Եվրոպահայության կոչը Վլադիմիր Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպահայությունը կոչով է դիմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Կոչում մասնավորապես ասվում է.

«Մեծարգո պարոն Նախագահ
Հետևելով ռուսական ռազմատիեզերական ուժերի գործողություններին Սիրիայում՝ համոզված ենք, որ 21-րդ դարում համայն մարդկության խայտառակության՝ ԻԼԻՊ-ի հանդեպ լիարժեք հաղթանակը ակնհայտորեն մոտենում է: Միևնույն ժամանակ կցանկանայինք Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ հայերի ցեղասպանությունից 100 տարի անց, այդ նույն տարածքներում մեկ անգամ ևս կրնկնվեց մարդկության դեմ մեծամասշտաբ հանցագործություն, սակայն այս անգամ արդեն իրենց արժանի պատիժը չստացած հանցագործների ժառանգների կողմից: ԻԼԻՊ-ի գոյությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Հետևաբար համոզված ենք, որ գոնե այս պահին անհապաղ պետք է սկսել միջազգային իրավական գործընթաց՝ ընդդեմ միջազգային հանցագործների, ովքեր ցեղասպանություն են գործել ալավիտների, եզդիների, հայերի և Սիրիայի տարածքում ապրող այլ ազգերի և նրանց մշակութային ժառանգության հանդեպ:

Ակնհայտ է, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները մեղավոր են չորս տեսակի ամենալուրջ միջազգային հանցագործություններ իրականացնելու հարցում.
-ռազմական հանցագործություններ,
-մարդկության դեմ կատարված հանցագործություններ,
-բնիկ ժողովուրդների ցեղասպանություններ,
-մշակութային ցեղասպանություններ:

Որպես վերը նշված հանցագործությունների իրավական գնահատականի հիմք անհրաժեշտ է ընդունել 2015թ.-ի մարտին Ժևնում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հրապարակած հաշվետվությունը և նույն թվականի հոկտեմբերին նրա կողմից ընդունած բանաձևը` մարդու իրավունքների և բռնի ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ: Այդ փաստաթղթով հիմնականում կոչ է արվում պետություններին հակազդել մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություներին:

Բանաձևի կազմման և ընդունման համար հիմք են հանդիսացել հանցագործություններից տուժվածների և ականատեսների հետ անցկացված հարյուրավոր հարցազրույցները, իսկ Բանաձևի հիմնական դրույթը կոչն է ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին՝ դիմել Հաագայի Միջազգային դատարան, որպեսզի այդ հանցագործությունները կատարած անձանց պատասխանատվության ենթարկեն:

Մեծարգո պարոն Նախագահ
մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ հաղորդակցության միջոցները հնարավորություն են տալիս ուղիղ եթերով տեսնել, թե ինչպես են ԻԼԻՊ-ի գրոհայինները տարբեր ազգերի ներկայացուցիչների հանդեպ ցեղասպանություն իրագործում, գազանաբար սպանում հազարավոր տղամարդկանց, բռնաբարում և ստրկության վաճառում կանանց, առևանգում երեխաների և ստիպում նրանց ընդունել իսլամ: Այսինքն՝ մենք ակամայից վկան և ականատեսն ենք միջազգային հանցագործությունների:

Այո, այս սրբապղծությունը պետք է դադարեցնել, ինչը հենց անում են ռուսական զորամիավորումները Ձեր ղեկավարությամբ: Սակայն մեր անհանգստությունը կայանում է նրանում, որ ներկա փուլում խիստ անհրաժեշտ է, որպեսզի հանցագործների հանդեպ մարտական հաղթանակները ուղեկցվեն միջազգային դատական գործընթացով: Դա է պահանջում մարդկության պատմությունը և արդարությունը, որպեսզի 100 տարի առաջ անպատիժ մնացած թուրքական մարդասպանները և այսօր էլ նրանց ժառանգները մեկընդմիշտ զրկվեն անպատիժ մնալու հնարավորությունից:

Այդ առթիվ ԵՀՄՖ Նախագահությունը առաջարկում է.
-մոտակա ժամանակահատվածում, հիմնվելով ՄԱԿ-ի կոնստիտուտների վրա, բանակցություններ սկսել այն պետությունների ղեկավարների հետ, ովքեր շահագռգռվածություն կդրսևորեն Միջազգային Ռազմական Տրիբունալ ստեղծելու գաղափարի շուրջ:
Այո′, խոսքը գնում է հենց ԻԼԻՊ-ի հանցագործների համար առանձին միջազգային ռազմական դատարան ստեղծելու մասին, քանի որ բազմաթիվ են օրինակները, երբ միջազգային իրավունքի հիման վրա ստեղծվում են առանձին միջազգային դատարաններ` կոնկրետ հանցագործությունները դատապարտելու համար:

Մենք համոզված ենք, որ ԻԼԻՊ-ի գրոհայինների դեմ Նյուենբերգի օրինակով ստեղծվող դատարանը հնարավորություն կտա բացահայտել ԻԼԻՊ-ի կազմակերպիչներին և նրանց գաղափարախոսներին և, որ ամենակարևորն է՝ ապագայում էլ կբացառի նմանատիպ մեծամասշտաբ հանցագործության առաջացման հնարավորությունը»:

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ
Դոկ. Աշոտ Գրիգորյան




Լրահոս