ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աղջիկս  ավարտել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Այնուհետեւ ընդունվել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրա: Այժմ ցանկանում է ընդունվել ասպիրանտուրա եւ մեծ ցանկություն ունի նաեւ աշխատել ԵՊՀ-ում: Խնդրում եմ ասել՝ այլ բուհ ավարտած, բայց մագիստրոսի կոչումը ԵՊՀ-ից ստացած ուսանողը կարո՞ղ է աշխատանքի ընդունվել ԵՊՀ-ում: Եթե այո, ապա ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:

 Գայանե Մամիկոնյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ Երեւանի պետական համալսարանի գիտամանկավարժական կազմի թափուր պաշտոնների վերաբերյալ հայտարարությունները տեղադրվում են ԵՊՀ-ի պաշտոնական կայքում (www.ysu.am):
Հայտարարված թափուր տեղի մրցույթի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր քաղաքացի կարող է մասնակցել տվյալ մրցույթին:
Տեղեկացնենք նաեւ, որ ԵՊՀ փաստաթղթեր՝ www.doc.ysu.am կայքի «Կանոնագրեր» բաժնում տեղադրված են ԵՊՀ գիտական համակարգի մրցութային ընտրության եւ պաշտոնների տեղակալման, ինչպես նաեւ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության եւ պաշտոնների տեղակալման ընթացակարգերը:
Առաջիկայում նախատեսվում է ԵՊՀ նորաստեղծ պորտալում ունենալ հայտարարությունների բաժին, որտեղ կտեղադրվեն նաեւ ԵՊՀ թափուր պաշտոնների մրցույթների հայտարարությունները:

ԵՊՀ պրոռեկտոր Ռ. Մարկոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայնե՛ք, որ շատ «սպառիչ» պատասխան է ուղարկվել ԵՊՀ-ի կողմից: Նրանք զլացել են կայքում տեղադրված տեղեկատվությունն արտատպել եւ հասկանալի ձեւով ներկայացնել՝ որպես քաղաքացու հարցի պատասխան: Այսքանից հետո կարելի է ենթադրել, թե ինչ «անկրկնելի» ոճով են աշխատում մայր բուհում եւ ինչպիսի սերունդ կրթում:




Լրահոս