«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սպասվում էր, որ երեկ նախագահականում իշխանական ողջ վերնախավի առջեւ Սերժ Սարգսյանը կհայտարարի ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին: Սակայն դա տեղի չունեցավ: Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, որի ընթացքում ՀՅԴ-ի հետ կոալիցիային այդպես էլ չանդրադարձավ: Նա հերթական անգամ հայտարարեց ՀՀ կառավարման համակարգն արմատապես բարեփոխելու մտադրության մասին: Նկատենք, որ նման խոստումներ Ս. Սարգսյանը նույն ոգեւորությամբ բազմիցս է տվել, բայց երբեք չի իրականացրել:
Եթե իր ասածների գոնե կեսն էլ իրագործի, ապա ՀՀ-ն շատ կարճ ժամանակում կվերածվի ժողովրդավարական երկրի եւ կսկսի արագ զարգանալ, ՀՀ քաղաքացիներն էլ ոչ թե երկրից կփախչեն, այլ հեռացածները կվերադառնան: Բայց երբ Սարգսյանի ասածները համադրում ենք ՀՀ կառավարման համակարգը ներկայացնող պաշտոնյաների հետ, այն վերածվում է բաժակաճառի: Հակառակն ապացուցելու համար նա այդ փոփոխությունները պետք է սկսի իր ընտանիքից եւ ավարտի այդ դահլիճում հավաքվածներին «թոշակի ուղարկելով»: Կկտրի՞ այն ճյուղը, որի վրա նստած է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: