«ԿԱՏԱՂԱԾ ՑՈՒԼԸ» ԿԱՏԱՂԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը մեջբերել էր «Top Rank» պրոմոութերական ընկերության նախագահ Բոբ Արումի խոսքը, ըստ որի` նոյեմբերին կայանալու էր երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոների եւ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի միջեւ ռեւանշ մրցամարտը: Հիշեցնենք, որ 2007թ. հուլիսին ֆիլիպինցին նոկաուտի էր ենթարկել «Կատաղած ցուլին»` այդպիսով արժանանալով IBF եւ IBO չեմպիոնական գոտիներին:
Բոբ Արումի հայտարարությունից մի քանի օր անց ֆիլիպինցի բռնցքամարտիկը հայտնել է, որ, հնարավոր է, ինքը չկարողանա իջեցնել քաշը` այս տարվա նոյեմբերին Դարչինյանի հետ նախանշված մենամարտի համար: Դրան անմիջապես արձագանքել է երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը` «Կատաղած ցուլը»` նշելով, որ իրեն չեն հետաքրքրում Դոների արդարացումները՝ կապված անձնական քաշի հետ. «Ես դեռ ցանկանում եմ վերացնել քեզ, ճիշտ այնպես, ինչպես ստեղծել եմ: Մի՛ օգտագործիր ստերոիդներ, մտածի՛ր քո ապագայի մասին, եւ ամեն ինչ լավ կլինի քո քաշի հետ: Ուղղակի հիշեցնում եմ քեզ՝ ես եմ քեզ ստեղծել, ես էլ կվերացնեմ: Արդեն վեց տարի է անցել, ինչ ես ցանկանում եմ ռեւանշ մենամարտ անցկացնել: Քեզ նոկաուտի ենթարկելուց հետո մտադիր եմ տիրանալ WBC վարկածով երկրորդ թեթեւքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսին»: Տեսնենք, թե այս անգամ մենամարտից հրաժարվելու ինչ պատճառ կգտնի Դոները:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս