Փետրվարի 20-ին ԱՄՆ-ի Հարավային Կառոլինա, իսկ 23-ին Նեւադա նահանգներում կայացած քվեարկությունները լրջագույն ազդեցություն ունեցան ԱՄՆ նախագահի ընտրության գործընթացի վրա: Արձանագրված արդյունքները որոշակիորեն հստակեցրին հանրապետականների միջեւ ծավալված քաոտիկ պայքարը, ինչպես նաեւ ցույց տվեցին Դեմոկրատական կուսակցությունում առկա իրական վիճակը: Փաստ է, սակայն, որ ԱՄՆ-ում նախագահ դառնալու համար խիստ կարեւոր է գործչի փորձառությունը, ինչը հատկանշական ընդհանրություն է հայաստանյան իրականության հետ:
Հանրապետականների ճամբարում սկսվել է իսկական համախմբում Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյի շուրջը: Ինչպես կանխատեսել էինք՝ քվեարկությունից առաջ տեղի ունեցած բանավեճը ծանր նստեց Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի վրա: Միլիարդատեր Թրամփին հաջողվեց առ ոչինչ դարձնել անգամ նախկին նախագահ Ջորջ Բուշի` Հվ. Կառոլինայում եղբոր համար վարած քարոզարշավը: Մեկ տարի առաջ հանրապետականների ամենահավանական թեկնածուն համարվող Ջեբ Բուշը առաջատար էր բոլոր սոցհարցումներով, սակայն բավական էր, որ Դոնալդ Թրամփը մտներ պայքարի մեջ ու անձնական մի շարք վիրավորանքներ հասցներ Բուշին, որպեսզի վերջինս տապալվեր հաղթական բարձունքից: Հարկ է նկատել, որ Ջեբը Բուշերի ընտանիքի ամենապատրաստված պետական գործիչն էր համարվում եւ, կարելի է ասել, կասկած չկար, որ բավականին հաջող նահանգապետությունից հետո նա կարող էր հավակնել հորից եւ եղբորից ավելի լավ նախագահ դառնալուն: Սակայն գիտական պատրաստվածությունն ու արհեստավարժությունը կարծես ամերիկյան ներկայիս քաղաքականության մեջ այնքան էլ նշանակություն չունեն, որքան բանավեճերում ակտիվ, ինչ-որ տեղ նաեւ ագրեսիվ կեցվածքն ու ինքնավստահությունը:
Ջեբ Բուշը կաղում էր հենց այդ ճակատում, իսկ Դոնալդ Թրամփը, որի ամենաուժեղ կողմը մրցակցին բեմի վրա մինչեւ վերջ ջարդելն է, հաջողությամբ կարողացավ լուծել այդ խնդիրը: Ամենեւին պատահական չէ, որ Թրամփի թիրախը հենց Բուշն էր: Նրան դուրս թողնելով խաղից` Թրամփը այսօր փորձառու մրցակից չունի, չհաշված Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքին, որին կուսակցական բոսերը առաջիկայում կստիպեն լքել պայքարը` ի նախընտրություն սենատոր Ռուբիոյի: Բուշի` պայքարը լքելուց հետո, հենց Ռուբիոյի շուրջ են սկսել համախմբվել կուսակցական ղեկավարությանը հարող շրջանակները` նպատակ ունենալով կանգնեցնել Թրամփին: Հվ. Կառոլինայի ու Նեւադայի քվեարկություններում հաղթանակ տարած Թրամփը բացարձակ առաջատար է դարձել լիազորներ կուտակելու պայքարում:
Մարտի 1-ը ԱՄՆ-ում հայտնի է իբրեւ սուպեր երեքշաբթի, երբ միաժամանակ քվեարկություններ են անցկացվելու 12 նահանգներում: Այդ օրն էլ արդեն պարզ կլինի, թե արդյոք Բուշի հեռանալը, դրանով պայմանավորված` Ռուբիոյի հզորացումը, ազդեցիկ հանգամանքներ կլինեն Դոնալդ Թրամփին կանգնեցնելու համար: Ներկայիս հարցումներով Թրամփը գրեթե բոլոր նահանգներում ունի հստակ առավելություն, սակայն փետրվարի 25-ի բանավեճն ու Ռուբիոյի օրեցօր հզորացող թիմը իրական հայտ են ներկայացնում միլիոնատիրոջը` իր ապաքաղաքական լինելու մասին հիշեցնելու համար: Ի դեպ, Ռուբիոյի ուժեղանալը լրջագույնս սասանել է երկրորդ տեղով ընթացող Թեքսասի սենատոր Թեդ Քրուզի դիրքերը, որը վերոնշյալ երկու քվեարկություններում էլ հանգրվանել է ընդամենը երրորդ հորիզոնականում:
Իսկ ահա դեմոկրատների պայքարում իրավիճակը գնալով պարզվում է: Նեւադայում Քլինթոնը ստացել էր 52 տոկոս, մինչդեռ Սանդերսը` 47: Քլինթոնի այս հաղթանակը խոշորագույն նշանակություն ունեցավ, քանզի Սանդերսի ուղերձները` տեղի բնակչության բազմազանությամբ պայմանավորված, կարելի էր կարծել, որ պիտի ավելի ազդեցիկ լինեին: Բայց եւ այնպես, հաղթողը Քլինթոնն էր, որին անհրաժեշտ է Ֆիլադելֆիայի հուլիսյան համաժողովում լոկ 2382 լիազորի աջակցություն, որից նախկին առաջին տիկինն արդեն իր գրպանում ունի 502-ը` ի հեճուկս Սանդերսի 70-ի: Ակնհայտ է, որ դեմոկրատների մոտ մրցակցությունն այնքան էլ թեժ չէ` հաշվի առնելով Քլինթոնի բացարձակ առաջատարությունը, նրա աջակիցների լայն շրջանակը, ինչպես նաեւ նախկին նախագահի կնոջ ու նախկին պետքարտուղարի կարգավիճակները: Ըստ էության, Քլինթոնը ունի լրջագույն փորձառություն, հզոր կապեր, մինչդեռ Սանդերսը 2007թ.-ից Վերմոնտ նահանգից ընտրված սենատոր է, որը բացի Բարլինգտոն քաղաքի քաղաքապետ լինելուց՝ գործադիր կառավարման այլ փորձ չունի:
Հայաստանում նախագահական ընտրություններին, ի տարբերություն ամերիկյանի, սովորաբար մասնակցում են մարդիկ, որոնք պետական աշխատանքի եւ կառավարման փորձ չունեն: Հարկ է նկատել, որ կառավարման համակարգին բացարձակապես անտեղյակ միակ գործիչը, որը մինչ օրս բարձր ձայներ է ստացել, 2003թ. նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանն է: Վերջինս, ըստ որոշ գնահատականների՝ հաղթած լինելով հանդերձ Ռոբերտ Քոչարյանին, այդպես էլ անկարող եղավ իրավաբանորեն ամրագրել իր հաղթանակը:
Շատերը կհիշեն, որ Ս. Դեմիրճյանին ուղղված քոչարյանական քննադատությունը հիմնված էր թեկնածուի` կառավարման փորձ չունենալու հանգամանքի վրա, ինչը, ի դեպ, այնքան էլ հեռու չէր իրականությունից: Պարոն Դեմիրճյանը, ցավոք, ընդդիմության առաջնորդ եղած շրջանում ցույց տվեց իր փորձառության պակասը, ինչը հատկապես դրսեւորվեց հետընտրական պայքարի անկազմակերպվածությամբ ու ցայտնոտությամբ: Ահա հայաստանյան ու ամերիկյան նախագահական ընտրությունների միջեւ մի կարեւոր ընդհանրություն. ընտրություններում հաղթելու իրական հնարավորությունը պատկանում է պետական եւ հատկապես գործադիր աշխատանքի փորձ ունեցող գործիչներին: Ենթադրելի է, որ այս հանգամանքն էր հաշվի առել Հովիկ Աբրահամյանը, երբ երկրի երկրորդ պաշտոնը փոխեց աստիճանակարգությամբ երրորդը համարվող վարչապետի պաշտոնի հետ: Աբրահամյանն անցյալ տարվա փետրվարին հաստատապես չէր կարծում, որ Սերժ Սարգսյանը 2018թ.-ից հետո պատրաստվում է վարչապետ դառնալ:
Ն. Հովսեփյան