ՄԱԿ-ի վարկանշային աղյուսակում Հայաստանը 85-րդն է, Վրաստանը` 75-րդը, Ադրբեջանը` 78-րդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը 85-րդ հորիզոնականն է զբաղեցրել ՄԱԿ-ի «Մարդկային զարգացման ինդեքս-2015» վարկանշային աղյուսակում` 0.733 միավոր ցուցանիշով։ Այդ մասին հաղորդում է ՄԱԿ պաշտոնական կայքը:

«Մարդկային զարգացման ինդեքս» ամենամյա զեկույցը տվյալներ է պարունակում տարբեր երկրների բնակչության կենսամակարդակի, գրագիտության, կյանքի տևողության և սոցիալական պաշտպանվածության, առողջության ցուցանիշների, կրթության և մշակութային զարգացման, հանցավորության, շրջակա միջավայրի պահպանության և որոշումների կայացմանը մարդկանց մասնակցության վերաբերյալ:

Համապարփակ այս վիճակագրությունում երկրները բաշխվում են ըստ մարդկային զարգացման մակարդակը բնութագրող չորս ընդհանուր խմբի` խիստ բարձր, բարձր, ցածր և միջին: Այդ վարկանշային աղյուսակը տարբեր երկրների և տարածաշրջանների կենսամակարդակների ընդհանուր համեմատության ստանդարտ գործիք է և ներառում է 188 երկրների տվյալներ:

Աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է Նորվեգիան (0,944), երկրորդը` Ավստրալիան (0,935) և երրորդը` Շվեյցարիան (0,93): Վերջին երեք տեղերնը զբաղեցնում են Էրիթրեան 0,391 ինդեքսով (186 տեղ), ԿԱՀ 0,35 ինդեքսով (187 տեղ) և Նիգերը 0,348 ինդեքսով (188 տեղ): Հարևան երկրների շրջանում ամենաբարձր տեղը զբաղեցնում է Ռուսաստանը` 50-րդ տեղը 0,798 ինդեքսով, Վրաստանը` 75-րդ տեղը, Ադրբեջանը` 78-րդ տեղը, Թուրքիան` 72-րդ տեղը, Իրանը` 69-րդ տեղը:




Լրահոս