ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ` ԻՐ ԱՐՅՈՒՆՈՏ ԱԹՈՌԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գյուղապետ էին ընտրում: Ապրիլի 2-ին նախկին գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո գյուղն անցավ ՀՀԿ-ի տիրապետության տակ: Նախնական տվյալներով՝ 70 ձայնի առավելությամբ հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանը, որը սպանված գյուղապետի միակ վաղեմի մրցակիցն էր:
Մինչ սույն օրն անցկացված ընտրությունների ընթացքին անդրադառնալը նշենք, որ  գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո Պռոշյանում բավական լարված եւ բարձիթողի վիճակ էր ստեղծվել: Մի կողմից գյուղապետի սպանության մեջ մեղադրվողի հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում եւ պահանջում գտնել դաշնակցական գյուղապետի իրական սպանողին, մյուս կողմից էլ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը գյուղապետի ժամանակավոր պաշտոնը ստանձնելու համար գյուղապետարան էր ուղարկել գյուղի ավագանու նախկին անդամ Արմենուհի Մելիքյանին, ում պռոշյանցիներն այդպես էլ չընդունեցին:
Սպանված գյուղապետի կողմնակիցները նշում էին, թե մարզպետն իր կարգադրությամբ ավելի խորացրեց լարվածությունը գյուղում, մինչդեռ մարզպետի ուղարկած Արմենուհի Մելիքյանը հայտարարում էր, թե ինքը համաձայնել է դառնալ ժամանակավոր պաշտոնակատար՝ համայնքում առկա լարվածությունը մեղմելու համար: Սակայն ո՛չ մարզպետարանը, ո՛չ էլ «ամենակարող» մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չկարողացան ընդդիմանալ պռոշյանցիներին, եւ արդյունքում Ա. Մելիքյանը հրաժարական տվեց՝ դեռ աթոռին չնստած:
Սա, թերեւս, համայնքում միակ արտառոց դեպքը չէր, որ կատարվել էր գյուղապետի սպանությունից հետո: Մայիսի 12-ին անհայտ անձինք պղծել էին սպանված գյուղապետի շիրիմը՝ վրան գրելով` «պարահանդեսն ավարտված է»:
Իհարկե, դժվար է կանխատեսել՝ Պռոշյանում «պարահանդեսն ավարտված է», թե նոր է սկսվել` հաշվի առնելով այն փաստը, որ, ըստ նախնական տվյալների, գյուղապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանը՝ ստանալով 1310 ձայն: Առաջադրված մյուս երկու թեկնածուներից ՀՅԴ-ական Վովա Սահակյանը հավաքել է 1240 ձայն, իսկ անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը՝ 178 ձայն:
Պռոշյանի  գյուղապետի թեկնածու Վովա Սահակյանը, որին սատարում էր նաեւ սպանված գյուղապետի ընտանիքը, «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ընտրությունների ընթացքը, ասել էր. «Փողը բաժանեցին, որ ՀՀԿ թեկնածուն անցնի, ի՞նչ ընտրություն, Պռոշյանում ընտրություններն ավարտվել են»: Իսկ ավելի ուշ նշել էր, որ իրեն ընտրությունների հետ կապված հարց չտան. «Այդ հարցը տվե՛ք իշխանություններին, թե ում ահաբեկեցին, ում կաշառեցին»:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց խոսել Վովա Սահակյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ ինքը կխոսի միայն քվեաթերթիկների վերահաշվարկից հետո, քանի որ այդ հարցով արդեն դիմել է ԸԸՀ: Իսկ ավելի ուշ նրա շտաբը հայտարարություն տարածեց, որ խիստ վրդովված են ընտրության արդյունքներից եւ այն բողոքարկելու են բոլոր ատյաններում: Սահակյանից տեղեկացանք նաեւ, որ սպանված գյուղապետի հարազատներից միայն վերջինիս կինը չի մասնակցել ընտրությանը: Պատճառն այն է, որ գրանցում չի ունեցել, իսկ մնացած հարազատները մասնակցել են:
Համայնքի ավագանու անդամ Մովսես Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ո՛չ պնդեց եւ ո՛չ էլ ժխտեց ընտրակաշառքի մասին լուրերը. «Անձամբ չեմ տեսել, ոչինչ չեմ կարող ասել»:
Չնայած այս ամենին՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում սպանված գյուղապետի եղբայր Իսրայել Մուրադյանը նշել էր, որ իրենք փորձել են գնալ ընտրակաշառքի հետքերով, սակայն բնակիչները ոչինչ չեն ասել. «Երեկ արդեն փողը բաժանել են, մենք գիտենք, որ բաժանել են, գիշերը՝ ժամը 12-ից 1-ը»:
Գյուղապետի ընտրության արդյունքում ստեղծված լարված մթնոլորտի շուրջ զրուցեցինք ըստ նախնական արդյունքների գյուղապետ ընտրված ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանի հետ: «Նման բան չկա, ոստիկանությունը տարածքը հսկել է, եւ ընտրություններն անցել են թափանցիկ ու, ամենակարեւորը, համերաշխ: Այնպես որ, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե ինչպես է կարողանալու նստել արյունոտ աթոռին եւ ղեկավարել այն, Մուրադյանը պատասխանեց. «Այդ նույն արյունոտ աթոռին նստել է իմ մարտական ընկերը, եւ  ես բազմիցս ասել եմ, որ իմ մարտական ընկերոջ գործը շարունակողն եմ: Մենք ընդամենը մրցակիցներ ենք եղել, այլ բան չի եղել»: Ա.  Մուրադյանը նաեւ հույս հայտնեց, որ ինքը ԺՊ Արմենուհի Մելիքյանի նման խոչընդոտների չի հանդիպի եւ ստիպված չի լինի փախչել գյուղից, քանի որ իրեն «ժողովուրդն է ընտրել»:
Արդյոք հանրապետական թեկնածուն կհանդիպի խոչընդոտների, թե ոչ՝ դժվար է կանխատեսել: Պարզ է միայն, որ Հրաչ Մուրադյանի մահից հետո ՀՀԿ-ականները կարողացան իրենց վաղեմի երազանքը կյանքի կոչել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ




Լրահոս