Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին մնացել է ընդամենը մեկ շաբաթ, եւ արդեն կարող ենք արձանագրել, որ այն կանխատեսումները, ըստ որոնց, Հայաստանի հանրության, ասել է թե՝ ընտրողների մեծամասնությունն այս գործընթացի նկատմամբ անտարբեր է, իրականանում են: Բավական է՝ զրուցեք մարդկանց հետ, կտեսնեք, որ մեծամասնությանը ոչ էլ հետաքրքրում է հանրաքվեն: Այդ մասին են վկայում նաեւ ոչ-ի քարոզարշավների սակավամարդությունը:
Փաստացի, սահմանադրական փոփոխություններով հետաքրքրված է հանրության` քաղաքականությամբ մշտապես ակտիվ հետաքրքրվող մասը: Իշխանությունների տեսանկյունից նման իրավիճակն իդեալական է՝ քվեարկության արդյունքները կեղծելու համար: Այսինքն՝ մարդիկ չեն գնա տեղամաս եւ չեն քվեարկի, նրանց փոխարեն կքվեարկեն իշխանությունների կեղծարար խմբերը: Մյուս կողմից իշխանական ռեսուրսով բոլոր պետական աշխատողներին եւ նրանց ընտանիքի անդամներին եւս կքշեն տեղամասեր: Միամտություն կլինի կարծել, որ նման` համընդհանուր անտարբեության պայմաններում պետական ձեռնարկությունների աշխատողների մեծամասնությունը ռիսկի կգնա եւ ոչ կքվեարկի:
Ակնհայտ է նաեւ, որ հանրությանը ակտիվացնելուն ուղղված ոչ-ի քարոզիչների բոլոր փորձերը նշանակալի արդյունք չեն տալիս` մարդիկ իշխանություններից զզված են, նրանց ատում են, բայց միեւնույն է՝ իրենց համար մեկ է, թե Սահմանադրության մեջ ինչ գրված կլինի, քանի որ կարծում են, որ երկրի մայր փաստաթուղթը, միեւնույն է, չի գործում: Մյուս կողմից էլ ոչ-ի կողմնակից քաղաքական ուժերը եւս իրենց գործողություններով առանձնապես չեն նպաստում հանրության ակտիվացմանը: Բավանական է նշել այն փաստը, որ ոչ-ին միացած քաղաքական ուժերի առաջին դեմքերն այդպես էլ չներգրավվեցին քարոզչության մեջ: Ոչ-ի ճակատներից «Չեք անցկացնի»-ի հանրահավաքները մինչ օրս անցել են առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ «Նոր Հայաստանն» էլ իր քարոզչությունն իրականացնում է առանց Րաֆֆի Հովհաննիսյանի: Եթե սահմանադրական փոփոխություններն այդքան կարեւոր չեն, որպեսզի նշված քաղաքական գործիչներն անձամբ դրանց հակաքարոզչությանը մասնակցեն, ապա ինչու պետք է շարքային քաղաքացիներն այդ գործընթացը կարեւորեն:
Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ երեկ ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց իր հերթական «նամակ-խնդրագիրն»՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Հոդվածում, որը վերնագրված է «Սահմանադրական հանրաքվեն՝ անկանխատեսելի հետեւանքներով հղի արկածախնդրություն», Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է այն վտանգները, որոնք պարունակում է ՀՀ իշխանությունների` Սահմանադրությունը փոխելու մտադրությունն` առկա բարդ եւ պայթյունավտանգ աշխարհաքաղաքական վիճակը հաշվի առնելով:
Սակայն առավել ուշագրավ է հոդվածի հետեւյալ պարբերությունը, որը գործնականում իր մեջ ամփոփում է ողջ հոդվածի միտքը. «Վստահ եմ, որ Հայաստանի իշխանական համակարգում Սերժ Սարգսյանը թերեւս միակ անձն է, ով հստակ գիտակցում է մեր երկրի շուրջ ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պարունակած վտանգները: Այդ պատճառով դեռեւս հույս եմ փայփայում, որ նա, պետական մտածողություն դրսեւորելով, ի զորու է թեկուզ ժամանակավորապես կասեցնել նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, իսկ եթե դա այլեւս անհնար է, գոնե հրաժարվել ամեն գնով հանրաքվեի արդյունքները կեղծելու եւ դրանով ռեժիմի եւ հասարակության միջեւ գոյություն ունեցող անջրպետն ավելի եւս խորացնելու մտքից»:
Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չանցնելու գործում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հույսը Սերժ Սարգսյանի «խոհեմությունն» է: Իսկ արդյոք այս անգամ Սերժ Սարգսյանը կպատասխանի ՀԱԿ կուսակցության «խնդրագրին», ցույց կտա ժամանակը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍՆԱ՞ՆԿ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, սնանկ ճանաչվելու համար դիմում է ներկայացրել դատարան: Սակայն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ. ««Հրազդան» ստադիոնն է ճանաչվել սնանկ: Ես ինչի՞ պետք է ճանաչվեմ սնանկ, երեք հատ երեխա ունեմ, 7 հատ թոռ, ես սնանկ ոնց կլինեմ»: «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Հրազդան» մարզադաշտի սնանկության գործերի կառավարիչ Հայկ Կոշեցյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ փուլում է գտնվում մարզադաշտի սնանկության գործը: «Պահանջների հաստատման փուլում է գտնվում: Այսինքն՝ ներկայացված պահանջների նկատմամբ առարկություններ են ներկայացված: Դեռեւս դատական նիստը չի հրավիրվել: Դեկտեմբերի 6-ին է կայանալու»,- ասաց Կոշեցյանը: Ի դեպ, նշենք նաեւ որ «Հրազդան» մարզադաշտը ներկայումս գրավի տակ է:
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԹ ՉԵՆ
ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանն ու Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հարաբերությունները վերջին շրջանում այնքան էլ հարթ չեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ա. Մանուկյանն իր սողուն կարողություններով այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ Վարդանյանը չկարողանա կուսակցությունում որեւէ դերակատարություն ունենալ: Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վարդան Վարդանյանի հետ, որը հավաստիացրեց, թե նման խնդիր գոյություն չունի: «Ձեր տեղեկությունները սխալ են, նման խնդիր չկա: Հենց հիմա ես ու պարոն Մանուկյանը կուսակցության նախագահի հետ գտնվում ենք Իջեւան քաղաքում, մեր կուսակցական գործերով: Չկա նման բան եւ չի էլ կարող նման բան լինել: Մենք նորմալ հարաբերություններ ունենք, ե՛ւ կուսակցական, ե՛ւ ընկերական հարաբերություններ են»,- ասաց Վարդանյանը:
ՐԱՖՖԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
Երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Նոր Հայաստան» փրկության ճակատի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով դեկտեմբերի 1-ին կայանալիք հանրահավաքին եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, կոչ է արել պայքարել եւ ոչ ասել փոփոխություններին: «Այս կեղծ իշխանությունը, բռնազավթած վարչակարգը պետք է հեռանա: Իր կեղծիքը այլեւս երբեք չպետք է փաթաթի ժողովրդի վզին: Մենք ասում ենք` ով դեկտեմբերի 6-ին այո նշի թղթիկի վրա, նա մեղսակից կլինի այս վիճակի շարունակությանը: Նա կասի այո այս վարչակարգին, այո անարդարությանը եւ աղքատությանը, այո բռնազավթմանը եւ մեր քաղաքացիների արհամարհանքին»,- նշել է Հովհաննիսյանը: Կուսակցության առաջնորդի խոսքով՝ դեկտեմբերի 7-ից պետք է նոր Հայաստան տեսնենք, եւ դրա համար պետք է միասնաբար պայքարել: Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանը վերջին ամսին գտնվում էր ԱՄՆ-ում, անձնական խնդիրների պատճառով եւ նոր է վերադարձել Հայաստան` փրկելու:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԽԱԽՏԵԼ ԵՆ
Նոյեմբերի 25-ին եւ լույս 26-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետից (9 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Ռուսաստանը սպասում է, որ Թուրքիան ներողություն կխնդրի երկու օր առաջ թուրք-սիրիական սահմանին Սու-24 օդանավը կործանելու համար, կխոստանա պատժել մեղավորներին եւ կփոխհատուցի վնասը: Երեկ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, թե փաստը, որ պաշտոնական Անկարան մինչ այժմ չի արել վերոհիշյալը, տպավորություն է ստեղծում, որ «թուրքական ղեկավարությունը գիտակցաբար փակուղի է մտցնում ռուս-թուրքական հարաբերությունները»: Պուտինը նաեւ ասել է. «Մենք բացարձակապես անբացատրելի ենք համարում նրանց դավաճանական հարվածը թիկունքից, ում մեջ տեսնում էինք գործընկերների եւ դաշնակիցների հակաահաբեկչական պայքարում»:
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով ներգրավված էր Սդղլի գյոլի քրեական գործում, օրերս նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական: Այս կապակցությամբ «Ազատության» հետ զրույցում «Հայանտառ»-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանն ասել է. «Տիգրանը շատ բարեկիրթ երիտասարդ է, իմ նախաձեռնությամբ եմ նրան նշանակել օգնական: Իմ հարաբերությունները նրա հոր հետ ե՛ւ ընկերական են, ե՛ւ ընկերական-գործնական: Իր աշխատանքը կատարում է պարտաճանաչ, մասնագիտությամբ տնտեսագետ է: Գորիսի համալսարանն ավարտելուց հետո ուսումը շարունակում է Սանկտ Պետերբուրգում: Օգնական է, շատ լավ աշխատում է, դա ցածր պաշտոն է. ուղղակի կատարում է տնօրենի հանձնարարականները»:
ՎԻԶԱՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ
Հայաստանի եւ Բրազիլիայի կառավարությունների միջեւ ձեռք բերված համաձայնությամբ երեկվանից Հայաստանի եւ Բրազիլիայի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, դուրս գալու, տարանցիկ անցնելու եւ գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 օրը չգերազանցող ժամկետով:
ՈՒՇԻ ՈՒՇՈՎ
«Սա մի խնդիր է, որը մի կողմից վերաբերում է մեր դաշնակցին, մյուս կողմից` մեր անմիջական հարեւանին: Դրա համար մենք պետք է ուշի ուշով հետեւենք այդ զարգացումներին»,-անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների լարմանն ու Հայաստանի համար դրա հնարավոր հետեւանքներին` երեկ ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: