Քաղաքապետարանը չի կատարել հաշմանդամություն ունեցողներին տրված խոստումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեռևս 2011 թվականի հոկտեմբերին սայլակով տեղաշարժվող անձանց հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը փորձեց օգտվել Երևանի հանրային տրանսպորտից: Ակնհայտ դարձավ, որ Երևանում ոչ մի հանրային տրանսպորտ հարմարեցված չէ տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար: Այսօր Հայաստանում ապրում են սայլակով տեղաշարժվող շուրջ 4000 հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց համար հանրային տրանսպորտը, շենքերն ու շինությունները, նույնիսկ փողոցները շարունակում են մնալ անմատչելի:
Դեռ այն ժամանակ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները խոստացան, որ կզբաղվեն այդ հարցով և Չինաստանից Հայաստան ներկրվելիք 66 ավտոբուսները մատչելի կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ակցիայից անցել է 2 տարի, իսկ Հայաստան ներկրված ավտոբուսները դեռ չեն հարմարեցվել նրանց համար: Քաղաքացիների բոլոր դիմումներն այս հարցի վերաբերյալ մերժվել են՚ պատճառաբանությամբ, որ դրանք գտնվում են երաշխիքային սպասարկման ժամկետում, և չինական կողմը թույլ չի տալիս դրանց վրա համապատասխան աշխատանքներ կատարել:
Չինաստանի կողմից Հայաստանին քաղաքային ավտոբուսների նվիրատվության ծրագրի իրականացման պայմանագրի ուսումնասիրությունից, սակայն, պարզվում է, որ ավտոբուսների երաշխիքային ժամկետը սպառվել է, իսկ պայմանագիրն այլևս ուժի մեջ չէ: Հետևաբար, հայկական կողմն այժմ կարող է առանց խոչընդոտների կատարել հարմարեցման աշխատանքները: Փոխարենը, պաշտոնական գրություններից տեղեկանում ենք, որ Քաղաքապետարանը բանակցում է Չինաստանի կառավարության հետ՝ ներկրված ավտոբուսների վրա վերելակներ տեղադրելու համար թույլտվություն ստանալու նպատակով և չի կարող հստակ ժամկետներ հայտնել, թե երբ են կատարվելու ավտոբուսների հարմարեցման աշխատանքները:
Այսպիսով, հանրային տրանսպորտի հարմարեցման հարցում Երևանի քաղաքապետարանի անգործության պատճառով ամեն օր խախտվում է հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտից անարգել օգտվելու իրավունքը, որն ամրագրված է ինչպես ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով, այնպես էլ ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքով, որի 22-րդ հոդվածում հստակ նշվում է, որ չի թույլատրվում տրանսպորտային միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն:
Պաշտպանի աշխատակազմ




Լրահոս