ՕԵԿ-ի անունը փոխելով` Արթուր Բաղդասարյանին կհաջողվի՞ վարկանիշ հավաքել. գուցե պլաստիկ վիրահատությո՞ւն էլ արվի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1997 թվականին հիմնադրված «Օրինաց երկիր» կուսակցությունը քաղաքական դաշտում 19 տարի գործունեություն ծավալելուց հետո նախօրեին ինքնալուծարվեց: Բանն այն է, որ «Հայկական վերածնունդ» միավորումը, որի միջոցով Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությունը մտադրվել է մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, առաջիկայում դառնալու է կուսակցություն: Այսինքն՝ ՕԵԿ-ը առաջիկայում պատրաստվում է այլ անունով հանդես գալ:

Թե ինչու ՕԵԿ ղեկավարները որոշեցին գնալ անվանափոխության, դժվար չէ կռահել: Բոլորի համար էլ պարզ է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը հատկապես 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո կտրուկ հեղինակազրկվեց, երբ որ մարտի մեկի արյունալի իրադարձությունների ժամանակ ընդունեց Սերժ Սարգսյանի իշխանությանը մաս կազմելու առաջարկը եւ, ըստ էության, վաճառեց ընդդիմադիր ընտրազանգվածի կողմից ստացած իր քվեն: Արդյուքում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը դարձավ անվտանգության խորհրդի քարտուղար: Շուրջ վեց տարի ԱԱԽՔ-ի իշխանական լծակները վայելելուց հետո` 2014-ին, երբ Տիգրան Սարգսյանը հեռացավ ՀՀ վարչապետի պաշտոնից, եւ Սերժ Սարգսյանը չհամաձայնեց այդ պաշտոնում նշանակել Արթուր Բաղդասարյանին, վերջինս հայտարարեց ընդդիմադիր դատ տեղափոխվելու մասին եւ հեռացավ ԱԱԽՔ պաշտոնից:

Այդ ժամանակից ի վեր կուսակցությունը չի ընկալվում ո՛չ քաղաքական դաշտի, ո՛չ էլ հանրության լայն շերտերի կողմից, եւ կարծես թե ՕԵԿ-ին այլեւս լուրջ չեն վերաբերում: Ուստի, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերջինս կարողանա հաջողություն ունենալ, ստիպված եղավ ընտրողների համար նոր դեմքով հանես գալ` փոխելով կուսակցության անունը: Հետաքրքիր է՝ արդյոք կուսակցության առաջնորդները նույնպես պատրաստ կլինեն իրենց անունները փոխել կամ դիմել պլաստիկ վիրահատության, որպեսզի հանրութանը ներկայանան իրապես նոր դեմքով:
Տեղին է հիշել, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն իր անունը բավականին երկար քննարկումների արդյունքում է ձեւավորել: Եվ շատերը դեռ կհիշեն, թե ինչպիսի պաթոսով էին ՕԵԿ առաջնորդները խոսում «Օրինաց երկրի» ձեւավորելու իրենց նպատակի մասին: Թեեւ դեռ այն ժամանակ նրանց ընդդիմախոսները պնդում էին, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցության դեպքում խոսքը ոչ թե օրինաց, այլ «հորինած» երկրի մասին է:

«Ժողովուրդ»-ը երեկ ամբողջ օրը փորձեց ՕԵԿ-ականներից պարզել, թե ինչու որոշեցին հրաժարվել իրենց անունից, որն, ի դեպ, ժամանակին ոմանք այնքան հպարտությամբ էին կրում, որ հայտարարում էին, թե ՕԵԿ-ը դաջված է իրենց ճակատին: Փորձեցինք հասկանալ, թե ՕԵԿ-ում իրոք կարծում են, որ անունը փոխելով` հնարավոր է փոխել նաեւ հանրության վերաբերմունքն ու հաջողության հասնել: Սակայն մեր այս հարցերը այդպես էլ անպատասխան մնացին, քանի որ արդեն նախկին ՕԵԿ-ականները երեկ՝ ողջ օրը, այդպես էլ հասանելի չեղան:

Հավելենք, որ «Հայկական վերածնունդը», վերածվելով քաղաքական կուսակցության, նաեւ լինելու է միավորում, որում ընդգրկվելու են մի քանի այլ լուսանցքային կուսակցություններ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս