Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 2-ին Աշտարակի ձորի Վարազի ձոր տեղանքում տեղի ունեցած միջադեպին, կարծիք հայտնեց, որ Աշտարակում քրեական տարրեր չկան, ու պետք չէ “լուն դավա դարձնել”:
Հիշեցնենք, որ սույն օրը մի խումբ քաղաքացիներ հանգստանալու նպատակով այցելել են Աշտարակի ձոր, եւ այդ ժամանակ նրանց է մոտեցել Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի 14 շենքի բնակիչ 19-ամյա Բաբկեն Գալստյանը եւ հայտնել, որ “էդ տեղանքի տերն ու տիրակալն ինքն է”, եւ պետք է վճարումներ կատարեն: Քաղաքացիները փորձել են պարզել, թե ինչի համար պետք է վճարումներ կատարեն: Բ. Գալստյանն իր ընկերների հետ սկսել է հայհոյանքներ տալ եւ ձեռքը տանելով գոտկատեղին՝ փորձել է դուրս բերել հրազենը:
Իր որդու հետ պատահաբար դեպքի վայրում է եղել նաեւ ազգային անվտանգության փոխգնդապետ Հակոբ Սիլիզյանը, որն իր սեփական հողատարածքում բարեկարգման աշխատանքներ է կատարել: Տեսնելով վիճաբանողներին՝ ԱԱԾ սպան մոտեցել է եւ կարգի հրավիրել երիտասարդին՝ հորդորելով չվիճաբանել: Անպատժելիությունից եւ անդաստիարակությունից ցինիկացած երիտասարդը, զարմացած, որ ինչ-որ մեկը համարձակվել է իրեն նկատողություն անել, ձեռքը տարել է գոտկատեղին՝ ցույց տալով ատրճանակը: ԱԱԾ աշխատակիցն էլ, տեսնելով երիտասարդի մոտ առկա զենքը, օգտագործել է իր սպայական ունակությունները եւ զինաթափել նրան:
Երբ ԱԱԾ սպա Հակոբ Սիլիզյանը բարձրացել է իր տուն՝ պատրաստվելու “առգրավված” զենքը համապատասխան մարմիններին հանձնելու գործընթացին, մի քանի երիտասարդներ ներխուժել են իր տան բակ, ծեծի ենթարկել 80-ամյա հորը՝ սպառնալով ընտանիքի մնացած անդամներին, հայհոյանքներով ու գոռոցներով պահանջելով վերադարձնել զենքը: Բայց սա դեռ ամենը չէ: Վայրենի երիտասարդները մոտեցել են ԱԱԾ սպային եւ հարձակվել նրա վրա՝ փորձելով խլել զենքը: Սակայն Հակոբ Սիլիզյանին հաջողվել է հետ մղել հարձակումները՝ օգնության զանգ կատարելով:
Ըստ տեղեկությունների՝ “օրվա հերոսը”՝ Բաբկեն Գալստյանը, հանցագործ աշխարհում հայտնի, սպանված աշտարակցի Գարսոյի աներձագի տղան է, իսկ Ռ. Թադեւոսյանը՝ Գարսոյի տղան:
Ի՞նչ է կատարվում Աշտարակ քաղաքում, ի՞նչ բարքեր են հիմնադրվել այնտեղ: Այս հարցերի շուրջ ,Ժողովուրդե-ը զրուցեց Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ:
-Պարո՛ն Անտոնյան, տեղյա՞կ եք, թե ինչի է վերածվել Աշտարակ քաղաքը:
-Մանրամասներից տեղյակ չեմ, սակայն գիտեմ, որ նման դեպք է տեղի ունեցել, հիմա այդ գործը քննության մեջ է, եւ տվյալ մարդիկ էլ նստած են: Ես պարտավոր չեմ մանրամասներից տեղյակ լինել, թե ով, ինչ, ոնց:
–Դուք Աշտարակի ղեկավարն եք, մի՞թե մտահոգված չեք քաղաքում արձանագրված այս միջադեպով:
-Կրկնում եմ՝ տեղյակ եմ միջադեպից: Գիտեք, այդ աստիճան չեմ դրամատիկացնում իրավիճակը: Միջադեպ է եղել, քննություն է գնում, այնպես որ, սովորական մի վիճակ է, եւ կրիմինալի հետ կապված եւ այլն, եւ այլն՝ չեմ կարծում, որ այդքան մեծ հնչեղություն կունենա:
-Միգուցե Դուք կրիմինալ չեք տեսնում, բայց այս միջադեպի կենտրոնում կանգնած են հանցագործ աշխարհում հայտնի հեղինակությունների հարազատները: Բ. Գալստյանը հանցագործ աշխարհում հայտնի, սպանված աշտարակցի Գարսոյի աներձագի տղան է, իսկ Ռ. Թադեւոսյանը՝ Գարսոյի տղան: Այս մասին ի՞նչ կասեք:
-Ես նորից եմ կրկնում՝ այս ամենին առանձնապես այդքան մեծ հնչեղություն չեմ տալիս: Դե դեպք է, տեղի է ունեցել, իսկ թե գողական կամ ոչ գողական մարդիկ, չեմ կարծում, որ դա այդքան խիստ ուշադրության կարիք ունի:
-Սրանից ավելի վատ իրավիճա՞կ պետք է լիներ, զոհե՞ր լինեին, նոր հասկանայիք տեղի ունեցածի վտանգավորությունը: Ինչպես տեսնում ենք, տեր ու տիրականներ են հայտնվել Աշտարակ քաղաքում:
-Ո՛չ, Աշտարակում նման իրավիճակ չկա: Ձեր կողմից նշված այդ գողական ասված մարդիկ, հաստատ կարող եմ ասել, չեն կարող իրենց տեր ու տիրական զգալ: Այդ առումով Աշտարակը տարբերվում է այլ տեղերից:
-Նշված երիտասարդներին ճանաչո՞ւմ եք:
-Այնքանով, որքանով որ աշտարակցի եմ: Այդքանը: Կրկնում եմ՝ մեր քաղաքն այդպիսի հեղինակությունների հետ կապել պետք չէ:
-Հասկանալի է, որ չեք տիրապետում մանրամասներին, պատճառներն էլ Ձեզ չեն մտահոգել:
-Եկե՛ք լուն դավա չդարձնենք: Աշտարակում շրջե՛ք եւ շատ մարդկանց հարցրե՛ք, կտեսնեք… Էս ծառն իմն է կամ էն ծառն իմն է՝ նման բան չկա:
-Լավ, եթե ,էս սարն իմն էե սկզբունքը չի գործել, ապա ինչի՞ արդյունքում է վեճ ծագել:
-Ես քննիչ չեմ ու ոչ մի կողմի հետ էլ չեմ խոսել: Չեմ կարող ասել:
-Միգուցե Ձեր իրավասության հարցը չէ, բայց, այնուամենայնիվ, վախենում եք այդ մասին բարձրաձայնել:
-Չէ՛, չէ՛, նման բան չկա:
-Վստա՞հ եք, որ Աշտարակում քրեական տարրերը չեն իշխում:
-Ո՛չ, այդպիսի բան չկա:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 563 համար