ArmLur.am-ը ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում մարտի 15-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – երկրորդ փուլ» ծրագրի Վերստուգող կոմիտեի նիստը: Վերջինին մասնակցել են ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և Եվրոպական Միության ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ Արդարադատության նախարարության կողմից իրականացված և ներկայում իրականացվող աշխատանքները:
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, անդրադառնալով իրականացվող բարեփոխումներին և կատարված աշխատանքների ծավալին, նշել է, որ ձեռնարկվել են ինստիտուցիոնալ և օրենսդրական մի շարք քայլեր, որոնք ուղղված են արդարադատության համակարգի կայացմանն ու կատարելագործմանը:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է պատիժների այլընտրանքային կիրառման, պրոբացիոն ծառայության, բանտային պայմաններին վերաբերող հիմնախնդիրները, այդ ուղղությամբ տարվող օրենսդրական և կազմակերպչական բոլոր աշխատանքները, մատնանշել թիրախային այն ուղղությունները, որոնք գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում և բխում են վերը նշված ծրագրային դրույթներից:
Եվրոպական Միության Հարևանության և բանակցությունների ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով բաժնի ղեկավար Մաթիո Բուսքեթը դրական է գնահատել նախարարության ջանքերը ոլորտում շոշափելի առաջընթաց գրանցելու ուղղությամբ և հույս հայտնել, որ պրոբացիոն ծառայության համակարգը հնարավորինս շուտ կգործարկվի՝ ընդգծելով, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը կարող է բանտային պայմանների ապահովման լավ օրինակ լինել: