ՀԷԿ-ԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ ՆԱԽԱԳԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոքր հէկ-երի միության նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ, Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական եւ տնտեսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ տարածված խոսակցությունները, թե Հայաստանի տարածքում գործող հէկ-երի մեծ մասի հիմնական սեփականատերը Սերժ Սարգսյանի եղբայրն է, չեն համապատասխանում իրականությանը:
-Տիկի՛ն Նահապետյան, խնդրում եմ ասել, թե Ձեր ո՞ր արժանիքի համար է, որ արդեն որերորդ անգամ Դուք Երեւանի ավագանու անդամ եք ընտրվում, իսկ այժմ էլ հանձնաժողովի նախագահ եք:
-Երեւանի ավագանի եմ ընտրվել երկրորդ անգամ, նույն հանձնաժողովի նախագահ եմ վերընտրվել, արժանիքը, կարծում եմ, նախորդ տարիներին կատարված աշխատանքի գնահատականն է երեւանցիների կողմից:
-Դուք ՀՀԿ-ում համարվում եք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի «փոխարինողը», քանի որ երկուսդ էլ կուսակցական դիրքն օգտագործում եք Ձեր անձնական շահերի համար: Դուք դրա համար Ձեզ վատ չե՞ք զգում:
-Երկու մոտեցումների հետ էլ համաձայն չեմ: Կուսակցական դիրքը երբեւէ չեմ օգտագործել անձնական շահերի համար:
-Այսօր Հայաստանում 35 տոկոս աղքատություն է, Ձեզ ինչպե՞ս եք զգում այդ պայմաններում, երբ Դուք շատ լավ եք ապրում, իսկ Ձեր հայրենակիցները նման վատ վիճակում են:
-Անցել եմ  երկար տարիների աշխատանքային ուղի, ստեղծել եմ կայացած բիզնես, որը  տվել է բազմաթիվ աշխատատեղեր նաեւ մարզերում: Իմ համեստ հնարավորություններով միշտ օգնել եւ օգնում եմ սոցիալապես անապահով խավին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, ուսանողներին եւ ինձ օգնության հարցով դիմող ցանկացած մարդու՝ անկախ սեռից ու տարիքից: Կատարածս բարեգործությունների  մասին  երբեւիցե չեմ բարձրաձայնել, որովհետեւ կարծում եմ, որ դա յուրաքանչյուրիս պարտքն է, իսկ այդ մասին պետք չէ բարձրաձայնել:
-Նեղացա՞ծ չեք Ձեր հարազատ կուսակցությունից, որ իր խոստումը չկատարեց եւ Ձեզ Երեւանի փոխքաղաքապետ չնշանակեց: Այն դեպքում, երբ անձամբ Դուք Երեւանի ավագանու ընտրություններին ակտիվ քարոզչություն իրականացրիք:
-Ի՞նչ խոստման մասին է խոսքը կամ ի՞նչ է նշանակում նեղանալ կուսակցությունից:
-Այժմ բոլորի ուշադրության կենտրոնում է քաղաքային տրանսպորտի թանկացման հարցը: Խնդրում եմ ասել` կոնկրետ որոշում կա՞, թե որքանով է թանկանալու տրանսպորտի ուղեվճարը:
-Տնտեսվարող սուբյեկտներից ստացել ենք առաջարկներ, եւ հարցը դեռեւս քննարկման փուլում է:
-Տեղեկություններ են շրջանառվում, որ ուղեվարձը մոտ 50 տոկոսով թանկանալու է…
-Մոտավորապես հաշվարկն այդպիսին է, բայց դա դեռ վերջնական տարբերակը չէ: Քննարկումից հետո պարզ կլինի:
-Այսօր Հայաստանը բավականին հէկ-եր ունի, մինչդեռ էլեկտրաէներգիան թանկանում է, մի՞թե հնարավոր չէ այդ հէկ-երի միջոցով թանկացման հարցը լուծել:
-Այսօր հանրապետությունում կա 140 շահագործվող հիդրոկայան, ու եւս 70-ը կառուցման փուլում են: Գործող կայանների կողմից առաքվող էլեկտրաէներգիան կազմում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի 10 տոկոսը: Այնպես որ, միայն հէկ-երի արտադրանքով հարցը հնարավոր չէ լուծել:
-Իսկ ովքե՞ր են այսօրվա գործող հէկ-երի սեփականատերերը…
-Նման տվյալներն այսօր շատ հեշտ է ստանալ, դիմում եք պետռեգիստր, կատարում համապատասխան վճարումը եւ ստանում Ձեզ հետաքրքրող հարցերի բոլոր պատասխանները:
-Խոսակցություններ կան, որ Հայաստանի հէկ-երի հիմնական սեփականատերը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանն է:
-Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում եւ կարծում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս