«ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՎԵՐԱՑՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՐՏԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հողին հավասարեցվեց Արամի 30 հասցեում գտնվող Երեւանի պատմական շենքերից մեկը: Կառույցի պահպանման համար պայքարը սկսվել էր ավելի քան 5 տարի առաջ: Քաղաքի պատմության համար մտահոգ մարդկանց ջանքերը, սակայն, նպաստեցին միայն, որ շենքը քանդելու գործընթացը հետաձգվի, իսկ փրկել այն չհաջողվեց: Վերջերս Երեւանի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ շենքը քանդվել է Արամի եւ Աբովյան փողոցների քննարկվող հատվածների մայթերը ընդլայնելու նպատակով եւ հավաստիացրեցին, որ Արամի 30 շենքի տեղում շինություն չի նախատեսվում կառուցել: Այս վստահեցումները, սակայն, հավատ չեն ներշնչում քաղաքացիներին: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանի հետ, ով դեռեւս 5 տարի առաջ եղել է շենքի ճակատագրի համար պայքարողների թվում:

-Պարո՛ն Գերավետյան, ոչնչացվեց Հին Երեւանը խորհրդանշող հերթական պատմական շենքը: Երեւանցիները, թերեւս, հետեւողական չեղան պայքարի հարցում եւ շենքը կորցրին:
-Դե, տեսեք, օրինակ՝ Աֆրիկյանների շենքը պահպանելու համար բազմաքանակ մարդիկ հավաքվեցին, ռադիկալ մեթոդների դիմեցին, առկա էր լուրջ դիմադրություն, բայց, փաստորեն, չկարողացան պահել նման արժեքավոր շինությունը: Դրանից հետո բոլորիս աչքերը պետք է բացվեին: Իշխանությունը հասկանում է, որ հանցանք է գործում, այդ պատճառով էլ շենքը քանդեց գիշերը, գաղտագողի կերպով: Իսկ նրանք, ովքեր դա իրականացնում են, մնում են անպատիժ:
-Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ սիրիահայ Ավետիս Կարագուլյանին պատկանող ընկերությունը մտադիր էր այդտեղ բազմահարկ հյուրանոց կառուցել, եւ շենքը քանդել՝ փողոցը լայնացնելու նպատակով:
-Ինձ համար ակնհայտ է, որ այս ամենը արվում է միտումնավոր կերպով: Խնդիրը միայն այն չէ, որ այս կամ այն անձը մտադիր է այդտեղ, օրինակ, հյուրանոց կառուցել, գումար աշխատել եւ այլն: Ես, միանշանակ, պատմամշակութային շերտը քաղաքից վերացնելու մտադրություն եմ տեսնում. եթե ոչնչացնում ես պատմությունը, դու վերացնում ես մարդկային տեսակը: Այսինքն` պատմական շենքերը քանդելով` վերացնում են հին երեւանցու, բնիկ երեւանցու տեսակը: Վաղը մենք մեր քաղաքի պատմությունը մեր երեխաներին, թոռներին կպատմենք միայն լուսանկարների միջոցով: Մետրոյի կանգառներից մեկում փակցված են մեր հին, պատմական շենքերի նկարները. սա զավեշտ է: Շենքը քանդում են, հետո նկարով հիանում: Ճիշտ նույն կերպ հանրապետականներից շատերը Նժդեհի նկարը կուռք են սարքել, բայց իրենք նրա գաղափարախոսությունից շատ հեռու են:
-Ավելի վաղ քաղաքային իշխանությունները խոստացել էին, որ Արամի 30 հասցեի պատմական շենքի առնվազն ճակատային մասը չի քանդվելու, բայց դա տեղի չունեցավ:
-Բայց ի՞նչ է նշանակում` շենքի ֆասադը պահել… Եթե ֆասադը պահում են, ուրեմն համարում են, որ շենքը, դրա պատմությունն էլ են պահպանե՞լ, դեռ մի բան էլ գլուխ են գովում… Կամ, երբ Հայաստանում, առհասարակ, որեւէ արժեքավոր շինություն է քանդվում, ես միշտ հարցնում եմ` արդյո՞ք այն ապամոնտաժող բանվորներն ունեն համապատասխան որակավորում, բնականաբար, ոչ: Երբ, օրինակ, խոսվում է, թե այս կամ այն շենքը պետք է վերականգնվի, ապա շատ կարեւոր է, որ դա արվի պրոֆեսիոնալ մոտեցմամբ:
-Ի վերջո, ըստ Ձեզ, ի՞նչ է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի ստեղծված իրավիճակը փոխվի, պատմական արժեքների ոչնչացման գործընթացը կանխվի:
-Մինչեւ մեզ մոտ համակարգային փոփոխություններ չլինեն, իշխանության չգան մարդիկ, որոնք այլ վերաբերմունք ունեն մեր պետականության, մշակույթի հանդեպ, ոչինչ էլ չի փոխվելու: Երեւանում վթարային շենքերի բնակիչները խնդրում են, ասում են` եկեք, քանդեք այս կառույցները, մի բան արեք, ոչինչ չի ձեռնարկվում, եւ այդ ֆոնին ընթանում են «էլիտար շինարարություններ»: Այն շենքը, որտեղ բնակվել է պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը, այժմ վտանգի տակ է: Դրա տանիքը չկա, ձյան, անձրեւի գալուն զուգահեռ շենքը կարող է վնասվել, հետո դա կքանդեն, եւ կառույցը կարժանանա Աֆրիկյանների տան ճակատագրին: Տեսնում ենք, որ իշխանությունները թքած ունեն ժողովրդի վրա: Նրանց շրջանում կան այնպիսիք, որ դա անում են միտումնավոր, մի հոծ զանգված էլ անգիտակցաբար հրահանգ է կատարում… Հարեւան Թուրքիան, Ադրբեջանը իրենց համար նոր պատմություն են հորինում, որ ժողովուրդը զգա իր արմատները, իսկ մենք մեր արմատները ոչնչացնում ենք: Եթե այսպես շարունակվի, ամեն բան կորցնելու ենք…

 

 

 

 
«ԴՐՍԻ ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ՊԵՍ ՈՒՇ ԵՄ ԾԵՐԱՆՈՒՄ»

Երգչուհի Լիլիթ Կարապետյանի համար տարին մեկնարկելուն պես սկսվել են բուռն աշխատանքային գործընթացները: Նա պատրաստվում է մեկնել Մոսկվա` իր նոր` «Քեզ հետ» երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու նպատակով:

Երգն (երաժշտության հեղինակ` Ռիչարդ Մադլենյան, խոսքերի հեղինակ` Սվետլանա Բոսնոյան, գործիքավորումը` Էդգար Ալեքսանյանի) արդեն տարածվել է համացանցում եւ, ինչպես Լիլիթն է ասում, արժանացել է դրական արձագանքների. «Ես այն առաջին անգամ կատարել եմ «Տաշի շոուի» ժամանակ: Չէի ուզենա, բայց դրանից կարճ ժամանակ անց այն հայտնվեց համացանցում: Այս երգի տեսահոլովակը կտարբերվի իմ նախորդ տեսահոլովակներից, քանի որ այն նկարահանվելու է ռուս ռեժիսորի կողմից, ընտրվելու են նաեւ ռուս պարուհիներ, այսինքն` ընդհանուր ձեռագիրը բոլորովին այլ է լինելու: Ի դեպ, տեսահոլովակի սցենարը գրել եմ ես: Վաղ հասակից զգացել եմ, որ ունեմ այդ ջիղը, սակայն երբեւէ չէի կիրառել այն գործնականում: Գործընկերներս ասում են, որ այս տեսահոլովակը ինձ երկրորդ շունչ է հաղորդելու… Տեսնենք»,- «Ժողովուրդ»-ին պատմեց երգչուհին:
Մեր այն հարցին, թե արդյոք այս նոր տեսահոլովակում էլ Լիլիթը հանդես կգա ցանկալի կնոջ կերպարում, վերջինս պատասխանեց. «Դե, բնականաբար: Երեւի դա չի լինի այն պահից, երբ ես հասկանամ, որ այդ կերպարում ներկայանալու իրավունք չունեմ, այսինքն` երբ արդեն այն պահը վրա հասնի, որ, իրոք, տարիքն իրենն անի: Իսկ ես շատ իրատես եմ, եւ այդ հարցին նորմալ եմ վերաբերվում` գիտակցելով, որ ամեն բան իր ժամանակն ունի: Հիմա եւ դեռ մի քանի տարի էլ դեռ կարող եմ ինձ թույլ տալ հանդես գալ այդ կերպարում: Իմ արտաքինից տարիքս չի էլ երեւում. այդ առումով ես նման եմ դրսի արտիստներին, որոնք շատ ուշ են ծերանում: Բայց պետք է ասեմ, որ դրա համար ես ոչ մի հատուկ բան չեմ ձեռնարկում»:
Լիլիթ Կարապետյանը, խոսելով 2016թ. ծրագրերի մասին, նշեց, որ ցանկանում է այս տարի երկու նոր երգ եւ համապատասխան տեսահոլովակներ ունենալ, քանի որ երգարվեստի ներկայացուցչի համար շատ կարեւոր է հունի մեջ մնալը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՆՈՐ ՇԵՆՔ
Հայաստանի ազգային պատկերասրահը, հնարավոր է, նոր շենք ունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: «Հուսով եմ՝ այս տարի պաշտոնապես կհայտարարվի, որ պատկերասրահը նոր շենք կունենա: Չեմ կարող ասել, թե որտեղ կլինի դա: Այս շենքը չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին»,- ասել է Ա. Ծատուրյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահը հանրապետության գլխավոր գեղարվեստական թանգարանն է: Այն հիմնադրվել է 1921 թվականին:
Նշենք, որ ավելի վաղ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը տարածել էր հայտարարություն, որտեղ ասված էր. «Արամի 30-ի քանդումը, որը կրկին գլխավորեցին Երեւան քաղաքի հետ ծնունդով եւ հոգով որեւէ կապ չունեցող անձինք, ճանապարհ է բացում դեպի Ազգային պատկերասրահ»:

 

ԱՍՏՂԸ ՄԱՐԴ Է ՓՐԿԵԼ
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջեյմի Ֆոքսը, ով խաղացել է գլխավոր դերերից մեկը Քվենթին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմում, հերոսական արարք է գործել իրական կյանքում: lenta.ru-ի փոխանցմամբ` նա փրկել է վթարի ենթարկված մեքենայի վարորդին` նրան դուրս հանելով այրվող փոխադրամիջոցից: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան` Ֆոքսի տան դիմաց։ Աղբյուրը մանրամասնում է, որ վարորդը, ըստ ամենայնի, կորցրել է կառավարումը, ինչի հետեւանքով մեքենան մի քանի անգամ շրջվել է եւ այրվել:
Տուժածը բազմաթիվ վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊ
Ամերիկյան հայտնի երգչուհի Սելենա Գոմեսը երգիչ Ջասթին Բիբերից բաժանվելուց հետո իր համար նոր ընկեր է գտել:Tatler-ի փոխանցմամբ` նրա ընտրյալն ամենեւին էլ կապ չունի շոու-բիզնեսի հետ: Գոմեսը սիրավեպ է սկսել Սեմյուել Կորստ անունով մի երիտասարդի հետ, որը Նյու Յորքի համալսարանի շրջանավարտ է ու որպես մենեջեր աշխատում է Onia ընկերությունում:
Զույգը ծանոթացել էր ամռանը, երիտասարդների միջեւ սիրավեպը սկսվել է աշնանը: Լրագրողները արդեն մի քանի անգամ հասցրել են տեսնել նրանց թեւանցուկ:




Լրահոս