ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ` թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը հարված է միջազգային հանրության ջանքերին` ուղղված ահաբեկչության դեմ պայքարին:
«Արմենպրես»ի փոխանցմամբ` ՀՀ պաշտպանության նախարարությունում Սերբիայի պաշտպանության նախարարի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ նման կարծիք է
հայտնել Սեյրան Օհանյանը: «Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը ջանքեր է գործադրում համախմբված պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ, կարծում եմ, որ տեղի ունեցածը հենց այդ ջանքերին հարված է», ասել է Օհանյանը:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորությանվրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմհեռավորության վրա: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:
«Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր թիկունքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել»,-ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ: ՌԴ Դաշնային Խորհրդում առաջարկում են ժամանակավորապես կասեցնել Թուրքիայի հետ բոլոր կապերը:
Իսկ Թուրքիան այս հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ԱԳՆ է կանչել ԱՄՆ, Ֆրանսիայի, Չինաստանի և Միացյալ Թագավորության դեսպաններին: