ArmLur.am-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկանում է, որ մարտի 10-ին՝ ժամը 13.00, ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում (սև շենք, հասցե՝ Աբովյան 52) տեղի կունենա «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր-4» երիտասարդական գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը։
Գիտաժողովն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: Գիտաժողովի կազմակերպիչներն են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:
Գիտաժողովն ավանդական դարձրած միջոցառում է և իրականացվում է արդեն 4-րդ անգամ: Նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ տնտեսագետներին ներկայացնելու տնտեսագիտության տարբեր բնագավառներում իրականացրած սեփական հետազոտությունները: Կազմակերպիչները նպատակ ունեն հարթակ ստեղծել ոչ միայն որոշակի գիտական ուսումնասիրությունների ներկայացման, այլև երիտասարդ գիտնականների մասնակցությամբ ՀՀ տնտեսության զարգացման տեսլականի շահագրգիռ քննարկման համար:
Այս տարի գիտաժողովին մասնակցում է շուրջ 80 երիատասարդ հետազոտող ինչպես ՀՀ տարբեր բուհերից և գիտահետազոտական կազմակերպություններից, այնպես էլ արտերկրից: Երիտասարդ տնտեսագետների հետազոտությունների ներկայացմանը ներկա կլինեն նաև այլ ուսանողներ, ոլորտի մասնագետներ և ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր իրենց առաջարկություններով և դիտողություններով կփորձեն ուղղորդել երիտասարդների հետագա հետազոտությունները` նպաստելով դրանց որակի հետագա բարձրացմանը և արծարվող խնդիրների առավել թիրախավորված ուսումնասիրմանը: Գիտաժողովի աշխատանքների մոտ կեսը հրատարակվել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից երաշխավորված ժողովածուում: