Դեկտեմբերի 6-ին ՀՀ Սյունիքի մարզի Չափնի համայնքում կանցկացվի ոչ միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, այլեւ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն: Գյուղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Նորայր Թումանյանը եւ անկուսակցական Անահիտ Ավետիսյանը: ՏԻՄ ընտրությունների թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց առաջադրված թեկնածու Անահիտ Ավետիսյանի հետ:
-Տիկի՛ն Ավետիսյան, առաջի՞ն անգամ եք առաջադրում Ձեր թեկնածությունը:
-Այո, առաջին անգամ եմ առաջադրվում: Առաջադրվելիս ես ոչ մի հետին միտք չեմ ունեցել: Ցանկացա գյուղապետ դառնալ ու առաջադրվեցի:
-Իսկ նախընտրական մթնոլորտը գյուղում լարվա՞ծ է:
-Ամեն ինչ նորմալ է, լարվածություն չկա:
-Ո՞վ է ավելի ուժեղ, Դո՞ւք, թե՞ Ձեր մրցակիցը:
-Գյուղը կորոշի: Այս պահին չեմ կարող ասել: Բայց մարդիկ դրական են վերաբերվում իմ առաջադրվելուն: Ե՛ւ ինձ են խոստանում ընտրել, ե՛ւ գործող գյուղապետին: Տեսնենք:
-Ինչպե՞ս եք գյուղի բնակիչներին համոզում, որ Ձեզ ընտրեն:
-Չէ, չէ… ես չեմ ընտրվի համոզելով: Թող իրենց ցանկությունը լինի:
-Իսկ եթե ընտրվեք, ապա ի՞նչ կանեք գյուղի համար:
-Ես ավելի սուր աչք ունեմ, ավելի լավ լեզու, ամեն ինչ ունեմ, կարող եմ ամեն բան անել: Տան ամեն ինչը կինն է ղեկավարում:
-Դուք անկուսակցական եք…
-Եթե ընտրվեմ, մի կուսակցության մեջ կմտնեմ: Դեռ չգիտեմ, թե որ կուսակցություն կմտնեմ:
-Սահմանադրական փոփոխություններին այո՞ եք քվեարկելու, թե՞ ոչ:
-Անպայման այո եմ քվեարկելու: Իհարկե, կան կետեր, որոնց հետ ես համաձայն չեմ, բայց ընտրվելուց հետո լավ կլինեմ:
-Ընտանիքի անդամներն ինչպե՞ս են վերաբերվում Ձեր առաջադրմանը:
-Ջիգյար ջան, ես եւ ամուսինս ենք ապրում: Երեխաներս օտար երկրում են: Իսկ ամուսինս համաձայն է եւ չի խանդում: Ես արդեն 60-ին մոտ կին եմ, իմ ինչին խանդի:
-Դուք մտադրություն չունե՞ք Հայաստանից հեռանալու:
-Մենք արդեն 8 տարի է, ինչ Հայաստան ենք վերադարձել Վոլգոգրադից:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ