«Գյումրեցին ռուս զինվորի նկատմամբ առաջվա սիրալիրը չէ». «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ:

-Սրբազա՛ն, Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները նշում են, որ Պերմյակովը սատանիստ է, պայմանագիր է կնքել սատանայի հետ, գրառում կատարել սոցիալական ցանցում, որ  ծառայում է սատանային եւ նրան կզոհաբերի մի քանի կանանց ու տղամարդկանց: Արժանահավա՞տ են Ձեզ համար այս փաստերը:

-Ես սատանայապաշտության մասնագետ չեմ եւ իրենց ծիսական արարողություններին այդքան խորապես տեղյակ չեմ, որ անպայման արյուն պետք է լինի, իսկ ի՞նչ է, ավտոմատովը արյուն չէ, պետք է անպայման դանակով լինի՞: Դրա համար էլ սվինով էր խողխողել խեղճ երեխային, եւ սա լրիվ տեղավորվում է սատանայապաշտական եթե ոչ ծիսակատարության, ապա սատանային զոհ մատուցելու հետ: Եվ ես առաջին օրվանից էլ ասել եմ՝ սա մարդու գործ չէ:

-Ռուս զինվորի նկատմամբ Գյումրիում այս մեկ տարվա ընթացքում հանրության մոտ վերաբերմունք փոխվե՞լ է:

-Անշուշտ, փոխվել է, առաջվա նման սիրալիր չեն եւ զգոն են: Նախկինում ամեն քայլափոխի մի բան հյուրասիրում էին, ծխախոտ, հաց էին տալիս, իսկ հիմա՝ ոչ:

-Ի՞նչ եք կարծում, դատավարության ավարտից հետո հավատը կվերականգնվի՞ ռազմաբազայի, ռուս զինվորի նկատմամբ:

-Սա արդեն ռուսների գործն է, թող ռուսները անեն քայլեր, որպեսզի հավատը վերականգնվի, մենք պե՞տք է վերականգնենք հավատը ռուսի նկատմամբ, ռուսը պետք է վերականգնի: Մեզնի՞ց եք պահանջում  գործողություններ, իրենցից պահանջեք:

-Իսկ ռուսը արե՞լ է քայլեր, որ իր նկատմամբ հավատը վերականգնվի:

-Ես չեմ տեսել, եթե ուրիշը տեսել է, թող ուրիշը վկայի:

-Սրբազան, ընդհանրապես ռազմաբազայի առկայությունը Գյումրիում որքանո՞վ է վտանգում կամ որքանո՞վ է պաշտպանում գյումրեցու անվտանգությունը:

-Միայն գյումրեցու համար չէ այդ ռազմաբազան, այն հանրապետական նշանակություն ունի եւ հանրապետական մասշտաբի խնդիրներ է լուծում: Այնպես որ, գյումրեցու ապահովության համար չէ, եւ եթե ուզում եք իմանալ, բոլորովին գյումրեցու ապահովության համար չէ: Գյումրեցին, ընդհակառակը, ավելի անապահով է: Բայց եթե պետք է հանրապետական հարցեր լուծելու համար,  ուրեմն պետք է: Բայց  գյումրեցին չի կարող պատանդ լինել եւ չպետք է պատանդ լինի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս