Ռուսաստանը կհրաժարվի Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը պատրաստ է չեղյալ համարել համատեղ ծրագրերն ու հրաժարվել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունից՝ կապված թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման հետ: Այս մասին, ինչպես փոխանցում է «Կոմերսանտ» պարբերականը, հայտնել են Կրեմլի բարձրաստիճան աղբյուրները:

«Անկարայի դեմ կիրառվելիք միջոցները կլինեն կոշտ և լուրջ ազդեցություն կունենան մի շարք ոլորտներում ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Մասնավորապես, «Գազպրոմ»-ը գնահատական կտա «Թուրքական հոսք» գազամուղի ծրագրի իրականացման շարունակման նպատակահարմարությանը»,-հայտնել է ՌԴ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:

Բացի այդ` նշվում է, որ սպառնալիքի տակ կհայտնվի երկու երկրների միջև խոշոր էներգետիկ համաձայնագիրը՝ «Ռոսատոմ»-ի կողմից Թուրքիայում առաջին «Ակկույա» ԱԷԿ-ի կառուցումը: Գործարքի արժեքը գնահատվում է 22 միլիարդ դոլար:

Իր հերթին Թուրքիան, ինչպես նշում է պարբերականը, կարող է սահմանափակել Բոսֆորի և Դարադանելի նեղուցներով ռուսական սուզանավերի անցումը: Սակայն   1936թ. Մոնտրեի կոնվենցիայի համաձայն, որը կարգավորում է նեղուցներով սուզանավերի անցման ռեժիմը, Անկարան նման քայլի կարող է դիմել, եթե համարի, որ իրեն պատերազմ է սպառնում:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումը՝ այն «մեջքից հարված» անվանելով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս