Հայաստանյան ընկերությունների կայքերն ուսումնասիրելիս վերջիններիս մասին բավականին ուշագրավ փաստեր կարելի է հայտնաբերել, դրանց մեջ կարող են լինել նաեւ այնպիսիք, որոնք իբր թե ընկերությանը դրական բնորոշելու համար են գրված, սակայն իրականում ավելի շուտ ինքնախոստովանական ցուցմունք են հիշեցնում: Եւ հարկային մարմիններն ու իրավապահները պետք է օպերատիվ կերպով գործի անցնեն:
Այդպիսի մի փաստի կարելի է հանդիպել «Իքս գրուպ» ընկերության կայքն ուսումնասիրելու դեպքում: Ընկերության կայքի «Մեր մասին» բաժնում բառացի գրված է. ««Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում եւ Վրաստանում»: Առաջին հայացքից կարող է թվալ, թե տարօրինակ որեւէ բան չկա վերը բերված նախադասության մեջ:
Հեղինակները ցանկացել են այցելուին համոզել, որ իրենք երկար տարիների պատմություն ունեցող ընկերություն են, որ իրենց կարելի է վստահել եւ այսպես շարունակ: Սակայն ողջ խնդիրն այն է, որ «գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին» միտքը մի փոքր «հակասություններ» ունի ՀՀ օրենսդրության հետ եւ թույլ տրված հանցավոր արարքի մասին խոստովանություն է ընդամենը:
Բանն այն է, որ առանց ընկերություն հիմնադրելու գործունեություն ծավալելը Հայաստանում օրենսդրությամբ արգելվում է, քանի որ այն համարվում է ապօրինի ձեռնարկատիրություն: ՀՀ հարկային ծառայությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ներկայացրած պարզաբանման համաձայն՝ ««Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող (չհաշվառված) կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից: … մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: … տուգանքն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է»:
Ի դեպ, առանց գրանցման գործունեություն ծավալելը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքով, որի 188-րդ հոդվածը հենց նման դեպքերի համար է: Իսկ պատժաչափերը եւ տեսակները պայմանավորված են նրանով, թե տվյալ անձի կողմից պետությանը, հարկային պարտավորությունները չկատարելու տեսքով, որքան վնաս է պատճառվել:
Ամեն դեպքում, կարծում ենք, որ միայն պատկան մարմինները կարող են պարզել, թե «Իքս գրուպ» ընկերության կայքում գրված տեղեկությունն իրականությանը համապատասխանում է, թե ոչ: Ասել կուզի՝ իսկապես մարդիկ կարողացել են հինգ տարի շարունակ առանց հիմնադրվելու գործունեություն ծավալել ապօրինի դաշտում եւ ինչպե՞ս են դա կարողացել հաջողացնել, թե գրված տեքստը կայքի պատասխանատուների թույլ տված սխալի արդյունք է, քանի որ նրանք այնքան են ցանկացել գլուխ գովել եւ իրենց ընկերության «տարիքը» ավելացնելով՝ հուսալիության պատրանք ստեղծել: Բայց նույնիսկ այդ անմեղ սխալը լրջորեն քննարկելու կարիք ունի: Ըստ էության, «Իքս գրուպ» ընկերությունը իր դեմ ցուցմունք է տվել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ