհետեւ Հայաստանում առաջին հերթին ավելանում է աղքատությունը: Վերջին հետազոտություններով հաստատվեց, որ համայնքային քաղաքներում աղքատությունը հասնում է մինչեւ 64 տոկոսի, իսկ եթե այն ընդհանուր Հայաստանի մակարդակով հաշվենք, ապա ոչ պաշտոնապես միջինը մոտ 52 տոկոս կկազմի: Սրա հետ զուգահեռ գործազրկությունը էականորեն չի նվազում, հետեւաբար մարդիկ պետք է շարունակեն աշխատանք գտնել դրսում: Ի դեպ, նշեմ, որ Հայաստանից վերջին շրջանում IT մասնագետների արտահոսք կա: Նաեւ բժիշկների, ովքեր մեկնում են Գերմանիա: Երբ Գերմանիայում ես հանդիպեցի իրենց, նրանք արագացված կարգով գերմաներեն են սովորում եւ այստեղից գնում են, որպեսզի այնտեղ գոնե բժշկի օգնական աշխատեն: Բայց այնտեղ պայմաններն ավելի բարեհաջող են իրենց համար:
-Ձեր տեղեկություններով՝ իրականում ինչպիսին է գործազրկության պատկերը Հայաստանում:
-Գործազրկության պաշտոնական թվերը 18-19 տոկոսի մոտ են, բայց այն իրականում նվազագույնը 2-3 անգամ ավել է: Առայժմ մենք գտնվում ենք անկման գործընթացում ընդհանուր երեւույթների առումով՝ աղքատություն, գործազրկություն եւ այլն: Նաեւ Հայաստանում արդյունաբերական ձեռնարկությունները քիչ են, արդյունաբերական ոլորտները՝ նույնպես: Հիմնականում հանքարդյունաբերությունը, սննդի արդյունաբերութունը… շատ հզոր ոլորտներ չունենք, որոնք կկլանեն մեծ քանակի աշխատուժ: Ստացվում է, որ ունեցած աշխատուժը տարբեր տիպի գործերով է զբաղվում. մեկը բարձրագույն կրթությամբ վարորդ է աշխատում, մյուսը առեւտրով է զբաղվում: Այսինքն՝ դրանք կեցության մշտական եւ ռեգուլյար եկամուտների աղբյուր չեն դառնում:
-Տրանսֆերտների նվազումը արդյո՞ք առաջիկայում կշարունակվի:
-Անպայման: Տրանսֆերտները այսօրվա ռուսական ռուբլու փոխարժեքի պատճառով երկու անգամ պակաս են ստացվում: Այսինքն՝ տրանսֆերտը գալիս է ռուբլիով, բայց քանի որ այն երկու անգամ ինֆլացվել է, դրամական արժեքով երկու անգամ պակաս գումար է ստացվում: Սա նույնպես նպաստում է աղքատության ավելացմանը, որովհետեւ ընտանիքների մեծ մասը ապրում է տրանսֆերտների հաշվին, կամ դրանք իրենց բավականին օգնում էին գոյատեւել:
-Ըստ Ձեր գնահատականների՝ այդ գործընթացն այսօր ի՞նչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա եւ առաջիկայում ի՞նչ նոր զարգացումների այն կհանգեցնի:
-Առեւտրի վրա դա ակնհայտ երեւաց, հատկապես փոքր ձեռնարկությունները, անհատ ձեռնարկատերերից շատերը փակվեցին: Առեւտրի մեջ եւ փոքր ձեռնարկատերերի մոտ նվազել է վճարունակությունը: Ընկերությունները մեզ անընդհատ դժգոհում են, որ իրենք վճարունակություն չունեն, որովհետեւ հաճախորդները, պատվերների քանակը նվազել են, մարդիկ գումարային ծախսերը նախկինի չափ չեն կատարում, որովհետեւ պետության մեջ գումարի ընդհանուր պակասություն կա: Մյուս կողմից էլ խոշոր բիզնեսը, որը որ նույնպես որոշակիորեն տուժում է, ձգտում է իր դիրքերը ամրապնդել շուկայում՝ անհավասար մրցակցության ճանապարհով եւ գրավում դուրս մղված փոքր բիզնեսի տեղը:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ