Խաղից խաղ համագործակցությունը կբարելավվի. Արամ Ոսկանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին և 17-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում անցկացրեց Սերբիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Այսօր կայացած հանդիպումից հետքո ՀՖՖ պաշտոնական կայքը հարցազրույց ունեցավ թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի հետ:

-Պարոն Ոսկանյան, Ձեր գլխավորությամբ հավաքականն անցկացրել է ընկերական 4 հանդիպում: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք այն ժամանակաշրջանը, ինչ դուք գլխավորում եք Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը:

-Նախ ասեմ, որ ես ընդամենը 20 օր է, ինչ գլխավորում եմ հավաքականը: Առայժմ փորձարկումներ ենք անում, ուզում ենք հասկանալ, թե ֆուտբոլիստներից ով որ դիրքում ավելի լավ կարող է հանդես գալ: Սա այն տարիքն է, երբ ամեն ամիս կարող է աճ գրանցվել, և հենց այդ պատճառով ես միշտ ասում եմ խաղացողներին, որ փորձեն ավելի կատարելագործվեն: Ցանկալի է նաև, որ նրանք հանդես գան իրենց ակումբների առաջին թիմերում:

-Եթե խոսելու լինենք կոնկրետ խաղերի մասին, Ձեր կարծիքով ի՞նչն էր Վրաստանի հավաքականի կրած պարտությունների պատճառը:

-Խաղացողներից շատերի հնարավորություններին ծանոթ չէի, ընտելանալ էր պետք: Խաղերի երկրորդ խաղակեսերում մեծ թվով փոփոխություններ էինք անում, որպեսզի խաղալու հնարավորություն տանք բոլորին: Այնպես չէ, որ մեր թիմի կազմում բոլորը 19 տարեկան ֆուտբոլիստներ են, նույնիսկ 18 տարեկան ֆուտբոլիստներ չունեինք, բայց մենք գիտակցաբար ենք գնացել այդ քայլին՝ ընտրելով այնպիսի ֆուտբոլիստների, որոնք մասնակցելու են նոյեմբերին կայանալիք ընտրական մրցաշարին: Վրաստանը բավականին խաղակցված հավաքական ուներ, նրանք արդեն գրեթե կես տարի է, ինչ խաղում են նույն կազմով, դուրս են եկել էլիտ ռաունդ, իսկ մեր հավաքակականն այս կազմով ոչ մի րոպե չէր անցկացրել խաղադաշտում: Բնականաբար, եղան նաև սխալներ, որոնց վրա կաշխատենք և կձգտենք հնարավորինս լավ ներկայանալ  պաշտոնական մրցաշարին:

– Ի՞նչ կասեք Սերբիայի հավաքականի հետ 2 հանդիպումների մասին:

Առաջին խաղում կրկին լավ ստացվեց առաջին խաղակեսը, կարողացանք արագորեն հավասարեցնել հաշիվը բաց թողած գոլից հետո, բայց երկրորդ խաղակեսում փոփոխություններից հետո թիմը չկարողացավ խաղալ նույն տեմպով և զիջեցինք առավելությունը: Իսկ այսօր, չնայած գոլ ընդունեցինք և մնացինք 10 հոգով, բայց թիմը հատկապես երկրորդ խաղակեսում շատ լավ ֆուտբոլ խաղաց: Դրվագներով ես տեսա այն, ինչ ուզում եմ և պահանջում եմ տեսնել: Ճիշտ է, հարձակման գծում դեռևս կա որոշակի անհամաձայնություն, բայց համագործակցությունը կբարելավվի խաղից խաղ: Իմ գլխավոր խնդիրը ամուր պաշտպանություն ունենալն է, որովհետև ժամանակակից ֆուտբոլում առանց լավ պաշտպանության հեռու չես գնա: Բացի դրանից, մենք ընդգրկվել ենք այնպիսի մրցակիցների հետ, որ մեզ համար դժվար կլինի նախաձեռնությամբ խաղալը: Կարող է լինեն այնպիսի իրավիճակներ, երբ մենք ստիպված լինենք խաղալ նաև հակագրոհների մարտավարությամբ: Ամեն դեպքում մեզ համար շատ կարևոր էին Սերբիայի հավաքականի դեմ խաղերը, քանի որ նրանց բոլոր ֆուտբոլիստները խաղում են իրենց ուժեղագույն լիգայում, որտեղ թե արագություններն են ուրիշ և թե մարտավարական պահանջները:




Լրահոս