ԼԵՀԵՐԸ ԿԳԱՆ ՄԵԾԱՄՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը գրել էր, որ “Մեծամոր” պատմահնագիտական արգելոց-թանգարանում սեպտեմբերին կշարունակվեն պեղումները: Օրերս տեղեկացանք, որ Լեհաստանի Վարշավա քաղաքի համալսարանի հնագիտության ինստիտուտի մասնագետները նույնպես մասնակցելու են այդ աշխատանքներին:
Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 17-21-ը Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտում տեղի ունեցած գիտաժողովի ընթացքում: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության “Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունե ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը, այնտեղ տեղի է ունեցել գիտաժողով` նվիրված հայկական մշակութային ժառանգությանը եւ դրա պահպանությանը վերաբերող խնդիրներին: Գիտաժողովին հայկական կողմից մասնակցել են` մեր զրուցակիցը, ՊՈԱԿ-ի Մեծամորի մասնաճյուղի վարիչ Արտավազդ Դավթյանը, ,Էրեբունիե թանգարանի ավագ գիտաշխատող Միքայել Բադալյանը: 
“Լեհական կողմի ներկայացուցիչները նաեւ հայկական հուշարձանների վերաբերյալ զեկուցումներ էին պատրաստել: Նպատակը միայն գիտաժողով անցկացնելը չէր, այլ նաեւ կոնկրետ պայմանագիր ստորագրելու խնդիր կար, եւ Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի ու մեր ՊՈԱԿ-ի միջեւ ստորագրվեց պայմանագիր-համաձայնագիր: Եվ հենց այդ պայմանագրի համաձայն էլ լեհական կողմը երեք մասնագետներով սեպտեմբեր ամսին մասնակցելու է Հայաստանում հնագիտական հետազոտություններին, մասնավորապես` Մեծամորի պեղումներին: Պայմանագրում նշվում է նաեւ, որ երկու կողմերը` մենք եւ իրենք, պարտավորվում են տարեկան երկու երիտասարդ մասնագետ փոխանակել, երկուստեք ծանոթանալ աշխատանքի բովանդակությանը, խնդիրներին, հուշարձանների պահպանության հարցերին, մասնագիտական շատ այլ ուղղությունների եւ այդ գիտելիքները տարածել համապատասխան երկրներում: Նշվում է նաեւ, որ համատեղ հրատարակություններ պետք է անենք”,-նշեց Ա. Փիլիպոսյանը: 
Պայմանագիրն ունի հինգ տարվա գործունեության ժամկետ, որը լրանալուց հետո կողմերը կարող են այն երկարաձգել եւս հինգ տարով: Ի դեպ, պայմանագիր է ստորագրվել ոչ միայն ՊՈԱԿ-ի, այլեւ ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ու “Էթնոսե էթնո-մշակութային գիտական հետազոտությունների կենտրոն”-ի հետ: Գիտաժողովի հայկական կողմի ներկայացուցիչները պարգեւատրվել են Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի Պատվո մեդալով:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 575 համար




Լրահոս