Գագիկ Բեգլարյանն Իրանի տրանսպորտի նախարարի հետ բանակցել է Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Հունվարի 20-ին նախարարը հանդիպել է ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզի հետ:

Ստորագրվել են Փոստային կապի և հաղորդակցական ոլորտում համագործակցության և փոխըմբռնման երկու հուշագրեր: Ստորագրված հուշագրերով՝ Իրանն ու Հայաստանը կհամագործակցեն փոստային ոլորտում, կթողարկեն համատեղ նամականիշ, միջազգային հարթակում կընդլայնեն փոստային կապերը, կանցկացվեն ոլորտին առնչվող համատեղ ցուցահանդեսներ:

Երկու երկրների միջև կստեղծվի նաև ինտերնետային գնումների հնարավորություն։ Գնված ապրանքները կառաքվեն փոստային ծառայությունների միջոցով:

ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին նշել է, որ հայկական պատվիրակության հետ ունեցած բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ինտերնետի, փոստի և կապի ոլորտներում ընդլայնել համագործակցությունը:

Անդրադառնալով երեք շաբաթ առաջ ԻԻՀ կապի նախարարության պատվիրակության Հայաստան կատարած այցին, Վաեզին հավելել է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում կապի ոլորտում Իրանի և Հայաստանի համագործակցությունների ծավալը չորս անգամ ավելացել է և իրանական կողմը պատրաստ է այն ավելացնել 14 անգամ:

Այցի ընթացքում Գագիկ Բեգլարյանը հանդիպել է նաև ԻԻՀ տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիին: Կողմերը քննարկել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես, բանակցություններ են ընթացել Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման շուրջ:

Գագիկ Բեգլարյանը հանդիպումից հետո նշել է, որ հայ և իրանցի փորձագետների համագործակցության շնորհիվ այդ հարցում հնարավոր է դրական արդյունքներ գրանցել. «ՀՀ-ում կառուցում ենք միջազգային ստանդարտներին համապատասխանող Իրանից Վրաստան տանող մայրուղի: Հույս ունենք, որ մինչև 2018թ. շահագործման կհանձնենք Երևան-Վրաստան հատվածը: Հայաստանի տարածքով երկու երկրների միջև ճանապարհային ապրանքափոխանակումների համար ստորագրելու ենք համաձայնագիր, ինչը կնպաստի իրանական արտադրանքը Սև ծով հասցնելուն»:

ԻԻՀ տրանսպորտի և քաղաքաշինության նախարարը նկատել է, որ նախորդ տարվա ընթացքում Իրանի ու Հայաստանի միջև բեռանփոխադրումների 50 տոկոս աճ է արձանագրվել: 10 հազար բեռնատարներ Իրանից ուղևորվել են դեպի Հայաստան, և ևս 2 հազարը` հակառակ ուղղությամբ:

Երկու երկրների միջև երթևեկը խթանելու նպատակով հավասարեցվել են գանձվող մաքսատուրքերը:

«Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման կապակցությամբ Հայաստանի հետ բանակցություններ են տարվել և պետք է դրա ֆինանսավորման շուրջ համաձայնություն ձեռք բերել»,-ասել է Աբբաս Ախունդին:

Նախարարի այցն Իրան շարունակվում է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս