Երեկ՝ երեկոյան, իշխող Հանրապետական կուսակցությունը որոշեց աշխարհահռչակ ծանրամարտիկ, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանին նշանակել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: Այս քայլը, իհարկե, սպասելի էր, քանի որ անցած 5 տարիներին տարբեր առիթներով հնարավոր պաշտոնի առաջարկի վերաբերյալ Վարդանյանն առանձնապես չէր սեթեւեթել՝ ասելով, թե պատրաստ է աշխատել՝ ուր որ նշանակեն:
Թե ով է Յուրի Վարդանյանը, բոլորը գիտեն. նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, օլիմպիական, Եվրոպայի չեմպիոն ու գավաթակիր, սահմանել է աշխարհի 43 ռեկորդ, 111 ոսկե մեդալ նվաճել եւ այլն: Բայց այս բոլոր արժանիքները գործող իշխանության համար ածանցյալներ են, եթե մարդն իր տեսակով չի համապատասխանում օրվա պահանջարկ ունեցող մարդկային արժեքներին: Թերեւս Հայաստանում էլի կգտնվեն շնորհալի մարզիկներ՝ բազում հաջողություններ արձանագրած, սակայն նրանք որեւէ կերպ չեն արժանանում Սերժ Սարգսյանի ուշադրությանն ու բարեհաճությանը: Հետեւաբար ի՞նչը կարող էր Սարգսյանին ստիպել առավել գնահատել Վարդանյանին՝ նրան նշանակելով նախ ՀՀ նախագահի խորհրդական, հիմա էլ նախարար: Ո՞րն էր Յուրի Վարդանյանի «հմայքի» գաղտնիքը:
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը դեռեւս 1991թ. մեկնեց ԱՄՆ, որտեղ բնակություն հաստատեց: Նա այնտեղ ակտիվ զբաղվում էր մարզչական եւ հասարակական գործունեությամբ՝ չթաքցնելով իր քաղաքական հայացքները: ԱՄՆ հայ համայնքի զգալի մասը խմբվել էր հենց Վարդանյանի շուրջ եւ բավական կուռ միասնություն էր ԱՄՆ-ում: Իսկ որ ամերիկահայ համայնքն ընդգծված ընդդիմադիր հայացքներ ուներ, դա վաղուց հայտնի իրողություն է: Նրանք անգամ Ս. Սարգսյանի եղբորը պատկանող օբյեկտներն էին բոյկոտում՝ այդպիսով իրենց վերաբերմունքն արտահայտելով Հայաստանի իշխանությունների վարած ներքին քաղաքականության նկատմամբ: Մարդիկ թեեւ ԱՄՆ-ում ապահով ապրում են, սակայն հայաստանաբնակներից առավել կոշտ դիրքորոշում ունեն ՀՀ-ում գործող իշխանության նկատմամբ՝ ընդ որում, բոլոր ժամանակներում:
Բայց երբ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքական ակտիվ պայքարի մեջ մտավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ամերիկահայերի գերակշիռ մեծամասնությունը «թեքվեց» Տեր-Պետրոսյանի կողմը՝ հրապարակավ հայտարարելով, որ սատարում է նրան: Հայաստանում տեղի ունեցող զանգվածային հանրահավաքներին զուգահեռ նաեւ ԱՄՆ-ում էին հանրահավաքներ տեղի ունենում՝ ի պաշտպանություն առաջին նախագահի: Այդ օրերին խոսվում էր, որ մեր հայրենակիցները նույնիսկ ֆինանսական օգնություն էին ցուցաբերում Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը հաղթական ավարտին հասցնելու համար: Եվ այդ բոլոր գործընթացներում գլխավոր դերակատարը նույն Յուրի Վարդանյանն էր:
Այս տեղեկությունը, բնականաբար, հասավ Ս. Սարգսյանին, ու նա ձեռնամուխ եղավ Տեր-Պետրոսյանի շարժման «ողնաշարը» գոնե ԱՄՆ-ում կոտրելու գործին: Եվ մեծ ջանքեր չպահանջվեցին: Յ. Վարդանյանը կամաց-կամաց սկսեց զիջել իր դիրքերը եւ, ի վերջո, 2009-ի ապրիլի 2-ին վերադարձավ Հայաստան՝ անմիջապես նշանակվելով Ս. Սարգսյանի խորհրդական: Ու մինչ օրս անհասկանալի է, թե ինչ գնով կարողացավ Ս. Սարգսյանը տարիներ շարունակ արմատական ընդդիմադիր հայացքների տեր մարդուն դարձնել իր հավատարիմը՝ վստահելով նրան խորհուրդներ տալու կարեւորագույն գործառույթը:
Բացի այդ, Հայաստանում գործունեություն ծավալելու տարիների ընթացքում Յ. Վարդանյանը մի անգամ էլ հասցրեց իշխող կոալիցիայից դուրս եկած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին քննադատել սպորտի ոլորտում արձանագրված ձախողումների համար: Ասել է թե՝ ԱՄՆ-ում երկար տարիներ բնակված Վարդանյանը շատ արագ կողմնորոշվեց, թե ինչպես պետք է դրսեւորվել Հայաստանում, որպեսզի հնարավոր լինի «առաջ գնալ»: Արդյունքում՝ այսօր իշխող ՀՀԿ-ն հենց նրան է երաշխավորել, որպեսզի դառնա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար:
Կարծում ենք՝ Վարդանյանն իր պաշտոնական առաջխաղացման համար պետք է շնորհակալություն հայտնի ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Գագիկ Ծառուկյանին՝ նրանց հաշվին քաղաքական արեւի տակ տաքուկ տեղ զբաղեցնելու համար:
Ո՞ՒՄ ՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԻ Յ. ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ