ԱՐՔԱՅԱԶՆԻ ԸՆԿԵՐ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր ընդդիմադիրներից ոմանք անընդհատ մեղադրանքներ են հնչեցնում, թե հայաստանյան իշխանությունների ներկայացուցիչները մեկուսացված են աշխարհից, թե ընկերություն չեն անում այլ երկրների ղեկավարների հետ: Ինչպես, օրինակ, դա անում են Ուկրաինայի ու Վրաստանի նախագահները, որոնք քավոր-սանիկական հարաբերություններ ունեն, կամ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն եւ Իլհամ Ալիեւի կին Մեհրիբանը…
Բայց Լուկաշենկոյի հետ արդեն «ախպերական» հարաբերություններ է հաստատել Գագիկ Ծառուկյանը, իսկ 1996-1997-ին վարչապետի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանն էլ շատ ջերմ հարաբերություններ է հաստատել Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի հետ, որը Հայաստանում գտնվող ոսկու պաշարների հանդեպ մեծ հետաքրքրություն ունի եւ այս օրերին գտնվում է Երեւանում:
Դժվար է ասել, եթե վարչապետի պաշտոնը չզբաղեցներ եւ Վազգեն Սարգսյանի կողմից ստացած ապտակից հետո չհեռանար երկրից, Ա. Սարգսյանն արդյոք կունենար մեծ հաջողություններ միջազգային ասպարեզում: Եվ ահա 2000թ. Ա. Սարգսյանը Քեմբրիջի համալսարանի Judge բիզնես-դպրոցում հիմնադրել է Eurasia Research ծրագիրը, որը մի շարք նախագծեր է իրականացրել Միացյալ Թագավորությունում ու Եվրասիայում: Ա. Սարգսյանը նաեւ հիմնադիր նախագահն է Լոնդոնի եվրասիական միջազգային տան (Eurasia House International in London), որի նպատակն է երկխոսության եւ համագործակցության խթանումը տարածաշրջանի քաղաքական եւ բիզնես առաջնորդների միջեւ: Հայաստանի նախկին վարչապետը եղել է այնպիսի գլոբալ կորպորացիաների կառավարող խորհուրդների ավագ խորհրդական, ինչպիսիք են BP-ն, Alcatel-ը, Telefonica-ն, Finmeccanica-ն եւ Bank of America Merrill Lynch-ը: Ճիշտ են ասում՝ Հայաստանում մնար, ի՞նչ էր անելու: Առնվազն պիտի արժանանար հայհոյանքների, բայց մարդը ոտքը դուրս դրեց երկրից ու միանգամից դարձավ բրիտանական գահին մոտ կանգնած անձնավորություն, հետո էլ ընտրվեց «Լիդիան» ընկերության տնօրենների խորհրդի անդամ:
Երեւի նախկինում Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը եւս նրան շատ է օգնել, քանի որ, ավանդույթի համաձայն, մեր դեսպանները հիմնականում զբաղվում են անձնական բիզնեսով եւ սեփական կապերի ձեւավորմամբ: Բայց «Լիդիան»-ի փաստը շատ կարեւոր է: Ինքը՝ Արմեն Սարգսյանը, ասել է. «Ուրախ եմ «Լիդիան»-ի փորձառու տնօրենների խորհրդին միանալու համար եւ պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակներում: Ծրագիրը օգուտներ կբերի Հայաստանին եւ կապահովի էական ներդրումներ եւ զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար»: Իսկ թե Ամուլսարն իրենից ինչ է ներկայացնում եւ ինչպիսի բողոքի դրսեւորումներ կան այս հանքի վերաբերյալ, գիտեն շատերը: Սակայն Ա. Սարգսյանին մեր բնապահպանական խնդիրները չեն հետաքրքրում, կարեւորն այն է, որ արքայազն Չարլզն ու ինքը գոհ լինեն… Իսկ ինքը գոհ է, որովհետեւ այսօր, լինելով մեծահարուստ մարդ եւ ունենալով շատ հաջողակ բիզնես, չի զլանում իր գլխավորած ընկերության համար գումարներ վերցնել նաեւ ՀՀ բյուջեից: Ուրեմն սա էլ բիզնեսի մի նոր տեսակ է, երբ լցնելով սեփական գրպանները՝ մարդը կարող է ակնկալել նաեւ պետության աջակցությունը…
Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակվեց այն ժամանակ, երբ շարունակվում էր սկիզբ առած բանավեճը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի միջեւ, երբ Մանուկյանը շարունակում էր պնդել, թե ինքն է ընտրվել երկրի նախագահ… Ա. Սարգսյանի թեկնածությունը կոմպրոմիսային էր, քանի որ պետք էր մեկը, որը վարկաբեկված չլիներ եւ անծանոթ լիներ հայ հանրությանը: Իսկ Ա. Սարգսյանի մասին հասարակությունը գրեթե ոչինչ չգիտեր, բացի նրանից, որ դեսպան էր եղել ու Եվրոպայի մի շարք երկրներում ներկայացրել Հայաստանը: Հետագայում Լեւոն Տեր-Պետրոսյանը բացատրել է այս նշանակման «փիլիսոփայությունը». «…Ես անկեղծորեն պիտի խոստովանեմ, 1996թ. աղմկոտ ընտրություններից հետո Հայաստանում իշխանության նկատմամբ վստահության զգալի պակաս կար: Անկեղծ ասում եմ սա: Եվ երբ մենք Անգլիայից հրավիրեցինք Ա. Սարգսյանին, դա հաղթահարվեց. նոր մարդ էր, բոլորովին անծանոթ, ժպտուն, մտավորական եւ շատ դրականորեն ընդունվեց մեր ողջ հասարակության կողմից»: Ա. Սարգսյանը ներկայանալի արտաքին ուներ, նման չէր «հեղափոխական դեմոկրատիայի» բովով անցած մեր «բանվորամտավորական» իշխանությանը… Կրում էր երկար այտամորուսներ, հագնվում էր բացառիկ բծախնդրությամբ, խոսում էր կիրթ… Բայց Ա. Սարգսյանին չընդունեց Տեր-Պետրոսյանի շրջապատը, առաջին իսկ օրերից եղան կոնֆլիկտներ ու բախումներ:
Իսկ Լոնդոն վերադառնալը շատ առեղծվածային էր, անգամ՝ արկածային: Ա. Սարգսյանը կամաց-կամաց սկսել էր ինքնուրույն քայլեր կատարել տնտեսության առողջացման ոլորտում, մանավանդ որ Հայաստանը ՀՆԱ-ի հարցով աշխարհում գրավում էր 166-րդ տեղը: Բայց հենց այստեղ սկիզբ առան նրա ու նախագահի, ապա նաեւ նրա ու Վազգեն Սարգսյանի հակասությունները: 1996-ի վերջերին լուրեր տարածվեցին, թե վարչապետի առողջական վիճակը վատթարացել է, թե նա պիտի մեկնի բուժման: Ժողովրդական բանահյուսությունն էլ պնդում էր, թե տեղի էր ունեցել ծեծկռտուք նրա եւ Վազգեն Սարգսյանի միջեւ, թե վերջինս նրան անգամ պատառաքաղով հարվածել էր…
Վարչապետի մեկնումից հետո ԱԺ-ում հայտարարվեց, թե նա 2 շաբաթից վերադառնալու է:  Բայց… չվերադարձավ: 1997թ. մարտի 7-ին Ա. Սարգսյանի խնդրանքով կայացավ կառավարության նիստ, որի ընթացքին վերջինս հետեւում էր հեռախոսով: Սկզբում վարչապետը մասնակիցներին հայտնեց, որ հանրապետության նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել, բացատրեց իր որոշման պատճառները եւ ապա ասաց, որ երկարատեւ հանգստի ու ինտենսիվ բուժման կարիք ունի… Ակնհայտ էր մի բան, որ Ա. Սարգսյանը ցանկություն էր հայտնել ինքնուրույն գործել, ինչն էլ դուր չէր եկել նրանց, ովքեր հայտարարում էին «իրենց դեմ խաղ չլինելու» մասին: Իսկ խանգարողներին հեռացնում են…
Հ.Գ. Հետաքրքիր է, արդյոք արքայազն Չարլզը տեղյակ է, որ Արմեն Սարգսյանի անունը որոշ շրջանակներում «Թենզոր է»:

շարունակելի
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս