ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են պետք ՀՀ-ում բնակվող քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ 1 ձեւի տեղեկանք ստանալու համար: Ի՞նչ ժամկետներում է իրականացվում, եւ որքա՞ն է պետտուրքի չափը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկանք ստանալու համար տեղեկանք հայցողը կամ նրա ծնողը կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը պետք է նախարարություն ներկայացնի՝ տեղեկանք հայցողի անձը հաստատող փաստաթուղթը, տեղեկանք հայցողի բնակության վայրի ՔԿԱԳ-ի տարածքային բաժնից տրված տեղեկանք ամուսնության ակտի գրանցման բացակայության մասին, իսկ եթե նախկինում ամուսնացած է եղել, ապա նաեւ ամուսնության դադարման փաստը հաստատող փաստաթղթի պատճենը, սահմանված ձեւի դիմում-հայտարարություն: Վերջինի ձեւը տրամադրում է նախարարությունը: Եթե տեղեկանք ստանալու համար դիմում ներկայացրել է դիմողի ծնողը, ապա, վերը նշված փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաեւ զավակի անձը հաստատող փաստաթղթի, ծննդյան վկայականի պատճենները եւ իր անձը հաստատող փաստաթուղթը: Եթե տեղեկանք ստանալու համար դիմում ներկայացրել է տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը, ապա ներկայացնում է նաեւ տեղեկանք հայցողի կողմից օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը եւ իր անձը հաստատող փաստաթուղթը: Տեղեկանքը տրվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը նախարարություն ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում: Այն սահմանված ժամկետից շուտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ 10.000 դրամ, 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ 7.000 դրամ: Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար գանձվում է պետական տուրք՝ 1000 դրամ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ պատասխանը պարզ է ու հստակ, բայց եւ այնպես ցավալի է, որ մեր հայրենակիցները շարունակում են ձգտել ՀՀ տարածքից դուրս ամուսնություններ գրանցել: