Նախօրեին ԱԺ նիստում հատուկ ընթացակարգով ներկայացվեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հեղինակած նախագիծը ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Նախագծով առաջարկվում է կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացակարգում որոշ փոփոխություններ կատարել, մասնավորապես գրավոր հարցերի դեպքում ընթերցել դրանցից միայն երկուսը, իսկ բանավոր հարցերի դեպքում հարցը հնչեցնելու համար սահմանել ոչ թե 3, այլ 2 րոպե: Չնայած այն բանին, որ նախագծին որոշ պատգամավորներ ընդդիմացան, այն առաջին ընթերցմամբ երեկ ընդունվեց:
Ըստ նախագծի հեղինակի՝ այս օրինագիծը կնպաստի, որպեսզի ավելի շատ հարցեր հնչեցվեն: Եթե հիմա 10-11 պատգամավոր է կարողանում հարց ուղղել, ապա փոփոխության դեպքում կլինի 15-16: Հիմնական զեկուցող Թ. Պողոսյանը հայտարարել էր, որ բոլոր խմբակցությունների հետ քննարկումներ են եղել` ՀՀԿ-ականներից շատերն ու ՕԵԿ-ականները դեմ են եղել:
Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել էր, որ նախագիծը մանրամասն քննարկել են հանձնաժողովում. «Եթե խորհրդարանում չլինի կոնսենսուս այս հարցով, հակված չենք, որ կյանքի կոչվի այն, որովհետեւ իսկապես փորձում ենք ձեռք տալ մի խնդրի, որը մեր պառլամենտարիզմին է վերաբերում, կուզենայի, որ բոլոր խմբակցություններն իրենց դիրքորոշումները հայտնեն, որ իմանանք` ինչ ենք անում: Մենք հակված չենք, որ այս նախագիծը կյանքի կոչվի»:
Երեկ սակայն Հովհաննես Սահակյանն ասաց, թե իրենք քննարկել են եւ որոշել, որ առաջին ընթերցմամբ կողմ կքվեարկեն նախագծին հետագայում քննարկումները շարունակելու նպատակով: ՕԵԿ-ը նախագծին ձեռնպահ քվեարկեց, իսկ ՀԱԿ-ը՝ դեմ: Արդյունքում 97 կողմ, 3 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե ինչով է օրինագիծը «վատը», եւ արդյոք երկրորդ ընթերցմամբ այն «անցնելու» է, քանի որ իշխող ՀՀԿ-ականներից շատերը եւս դեմ են այդ օրինագծին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, պատգամավորներից շատերը հայտարարում են, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը իրենցից որեւէ լավ բան չի ներկայացնում, ու եթե փոփոխություններ լինեն, ապա ավելի է բարդանալու իրավիճակը: Արդյո՞ք պատգամավորները ճիշտ են, արդյո՞ք դա արվում է՝ ընդդիմության ձայնը սահմանափակելու համար:
-Ես գտնում եմ, որ երեք րոպեն հարցերի համար շատ մեծ ժամանակ է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ պատգամավորները այդ երեք րոպե ժամանակն օգտագործում են այլ նպատակով. բրոնզե դարից գալիս են քարե դար, հետո միջնադար, այնուհետեւ ֆեոդալական ժամանակներ, որից հետո արդեն հասնում են 21-րդ դար: Գրագետ, պատրաստված պատգամավորի համար, կարծում եմ, մեկ րոպեն էլ բավարար կլինի՝ իր հարցը հստակ ու պարզ ձեւակերպելու համար, բայց սահմանվել է երկու րոպե: Իսկ ինչ վերաբերում է հնչած մոտիվացիային, իբրեւ թե այդ ամենն արվել է ընդդիմությանը ձայնից զրկելու համար, ես դա համարում եմ անլուրջ հայտարարություն: Եթե այստեղ մեր խնդիրը պառլամենտարիզմի զարգացումն է, ապա այդ գրավոր հարցումները ես բազմիցս հայտարարել եմ, որ կարելի է հանել: Ես նշել եմ, որ հատկապես մեծամասնության ներկայացուցիչները պայմանավորվում են կառավարության ներկայացուցիչների հետ, որ դու ինձ կտաս այս հարցը, ես կտամ քեզ այս պատասխանը, նախապես գրավոր կուղարկենք, ու ինչպես նշել եմ՝ դա էլ վերածվում է կանաչ տերեւի պատմությանը` տերեւը կանաչ է, շնորհակալ ենք, որ տերեւը կանաչ է, ու բոլորս ուրախ ենք, որ տերեւը կանաչ է ծրագրի շրջանակներում: Ես կողմ եմ, որպեսզի այդ գրավոր հարցերը հանվեն, որովհետեւ դա իսկապես իշխող մեծամասնության համար գործիք է՝ կառավարության հարց ու պատասխանը տապալելու համար: Իսկ ինչ վերաբերում է մյուս մոտիվացիաներին, ապա դրանք ինձ համար բացարձակ ընդունելի չեն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
-Պարո՛ն Մելիքյան, ընդդիմությունը հայտարարում է, որ իշխող ՀՀԿ-ն ամեն ինչ անում է՝ իրենց ձայնից զրկելու համար` մատնանշելով նաեւ Թեւան Պողոսյանի հեղինակած նախագիծը: Ինչո՞ւ եք նման քայլերի դիմում:
-Որեւէ մեկը, որեւէ մեկին ձայնից չի զրկում, դրանք ուղղակի հայտարարություններ են, ու չեմ կարծում, թե այս նախագիծն ինչ-որ նպատակ ունի ընդդիմությանը լռեցնելու կամ ձայնից զրկելու: Ի դեպ, ասեմ, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջարկվել է հենց ընդդիմության ներկայացուցչի առաջարկով, իրենք են եղել առաջարկողները: Իսկ մենք էլ մեր քվեարկությամբ մեր դիրքորոշումը ներկայացրել ենք, կարծում եմ՝ ինչ-որ բաներ հայտարարել այս պարագայում, որ գոյություն չունի, անիրատեսական է:
-Նշվում է, որ գրավոր հարցեր ուղղելու տարբերակը մշտապես «թատրոնի» է վերածել ՀՀԿ-ն…
-Ծիծաղելի է մեկնաբանել մի բան, որտեղ որեւէ ճիշտ խոսք չկա: Մշտապես էլ ընդդիմությունը կառավարությանը ամենաշատ հարցեր ուղղողներից մեկն է եղել: Պետք չէ թատերականացնել մի նախագիծ, որն ընդդիմությանն իսկապես օգնելու է:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈՐԴՈՐԵՑ ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ ԼՈՒՐԵՐԸ ՍՏՈՒԳԵԼ ՈՒ ԲԱՄՓԵԼ
Երեկ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կրկին հիշեցրեց, որ մինչեւ այսօր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի «բամփվել»` հորդորելով այս անգամ էլ ստուգումներ իրականացնել Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատում:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ հայտարարել էր, թե. «…Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչեւ վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել բոլորին»:
«Տարիներ շարունակ օդում կախված են շարունակում մնալ լուրերը Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից գողացված միլիարդները, այսպես ասած, Հռոմի պապի հետ հարաբերությունները լավացնելու անվան տակ քողարկելու մասին»,-հայտարարեց Փաշինյանը:
Այնուհետեւ նա նշեց, թե «ըստ օդում կախված լուրերի»՝ Հայաստանում ցանկացած հեռուստատեսային գովազդի փողի կեսը Սերժ Սարգսյանի փեսայի գրպանն է մտնում. «Օդում կախված են մնում լուրերը, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, որը հանրութան շրջանում հայտնի է Սաշիկ սարսափազդու անունով, 50 տոկոս փայ է մտնում բոլոր այն ռեստորաններում, արտադրամասերում եւ բիզնեսներում, որոնք իրեն դուր են գալիս»:
Ն. Փաշինյանը հետեւելով Սերժ Սարգսյանի օրինակին՝ հորդորեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին մինչեւ վերջ եւ մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել հանրությանը: Պատգամավորը նշեց նաեւ, որ վարչապետը ստուգումներ իրականացնելիս օգտագործի իր ձեռքի տակ եղած ողջ զինանոցը՝ «սկսած բամփելուց, վերջացրած որեւէ մեդալով պարգեւատրելը»:
Նիկոլ Փաշինյանի այս հարցադրմանն ի պատասխան` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ կառավարությունը խնդրում է հարցը գրավոր տալ: Քիչ անց, սակայն, պարզվեց, որ հարցին պատրաստակամ է պատասխանել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով, սակայն, բավարարվեց հերթական «լղոզիչ» արձագանքով. «Եթե ունեք չստուգված լուրեր, ապա այդ լուրերը պահեք Ձեզ, եթե ունեք փաստեր, դիմեք իրավապահ մարմիններին»,- ասաց Հարությունյանը, ինչին արձագանքելով` Ն. Փաշինյանն ընդգծեց, որ երբ հայտարարություն է անում, դրան վերաբերում է ամենայն լրջությամբ:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԵՎ ՀԿ-Ի ԾԵԾԸ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԵՑ
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանի եւ նրա թիմակիցների կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին այս տարվա օգոստոսի 14-ին ծեծի ենթարկելու փաստի առիթով հարուցված քրեական գործն, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կկարճվի: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նարեկ Սամսոնյանն ասաց, որ իրենք հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության անդամների հետ, զրուցել, եւ որեւէ ցանկություն չկա կատարվածին ընթացք տալու, մեկը մյուսի նկատմամբ թշնամանք պահելու: «Քննությունը շարունակվում է, բայց մի քանի օրից պարզ կլինի ամեն ինչ: Երկու կողմս էլ չենք գտնում, որ արժե շարունակել, ընթացք տալ այս գործին, դա մեզ սազական երեւույթ չէ: Հանդիպել ենք, եկել ենք համաձայնության, որ ընթացք տալու կարիք չկա»,- ասաց Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը լրատվամիջոցներից մեկին հարցազրույց էր տվել եւ իր կարծիքը հայտնել Հայաստանի ընդդիմադիր ուժերի, այդ թվում նաեւ «Ժառանգության» մասին, ինչը Հովսեփ Ղազարյանի եւ նրա ընկերների սրտով չէր եղել, ու նրանք որոշել էին գնալ ՀԿ-ի գրասենյակ՝ «հաշիվները պարզելու» համար, արդյունքում կողմերի միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն):
ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ
Երեկ՝ ժամը 13.30-ին, ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանին: Հիշեցնենք, որ Անդրանիկը մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, լքել էր մարտական ՊԲ դիրքը, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում՝ անցել էր հակառակորդի կողմը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Անդրանիկ Գրիգորյանի քրոջ ամուսինը` Արմեն Հարությունյանը, պատմեց, որ իրենց համար այս ամենն անակնկալ էր: «Տեղյակ չէինք, որ նման բան են որոշել, անսպասելի էր: Ցանկացանք գնալ, տեսնել, բայց թույլ չտվեցին: Հիմա գիտենք, որ բուժզննման են ենթարկում: Ավելին ասեմ՝ մեզ ասացին, որ այսօր նրան տուն կբերեն: Սպասում ենք, տեսնենք»:
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՊՐՈՂ ԴԱՏԱՎՈՐԸ
Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 23 մլն 800 հազար դրամ եւ 40 հազար դոլար: Դատավորի ամսական աշխատավարձը 900 հազար դրամ է: Սակայն աշխատավարձից բացի՝ դատավորն անցած տարի 12 մլն 150 հազար դրամի եկամուտ է ստացել վարձակալության դիմաց: Տեղեկացնենք, որ դատավորի կնոջ՝ Սուսաննա Աբրահամյանի դրամական միջոցները կազմել են 100 հազար դրամ եւ հազար դոլար, ամսական աշխատավարձը կազմել է 126 հազար դրամ: