ՀՀ ֆինանսների նախարարության կազմից պետական եկամուտների կոմիտեն առանձնացնելուց եւ այդ կառույցի ղեկավարի պաշտոնում Հովհաննես Հովսեփյանի նշանակվելուց հետո Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը, կարելի է ասել, պարալիզացվել է:
Բանն այն է, որ հիմնական փոքր եւ միջին ձեռներեցների կողմից ապրանքների ներկրումն ու արտահանումն իրականացվում է միջնորդ ընկերությունների կողմից, որոնց ընդունված է անվանել «կարգոներ»: Այդ ընկերությունները գործարարից ապրանքն ընդունում են գնման երկրում, եւ տիրոջը հանձնում Երեւանում` արդեն մաքսազերծված: Ապրանքի տեղափոխման եւ մաքսազերծման գումարները մինչ այս սովորաբար հաշվարկվել են տվյալ բեռի քաշով:
Սակայն ՊԵԿ-ի «անկախանալուց» հետո «կարգոների» կողմից ներկրվող բեռների մաքսազերծումը սկսել են իրականացնել ապրանքի շուկայական գնի հաշվարկով: Արդյունքում փոքր եւ միջին գործարարների մոտ ապրանքների ինքնարժեքները սկսել են կտրուկ բարձրանալ: Դրա համար էլ գործարարները նախընտրել են միառժամանակ իրենց գործարքները սառեցնել, մինչեւ որ ՊԵԿ-ում ծավալված փոփոխությունները կավարտվեն, եւ խաղի կանոնները կհստակեցվեն:
Մեր տեղեկություններով՝ «կարգոներին» «ներքին կարգով» արդեն զգուշացվել է, որ բոլորն իրենց գործունեությունը պետք է ծավալեն Չարբախում անցած տարվա հուլիսի 7-ին մեծ շուքով բացված «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ՓԲԸ-ի մաքսային պահեստների միջոցով: Մաքսային այս պահեստների բացմանը մասնակցել է անձամբ Սերժ Սարգսյանը: Այդ օբյեկտի նկատմամբ նրա «ուշադրությունը» գործարար աշխարհում բացատրում են այն հանգամանքով, որ նշված պահեստները կապվում են Հովհաննես Հովսեփյանի անձի հետ: Վերջինս մաքսային պահեստների բացման ժամանակ զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը:
Տեղեկացնենք, որ 7 հեկտար տարածք զբաղեցնող այս մաքսային պահեստները կառուցվել են «ՎՏԲ Հայաստան» բանկի տրամադրած միջոցներով: Կառույցի շինարարությունը արժեցել է մոտ 20 մլն դոլար: «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Վահե Պետրոսյանը, որը նաեւ ընկերության հիմնադիրներից է: Վերջինս միաժամանակ հանդիսանում է նաեւ «ԼՈԳԻԿՈՆ ԴԻՎԵԼՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենը: Ի դեպ, ըստ պետռեգիստրի՝ վերջին ընկերության մյուս հիմնադիրը Հրանտ Քորթյանն է, որը Թուրքիայի քաղաքացի է: «ԼՈԳԻԿՈՆ ԴԻՎԵԼՓՄԵՆԹ» ՍՊԸ-ն զբաղվում է հարկային ոլորտի եւ հաշվապահության վերաբերյալ ընկերություններին խորհրդատվական ծառայություններ մատուցելով:
Այլ կերպ ասած՝ Հովհաննես Հովսեփյանը արդեն մի քանի տարի է՝ մաքսային եւ հարկային ոլորտներում ներդրումներ է արել եւ արդեն իսկ տիրապետում է այդտեղ իրավիճակին, ինչպես նաեւ ունի պատրաստի գործիքներ՝ մաքսային եւ հարկային ոլորտների ողջ անցուդարձը, այդ թվում ստվերային շրջանառությունն իր վերահսկողության տակ վերցնելու համար: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի` ՊԵԿ-ի նախագահի պաշտոնում հենց նրան նշանակելու որոշումն ամենեւին էլ պատահական չի եղել եւ պայմանավորված չի եղել զուտ անձով:
Ի դեպ, ՊԵԿ-ի վերահսկման այն համակարգը, որը գործում էր այդ կառույցի նախկին «տիրոջ» օրոք, ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում: Հենց այդ փաստով էր պայմանավորված այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն ի սկզբանե դրա նկատմամբ առաջնային վերահսկողություն չուներ: Ուստի կարելի է ենթադրել, որ Հովսեփյանի կողմից ստեղծված համակարգի կառավարման հիմնական ղեկը գտնվելու է հենց Սերժ Սարգսյանի ձեռքին: Իսկ ՊԵԿ-ի նորանշանակ ղեկավարը ընդամենը լինելու է դրա կառավարիչը եւ կազմակերպելու է, որ հարկահավաքության եւ մաքսային վերահսկողության համակարգերն անցնեն նոր կառույցի տիրապետման տակ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ