ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է ներողություն խնդրել թուրքական օդային տարածքը խախտելու համար մինչ Սիրիայում Սու-24-ի կործանումը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն իսկապես խախտել է Թուրքիայի օդային տարածքը հոկտեմբերի 3-ին, սակայն խոստովանել է խախտման փաստն ու ներողություն խնդրել դրա համար:
«Թուրքերը բողոք են ներկայացրել, և մենք ներողություն ենք խնդրել: Պուտինն անձամբ է զանգել Էրդողանին աննշան խախտման համար: Թուրքերը գիտեին, որ դա չէր նշանակում, որ մենք թշնամական գործողություններ էինք պլանավորում Թուրքիայի դեմ»,-հայտարարել է Լավրովը:
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի փոխի իր վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ՝ անկախ նրանից, թե ինչ տվյալներ կհայտնաբերվեն Սու-24-ի ինքնագրիչների վերծանումից: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՌԴ պաշտպանության նախարարը Պուտինին է փոխանցել Սու-24-ի ինքնագրիչը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան