ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԿԱՅԱՑԱԾ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
Հուլիսի 11-ին «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» նորահայտ կազմակերպությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ հուլիսի 12-ից Հյուսիսային պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում ստորագրահավաք է սկսելու՝ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսին կարգալույծ անելու պահանջով: Սակայն այդ օրը եւ ավելի ուշ նախաձեռնության հեղինակներն այդպես էլ չհայտնվեցին իրենց նշած վայրում: Առայժմ հայտնի չէ` արդյոք նախաձեռնության անդամները բարեխիղճ չէին, թե նրանք ստորագրահավաքը չսկսեցին ինչ-ինչ ճնշումների արդյունքում:

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԱՂՎԱՆԻՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 12-ին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` դատապարտելով Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` Հայ իրավաբանների միջազգային համաժողովի ընթացքում հնչեցրած հայտարարությունները: «Նման բարձր դիրք զբաղեցնող պաշտոնյայի նման հայտարարություններն այդ երկրում տիրող խնդրահարույց տրամադրությունների արտացոլումն են: Այդ մոտեցումները վերաբերում են ինչպես Թուրքիայի տարածքային ամբողջականությանը, այնպես էլ թուրք-հայկական հարաբերություններին: Դրանք նաեւ հակասում են այն պարտավորություններին, որ ստանձնել է Հայաստանը միջազգային կազմակերպությունների առջեւ` որպես ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ անդամ պետություն: Պետք է հստակ ըմբռնել, որ որեւէ մեկը չի կարող հողային պահանջներ ներկայացնել Թուրքիային»,-«Ազատության» հաղորդմամբ` նշված է հայտարարության մեջ:

ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Հուլիսի 14-ին` ժամը 02:20-ի սահմաններում, Երեւանի Փափազյան փողոցից ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1982թ. ծնված Արթուր Մ.-ն՝ իր անձնական օգտագործման «Բենթլի» ավտոմեքենայով, 1986թ. ծնված Վաչագան Ս.-ն եւ 1987թ. ծնված Երվանդ Ս.-ն՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով: Վաչագան Ս.-ն ու Երվանդ Ս.-ն ուղարկվել են ՀՀ ԱՆ նարկոլոգիական դիսպանսեր՝ փորձաքննության, իսկ նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ըստ որոշ տվյալների` «Բենթլի»-ի վարորդ 31-ամյա Արթուր Մ.-ն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, իսկ մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ` Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի դստեր նշանածը: Ի դեպ, նարկոլոգիական փորձաքննության պատասխանը դրական է եղել:

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային: Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինային 2013թ. ԵԱՀԿ նախագահության առթիվ եւ հույս հայտնել, որ Կոժարայի գլխավորած պատվիրակության այցը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերին:




Լրահոս