Ավարտվել է «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի առաջին փուլը, որը մեկնարկել էր հոկտեմբերի 22-ից:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական համակարգից ArmLur.am-ը տեղեկանում է, որ ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի մարզերի հանրակրթական դպրոցների «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկա դասավանդող շուրջ 1000 ուսուցիչների հետ: Այդ առիթով նրանց ընծայվեցին Աստվածաշունչ մատյաններ:
Նոյեմբերի 25-ին ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի պատասխանատու Արշավիր Գաբուջյանն առաջին փուլի ամփոփման կապակցությամբ հանդիպում են ունեցել ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի արդյունավետությանը, հաջող ընթացքին, ինչպես նաեւ նշվեց, որ ծրագիրը մեծ խանդավառություն է առաջացրել մասնակից ուսուցիչների շրջանակներում:
Ծրագրի երկրորդ փուլի իրականացումը նախատեսվում է 2016 թ. գարնանը:
Նշենք, որ «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագիրն իրականացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ ու ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի եւ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից: