Կամերային երաժշտական թատրոնի գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի՞. նախարարությունը՝ նամակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կամերային երաժշտական թատրոնում վերջերս ստեղծված իրավիճակին ArmLur.am-ն արդեն անդրադարձել է: Ինչպես հայտնի է՝ վերջին շրջանում մամուլում բազմաթիվ քննարկումներ եղան այն մասին, որ Կամերային երաժշտական թատրոնում խռովություն է հասունացել: Ըստ որոշ հրապարակումների՝ պատճառը թատրոնի անձնակազմի որոշումն է գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի հետ աշխատել չշարունակելու մասին: Մասնավորապես, սկսվեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե գլխավոր ռեժիսորն ու թատրոնի ողջ անձնակազմն իրար հետ լեզու չեն գտնում:

ArmLur.am-ի հետ զրույցում Արմեն Մելիքսեթյանը բացել է բոլոր փակագծերը: Այսպես, մեր զրուցակցի փոխանցմամբ՝ իրականում թատրոնում խռովություն չի ստեղծվել: Պարզապես խաղի կանոններ են փոխվել, ըստ որոնց՝ երաժշտական թատրոնն իրապես պետք է համապատասխանի իր անվանը՝ առանց ֆանագրամա կոչվածի: Այս հանգամանքը որոշ դերասանների այնքան դուր չի եկել, ինչն էլ որոշ տարաձայնությունների տեղիք է տվել:

Այսօր արդեն Արմեն Մելիքսեթյանը բաց նամակով է հանդես եկել՝ ուղղված ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Նամակում մասնավորապես ասվում է, որ պետք է ՇՏԱՊ ժամանակավորապես դադարեցնել թատրոնի գործունեությունը. «Երաժշտական Կամերային թատրոնը կանգնած է փակուղու առաջ, այն է՝ թատրոնի ստեղծագործական կազմը սպառել է իր արդյունավետությունը, տարիներ շարունակ չի փոխվում խաղացանկը, ներկայացումները, որոնք համեմված են անճաշակ և ցածրորակ երաժշտությամբ, ցուցադրվում են ինքնահոս կերպով՝ առանց փորձերի, շտկումների։ Արդյունքում՝ դերասաններն ընտելացել են այդ ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Ուստի բոլորի կողմից ակնկալվում էր, որ իմ՝ թատրոն վերադառնալուն պես տեղի կունենան շատերի համար ցավոտ բարեփոխումներ։ Կոնֆլիկտներից և պառակտումներից խուսափելու համար ես փորձեցի շրջանցել այդ ճանապարհը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա ամենաճիշտ տարբերակը չէր։ Հետևաբար, հաշվի առնելով թատրոնի ներկայիս իրավիճակը, խնդրում եմ շտապ ժամանակավորապես դադարեցնել թատրոնի գործունեությունը և ՀՀ մշակույթի նախարարության կողմից կատարել կառուցվածքային փոփոխություններ, Ձեր կողմից հաստատված նոր գեղարվեստական խորհրդի, պարի և վոկալի մասնագետների օգնությամբ անցկացնել մրցույթ՝ գեղարվեստական ողջ անձնակազմի համար»:

Թե ինչ է պատրաստվում անել նախարարությունը ստեղծված իրավիճակում և ինչպես է արձագանքելու թատրոնի գլխավոր ռեժիսորի նամակին, ArmLur.am-ը փորձեց պարզել հենց նախարարությունից: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Երևանի «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հասցեագրած բաց նամակն ուղարկվել է ՊՈԱԿ-ի տնօրինությանը՝ պարզաբանումների համար։

«Սակայն, հարկ ենք համարում նշել, որ դեռևս 10 օր առաջ Երևանի «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի տարեկան հաշվետվության արդյունքներով` գեղարվեստական խորհուրդ ստեղծելու և հունվարի 29-ին խորհրդի նիստ հրավիրելու որոշում է կայացվել։ Գեղարվեստական խորհրդի նիստի ընթացքում քննարկվելու և պարզաբանվելու են թատրոնի 2016 թվականի ստեղծագործական ծրագրերը և առկա խնդիրները»,- ասվում է նախարարությունից ստացված պատասխանում։

Ինչ հանգուցալուծում կունենա «Պետական կամերային երաժշտական թատրոն»-ում առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրը, դեռևս դժվար է կանխատեսել: Հուսանք՝ ամեն բան բարեհաջող կավարտվի:




Լրահոս