Աշխարհի տարբեր երկրներին պատուհասած ահաբեկչական քաոսը որքան հեռու էր թվում Հայաստանից, այդքան մոտ է դառնում, քանի որ նախօրեին ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված բանդայի վնասազերծումը ավելի շատ հիշեցնում է նախազգուշական գործողություն: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ զինված բանդան ծրագրել է մի քանի մահափորձեր իրականացնել եւ պայթուցիկ սարքեր գործադրելով՝ գրոհել պետական որոշ շենքեր:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 25-ին բացահայտվել էր 19 հոգուց բաղկացած կազմակերպված հանցավոր խումբ, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Հետաքրքիր զուգադիպությամբ ուղիղ մեկ օր առաջ` նոյեմբերի 24-ին, թուրքական կործանիչի կողմից խոցվեց ռուսական Սու-24 ինքնաթիռը: Ու հենց այդ դեպքից հետո հայ իրավապահների զգոնությունը առավել ակնհայտ դարձավ, եւ սկսվեցին անվտանգության կոնկրետ քայլեր կիրառվել: «Ժողովուրդ»-ը նոյեմբերի 24-ին գրել էր, որ Ազգային ժողովում եւ ոչ միայն այնտեղ՝ պետական կառույցներում եւս անվտանգության աշխատակիցները ինքնաձիգներով են իրականացնում հսկողությունը: Սրան զուգահեռ, առավել խստացվեց նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ռեժիմը:
Արդեն երեք օր է, ինչ Հայաստան ժամանողներին օդանավակայանում դիմավորում են ԱԱԾ-ի աշխատակիցները, հատուկ ջոկատայինները, ոստիկանության աշխատակիցները: Նրանք հեռվից սուր հայացքներով մանրազնին ուսումնասիրում են Հայաստան մուտք գործած մարդկանց: Ու եթե որեւէ քաղաքացու արտաքինը կամ պահվածքը կասկածելի է թվում, հայերեն լեզվով հետաքրքրվում են` ինչ է ձեր անունը կամ ինչո՞ւ եք Հայաստան եկել: Այսօրինակ զգոնությունը ենթադրել է տալիս, որ Հայաստանում ինչ-որ գործողությունների կանխատեսում կամ առնվազն մտավախություն կա:
Իսկ թե ինչ կապ ունեն թուրք-սիրիական սահմանին կատարված ահաբեկչական գործողությունները ԱԱԾ-ի կողմից բացահայտված ահաբեկչական խմբի հետ, արդյո՞ք վնասազերծված խմբի անդամները իսկապես ահաբեկիչներ էին, թե ԱԱԾ-ն այս քայլով փորձեց մյուս ահաբեկչական խմբերին հասկացնել, թե ինչ է սպասվում նրանց պլանավորված գործողությունների արդյունքում, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում չի բացառվում, որ այս բանդայի վնասազերծումն ուղղակիորեն առնչվում է դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ «Նոր Հայաստան»-ի կողմից հայտարարված վեցօրյա անհնազանդության կոչերի հետ:
«Ժողովուրդ»-ը փորձեց իր պաշտոնական աղբյուրներից պարզել, թե, ի վերջո, վնասազերծված հանցավոր խումբը ի՞նչ պլաններ է ունեցել, ինչո՞վ է այդքան վտանգավոր եղել, որ լուսադեմին կոշտ գործողությամբ վնասազերծվեց խումբը: Իհարկե, ռոմանտիկ երիտասարդները կարող են շատ ավելի վտանգավոր լինել, քան կարելի է պատկերացնել. նրանք հանուն հեղափոխության ամեն ինչի պատրաստ են: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պարագլուխ Նաիրի Հունանյանը եւս հանգիստ կենցաղով էր ապրում եւ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Հայաստանում ահաբեկչական խմբավորման պարագլուխ կարող էր դառնալ:
Եւ, ահա, այս նախադեպը աչքի առաջ ունենալով՝ ԱԱԾ-ն վնասազերծել է խմբին, քանի որ, ըստ տեղեկատվական արտահոսքի, տվյալներ է ունեցել, որ խմբի 19-ը անդամները նպատակ են ունեցել մահափորձեր իրականացնել գործարարների, պաշտոնյաների շրջանում, ինչպես նաեւ՝ պետական գերատեսչությունների մասնաշենքերում պայթուցիկ սարքեր նետել` այդ կերպ անհնազանդություն դրսեւորելով: Այլ մանրամասներ մեր աղբյուրները դեռեւս չգաղտնազերծեցին:
«Ժողովուրդ»-ը փորձեց վնասազերծված եւ ծանր հանցագործություններ կազմակերպելու մեջ կասկածվող հանցախմբի անդամների հարազատներից պարզել, թե ինչ են նրանք մտածում ստեղծված իրավիճակի մասին: Մեզ հետ զրույցում ձերբակալված անդամներից Արթուր Եղիազարյանի եղբայրը` Նորիկ Եղիազարյանը, վստահեցրեց, որ իր եղբայրը չէր կարող ահաբեկիչ լինել. «Եղբայրս ամուսնացած է, երկու դուստ ունի: Երկու օր առաջ եմ տեսել, քաղաք էր գնում, որ աշխատանք գտներ: Ասում էր՝ բանջարեղենի գործ է ուզում սկսել: Ոչ միայն իմ եղբորից, նաեւ մեր մյուս երկու համագյուղացիներից` Վաղինակից ու Ավետիսից եւս նման բան չեմ սպասում: Եղբայրս ոչ մի ընդդիմադիր ուժի կողմնակից չի եղել, անգամ գյուղում ընտրություններին չի խառնվել: Արթուրը 4 տարի առաջ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, բայց դրանից հետո էլ որեւէ ուժի հետ կապ չուներ: Ինչ ասեմ, ԱԱԾ-ն եկավ, մեր տունը խուզարկեց, հայրիկիս դանակն ու որսորդական օրինական զենքը տարան»:
Արմավիրի մարզի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի փոխտնօրեն Անդրանիկ Բարեյանը եւս չի հավատում, որ իր հարազատ եղբայրը` Ավետիս Բարեյանը, կարող էր ահաբեկիչ լինել. «Պետական մտածողություն ուներ նա, հայրենիքի համար կռված տղա է, ո՞նց կարող էր ահաբեկիչ լինել: Ճիշտ է՝ իր գործերից չէր պատմում, բայց նա չէր կարող հանցագործություն անել»:
Շիրակի մարզի Փանիկ համայնքի ղեկավար Հրաչիկ Սալնազարյանի խոսքով էլ՝ ձերբակալված անձանցից երկուսը` Տիգրանն ու Գեւորգ-Արեգ Ջնդոյանը, նորմալ անձնավորություններ են.«Տիգրանը խեղճ ընտանիքի տղա է, սովորում է Երեւանի պետական համալսարանում, ոչ ոք չի հավատում, որ նա կարող էր գնալ այդ քային, իսկ, ահա, Գեւորգը ժամանակին հոգեւոր գործունեությամբ է զբաղվել, Իտալիայում եղել է կաթոլիկ եկեղեցու սպասավոր: Բիզնեսներ ուներ, Երեւանում, ասում են, վարսավիրանոց ունի: Աստվածապաշտ տղա է, մասնագիտությամբ լրագրող»:
Հավելենք, որ ձերբակալված 19 անձանց մեջ է եղել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արման Հայրապետյանը: Ի դեպ, Նաիրի Հունանյանը եւս Հանրային հեռուստաընկերության աշխատակից էր:
Երեկ Գյումրիում ԱԱԾ-ն առգրավել էր նաեւ Հայ Կաթողիկ եկեղեցուն պատկանող «Ռադիո Մարիամ»-ի տեխնիկան: Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված ենթադրյալ ահաբեկիչներն ինչ-որ կապ են ունեցել «Ռադիո Մարիամ»-ի հետ: Ըստ լուրերի՝ «Հայոց Վահան» գնդի հիմնադիր Արթուր Վարդանյանը այս տարվա հուլիսին «Ռադիո Մարիամին» տված հարցազրույցում հայտարարել էր, թե գունդը հիմնադրվել է Քեսաբի պաշտպանության համար եւ աշխատանքներ է տարել այդ ուղղությամբ` հանդիպելով սիրիահայերի եւ քեսաբահայերի հետ:
Նշենք, որ կաթոլիկ եկեղեցուն պատկանող ռադիոկայանի տնօրենը Հայր Անտոնիո Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանն է:
Հուսանք, որ իրավապահներին կհաջողվի գործը տրամաբանական հիմնավորումներով ավարտին հասցնել, որպեսզի չդառնա Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործը, որը բացի վատ գնահատականներից ու արտերկրյա քննադատությունից՝ ոչինչ չտվեց Հայաստանին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐԴՈՒՆ ՍՊԱՆԵՑԻՆ
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երեւանի Վարդանանց 14 շենքի մոտ հրազենից կրակել էին «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ 32-ամյա Հովհաննես Աթանյանի վրա, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել էր: «Ժողովուրդ»-ին տեղի ունեցած սպանությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տվեց այն մասին, որ նախնական տվյալների համաձայն՝ սպանությունը տեղի է ունեցել բանկի հետ առաջացած գույքային վեճի արդյունքում:
«Ժողովուրդ»-ը դիմեց «Անելիք բանկ» ՓԲԸ՝ հասկանալու համար, թե ինչ կապ ունի տեղի ունեցած սպանությունը բանկի գործունեության հետ, սակայն բանկից մեզ հայտնեցին, որ կատարվածի մասին իրենք արդեն իսկ հայտարարություն տարածել են եւ ոչինչ չեն ավելացնելու: Բայց տարածված հայտարարության մեջ բանկն ընդամենը ցավակցել էր Հովհաննես Աթայանի հարազատներին:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, թե ինչ խնդիր է ունեցել Մկրտիչ Պողոսյանը «Անելիք բանկի» հետ եւ ինչու է սպանվել: Տեղեկացանք, որ 2011 թվականին «Անելիք բանկ» ՓԲԸ-ն դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ Մկրտիչ Պողոսյանին եւ Մարինե Մաթեւոսյանին Աշտարակ համայնքի Սեւակի թիվ 4 տնից վտարեն: Հայցվորը դիմելով դատարան՝ հայտնել է, որ «Անելիք բանկ» ՓԲԸ-ն «Արթուր Պողոսյան» ՍՊԸ-ին 2009 թվականին տվել է վարկ՝ 21 միլիոն 351 հազար դրամի չափով: Գործարքի դիմաց գրավադրվել է «Արթուր Պողոսյան» ՍՊԸ-ի տնօրեն Մկրտիչ Պողոսյանի` Աշտարակ քաղաքի Սեւակի թիվ 4 տունը: Դատարանում բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ թեեւ իրենք նախկին սեփականատիրոջը բանավոր առաջարկությամբ տվել են ժամանակ՝ գույքը ետ գնելու կամ գնորդ գտնելու համար, սակայն նա չի օգտվել այդ հնարավորությունից: Բանկը կրկին անգամ առաջարկել է ազատել զբաղեցրած բնակարանը եւ հանձնել իրեն, ինչը նրա կողմից չի կատարվել: Եւ, ահա, նկատի ունենալով, որ վերոհիշյալ բնակարանում հաշվառված է նաեւ Մարինե Մաթեւոսյանը, բանկը դատարանից պահանջել է՝ վերջինիս եւս վտարեն բնակարանից:
Սակայն, երբ դատարանը այս գործով անցնող Մարինե Մաթեւոսյանին ծանուցագիր է ներկայացրել, որպեսզի նա եւս ներկայանա դատական նիստերին, ուղարկված դատական ծանուցագիրը վերադարձվել է, քանի որ Մարինե Մաթեւոսյանը «տունը վաճառել եւ տեղափոխվել» է նշված հասցեից:
Ստացվում է, որ բանկին պատկանող տունը եւս վաճառվել է, սակայն այդ հանգամանքը ամենեւին չի հետաքրքրել բանկին, քանի որ նա նախկին սեփականատիրոջ հետ ունեցել է վարկային պայմանագիր, եւ բնակարանի նոր սեփականատերերը պետք է լքեն այն:
Ինչեւէ, գործը քննող դատավոր Հայկ Խաչատրյանը բանկի հայցը բավարարել էր մասնակի` Մկրտիչ Պողոսյանին վտարելով «Անելիք բանկ» ՓԲԸ-ին պատկանող Աշտարակ քաղաքի Սեւակի փողոցի թիվ 4 տնից: Իսկ Մարինե Մաթեւոսյանին Աշտարակ քաղաքի Սեւակի փողոցի թիվ 4 տնից վտարելու պահանջի մասով գործի վարույթը կարճել է: Նշենք, որ սպանված Հովհաննես Աթայանը Սյունիքի մարզի դատարանի դատավոր Լեռնիկ Աթայանի որդին է:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Վարդուհի Վարդերեսյանի հուղարկավորության կազմակերպման ընթացքում՝ նոյեմբերի 27-ին, ժ. 13-ից 14:30-ը, կդադարեցվի երթեւեկությունը Երեւանի Գր. Լուսավորիչ փողոցի՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից մինչեւ Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոսի փողոցներ-Արշակունյաց պողոտայի խաչմերուկն ընկած հատվածում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել շրջանցիկ փողոցներով:
ԱՆՀԻՄՆ
ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, անդրադառնալով նոյեմբերի 25-ին զինված խմբի վնասազերծումը «բեմականացում» համարող գործիչների հայտարարություններին, «Արմենպրես» գործակալությանն ասել է. «Բացահայտվել ու ձերբակալվել է զինված հանցավոր խումբ, առգրավվել մեծ քանակի զենք եւ ռազմամթերք, կանխվել են հրեշավոր վտանգներ, եւ դժվար է պատկերացնել խմբի հնարավոր գործունեության դեպքում որքան զոհեր եւ ինչ հետեւանքներ կարող էին լինել: Կարծում եմ` այս դեպքում տարօրինակ մեկնաբանությունների փոխարեն պետք է շնորհակալություն հայտնել հատուկ գործողությունն իրականացրած աշխատակիցներին: Իսկ այդ «մասնագետներին» առաջարկում ենք հետագայում մասնակցել գործով դատական նիստերին եւ հուսով ենք՝ այն հնարավորություն կտա գիտակցել, որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար անհիմն հայտարարություններ անելով՝ առաջին հերթին հենց իրենց են հեղինակազրկում»: