1987 թվականի մարտի 13-ին (նոր տոմարով մարտի 25-ին) է ծնվել 20-րդ դարի հայ բանաստեղծ Եղիշե Չարենցը:
1908-1912թթ. սովորել է Կարսի հայկական, ապա ռուսական ռեալական ուսումնարաններում, 1916-1917թթ.՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում, 1922թ., որպես ազատ ունկնդիր ընդունվել է Վալերի Բրյուսովի հիմնած Գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել:
Հեղափոխությամբ ոգևորված՝ Չարենցը 1918-1919թթ. Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, 1920թ.` Հայաստանում՝ Մայիսյան, 1921թ.՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920թ. աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ:
1922թ. Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 1924-1925թթ. եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում:
1925թ.-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1926-1928թթ. աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928-1935թթ.՝ Հայպետհրատում:
1935թ.-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937թ.-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու: Չարենցն ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, թարմացրել լեզուն, տաղաչափությունը, հարստացրել գրական ժանրերը:
Գրողի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912թ. Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: 1914թ. Կարսում լույս է տեսել նրա առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», իսկ 1915թ.-ին Թիֆլիսում հրատարակվել է «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915թ. զինվորագրվելով հայկական կամավորական խմբին` հասել է Վանի մատույցները, ականատես եղել պատերազմի դաշտում և Վանումտեղի ունեցող ողբերգությանը:
Տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ գրել է «Դանթեական առասպել» (1916թ.) պոեմը: Դանթեական մղձավանջով անցած բանաստեղծը «Վահագն» (1916թ.), «Ազգային երազ» (1917թ.), «Հատված» (1918թ.) պոեմներում ընդվզում է նրանց դեմ, ովքեր իրականի փոխարեն տեսնում են առասպելական Հայաստանը և տարվում առասպելական հերոսներով:
1918-1921թթ. Չարենցը գրել է «Սոմա» (1918թ.), «Ամբոխները խելագարված» (1919թ.), «Նաիրի երկրից» (1920թ.) պոեմները և այլ գործեր: «Ամբոխները խելագարված» պոեմը կյանքի վերափոխման համար պայքարի կոչ է, որի նպատակը հին աշխարհի կործանումն է: Բանաստեղծն ստեղծել է խորհրդանիշներ՝ պայքարող ժողովուրդ, հինը մարմնավորող քաղաք, հավերժական արև և այլն, որոնք պոեմը վերածել են ինքնատիպ դյուցազներգության:
Սիրո թեման Չարենցի ստեղծագործության մեջ զարգանում է յուրօրինակ ձևով: Բանաստեղծությունների առաջին շարքերին («Հրո երկիր», 1913-1916թթ., «Լիրիկական բալլադներ», 1915-1917թթ., «Ծիածան», 1917թ., «Ողջակիզվող կրակ», 1918-1920թթ., և այլն), որոնց բնորոշ են անցած սիրո հիշողությունն ու սրբազան կարոտը, հաջորդել են 1920-1921թթ. գրած «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհին», «Տաղարան», «Ութնյակներ արևին» շարքերը:
Չարենցը թարգմանել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Հայնրիխ Հայնեի, Վիկտոր Հյուգոյի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Միխայիլ Լերմոնտովի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի և ուրիշների գործերից, հանրակրթական դպրոցների համար կազմել է դասագրքեր, խմբագրել ու հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ, հայ դասական գրողների գրքեր:
Հայ թատրոնում բեմադրել են Չարենցի «Կապկազ» թամաշա» պիեսը, «Դեպի ապագան» (ըստ Չարենցի գործերի), «Երևանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկը, «Երկիր Նաիրի» վեպը (հեռուստաներկայացում), «Խմբապետ Շավարշը» (ռադիոբեմադրություն): Չարենցի կերպարին անդրադարձել են գրականության մեջ, կերպարվեստում և կինոյում, նրա մի շարք բանաստեղծությունների հիման վրա գրել են երգեր:
Սահմանվել է ՀԳՄ Չարենցի անվան մրցանակ: ՀՀ թղթադրամներից մեկի վրա պատկերված է Չարենցի դիմանկարը, Երևանում գործում է նրա տուն-թանգարանը: Չարենցի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում, ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի քաղաքներում, Չարենցավան քաղաքը, Երևանի գրականության և արվեստի թանգարանը:
Երևանում կառուցվել է նրա հուշահամալիրը (1985 թ., քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան), նրա անվան դպրոցի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին: