ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ Է
ԱԺ ներխուժած Վրեժ Գալստյանը վտանգավոր է հասարակության համար, եւ նախաքննական մարմնի միջնորդությամբ դատարանը երեկ նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց է կիրառել հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը։ Ապրիլի 26-ին ստացվել է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ Վրեժ Վանիկի Գալստյանը տառապել եւ տառապում է «շիզոֆրենիա պարանոիդ ձեւ, աֆեկտիվ զառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ: Քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու պահին նա գտնվել է նշված հիվանդագին խանգարված վիճակում:
ՀԻՄԱ ԷԼ` ՎԱՐԴԱՆԻԿԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆԵՐԸ
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ թմրամիջոցներ պահելու կասկածանքով բերման ենթարկված եղբորորդիների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ապրիլի 25-ին՝ ժամը 23:20-ին, ոստիկանության աշխատակիցները թմրանյութ պահելու կասկածանքով Գյումրու Մայակովսկու փողոցի թիվ 27 տան մոտից «Աուդի» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 31-ամյա Էդուարդ Փ.-ին եւ նրա ուղեւորներ՝ 31-ամյա Արթուր Ա.-ին, 31-ամյա, նախկինում դատապարտված Կոլյա Ղուկասյանին, 21-ամյա Հովհաննես Ղուկասյանին եւ 31-ամյա Արտյոմ Գ.-ին: Ավտոմեքենայի զննությամբ առջեւի նստելատեղերի մեջտեղում հայտնաբերվել եւ առգրավվել են պլաստմասսե սնամեջ հարմարանք եւ փայլաթիթեղով փաթեթավորված 0.7 գրամ կանեփանման չորացված զանգված: Էդուարդ Փ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն մարիխուանա թմրամիջոց է, պատրաստել է անձամբ` ծխելու միջոցով օգտագործելու համար:
ՏՈՒՐԲՈՆ ՉԻ ՊԱՏԺՎԵԼ
Նոր Նորքում Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպման ժամանակ «Իլուր» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կապված միջադեպի հետաքննությունն ավարտված է: Ձեռք բերված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին` քննությունը շարունակելու համար, սակայն քրեական գործ դեռ չի հարուցվել: Լրագրողին ծեծի ենթարկած Տուրբո մականունով ՀՀԿ-ական Աշոտ Պապայանը դեռ անպատիժ է:
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
Հայաստանում ֆիլմերի գրախոսության եւ կինոքննադատության զարգացմանն աջակցելու նպատակով փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանիայի դեսպանատունը եւ փառատոնի գլխավոր հովանավոր «ԱրմենՏել» ընկերությունը Կինոքննադատների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ հայտարարել են ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթ: Առաջին մրցանակակիրն է «Առավոտ» օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը, որը կպարգեւատրվի Apple iPad 4-ով: Մրցույթի հատուկ մրցանակակիրներն են Արփի Ոսկանյանն ու Արթուր Վարդիկյանը: «Ժողովուրդ»-ը շնորհավորում է մեր գործընկերներին: