Երգիչ Մհերը (Մհեր Մեսրոպյան) այս տարի մի շարք գործնական ծրագրեր է կազմում: Առաջիկայում նա պատրաստվում է թողարկել իր նոր ձայնասկավառակը, որում ընդգրկված կլինեն հեղինակային երգեր. դրանք նոր գործեր են, որոնք հանդիսատեսը չի լսել: Մհերը «Ժողովուրդ»-ին պատմել է, որ պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել նաեւ նոր տեսահոլովակներ, եւ նոր զուգերգեր. «Առաջին դուետը կներկայացնեմ իմ հարազատ քույրիկի հետ, այս նոր երգը հենց քրոջ եւ եղբոր հարաբերությունների մասին է»,-ասաց նա:
Մենք Մհերից հետաքրքրվեցինք` արդյոք իր քույրիկը պրոֆեսիոնալ երգչուհի է, ի վերջո, ով է նա, եւ ինչպես որոշվեց, որ վերջինս պետք է մուտք գործի երգարվեստի ասպարեզ: «Քույրս վաղուց է երգում, բայց այս ոլորտում իր առաջին քայլերն է անում, եւ մենք ցանկացանք, որ մեկնարկը լինի հենց մեր դուետով: Ես, բնականաբար, օգնում եմ նրան: Քրոջս անունը Ռոզա է, նա ներկայանում է որպես Ռոզա Ֆիլբերգ. Ֆիլբերգը վերջինիս կեղծանունն է, նա 25 տարեկան է»,-պատմեց երգիչը:
Հաջորդ դուետը Մհերը կկատարի երգչուհի Սոնայի հետ: Նրանք արդեն պատրաստվում են տեսահոլովակի նկարահանմանը: Ավելի վաղ մեզ հետ զրույցում Մհերը նշել էր, որ ռուսական շոու-բիզնես մուտք գործելու ցանկություն ունի: «Կոնկրետ ծրագրեր կիրականացվեն այն ժամանակ, երբ կունենանք հովանավորչությանն առնչվող կոնկրետ առաջարկներ: Գաղտնիք չէ, որ ռուսական շոու-բիզնեսը բացի այն, որ գործում է կապերի եւ ծանոթությունների հաշվին, պահանջում է նաեւ մեծ ներդրումներ»,-ասել էր նա:
Իսկ մեր այն հարցին, թե արդյոք Սոնայի հետ զուգերգը ռուսական շոու-բիզնեսում հաջողություն գրանցելուն միտված քայլ չէ, երգիչը պատասխանեց. «Սոնայի եւ իմ դուետը հենց ռուսական շոու-բիզնեսի ֆորմատի երգ է, որի մի հատված էլ կատարում ենք հենց ռուսերենով: Տեսնենք` որքանով բախտներս կբերի: Ի դեպ, նշեմ, որ իմ «Ո՞վ է, ո՞վ է» երգը Մոսկվայում մեծ տարածում է գտել, այն հաճախ կարելի է լսել Радио Восток-ի եթերում: Կամաց-կամաց առաջ ենք գնում, բայց պետք է ասեմ, որ ռուսական շուկայում շատ դժվար է որեւէ քայլ անելը, այնտեղ մրցակցությունը շատ մեծ է»:
Հերթական կարեւոր իրադարձությունը, որին Մհերը սպասում է, այս տարի կայանալիք մենահամերգն է Երեւանում` Օպերայի եւ բալետի թատրոնում:
Մհերի հետ զրույցում մենք չշրջանցեցինք նաեւ նրա անձնական կյանքի թեման: Երգիչը նշեց, որ կանանց հարցում իրեն հաջողակ համարում է, սակայն դեռեւս կարգավիճակում փոփոխություն մտցնելու ժամանակը չէ. «Հիմա շուտ է այդ մասին խոսել… Դեռ պետք է ընտրություն կատարեմ, որը շատ բարդ է »,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան